«Սերժ Սարգսյանը, այո՛, մինչև վերջ չի անկեղծանա». Սեդա Սաֆարյանը՝ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հրավերի մասին

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

– Տիկի՛ն Սաֆարյան, Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հրավերը։ Տեսակետներ են հնչում, որ ոչ մի երաշխիք չկա, որ Սերժ Սարգսյանը, գալով քննիչ հանձնաժողով, կասի ողջ ճշմարտությունը։ Ի՞նչ եք դուք կարծում։

– Ըստ իր պնդման՝ ինքը պատրաստ է բոլոր հարցերին պատասխանելու։ Հիշում եմ՝ 2016-ի ապրիլյան օրերին ամուսինս, որ Երկրապահի զինվոր է, գնացել էր և շատ հիասթափված հետ եկավ։ Իրականում զինվորների վիճակը, պաշտպանությունը, կազմակերպվածության աստիճանը, նաև զինվածության մակարդակը շատ էին հիասթափեցրել իրեն, նա մի հետաքրքիր բառ էր ասում, ասում էր՝ բահի կոթ էլ չունեինք։ 

Խոսում ենք, որ լավ զինված ենք, բայց, փաստորեն, ստացվում է, որ մենք չենք ունեցել սպառազինություն, ինչի մասին խոսում են։ Գիտեք՝ մենք չենք ասում՝ ադրբեջանցիներն ինչու հարձակվեցին, կամ որ պետք է ասեին՝ նոր հարձակվեին, մենք ասում ենք՝ մենք սահման պահող ժողովուրդ ենք, մենք սահման պահող զինվոր ունենք, մեր զինվորը պետք է հնարավորինս ապահովված լինի առաջին անհրաժեշտության իրերով՝ զենքով, զինամթերքով, որի արդյունքում մենք գուցե դրա կեսը կամ կեսի կեսը զոհեր ունենայինք։ Եվ այս խնդիրը պետք է քննիչ հանձնաժողովը վեր հանի, տեսնենք՝ մենք ինչ սխալներ ենք թույլ տվել, որ հետո այդպիսի սխալներ թույլ չտանք։ 

Ես, իհարկե, հակված եմ այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանը, այո՛, մինչև վերջ չի անկեղծանա։ 

Այդ գիշեր, որքան հասկանում ենք, Սերժ Սարգսյանի հեռախոսն անհասանելի է եղել, և անհասանելիությունը շատ մտահոգիչ խնդիր է, որովհետև երկրի անվտանգությանը վտանգ է սպառնում, իսկ երկրի նախագահը, չգիտես ինչու, Հայաստանից դուրս է՝ քիչ է, մի հատ էլ երկրի համար ծանր իրավիճակում չի պատասխանում հեռախոսազանգերին։ 

Ինչ-որ մութ բան կա, և կուզեինք իմանալ դա։ Գուցե մութ չէ, թող լուսավորի մեզ, գուցե մեր կասկածները հիմնավոր և ողջամիտ չեն, մենք էլ կհասկանանք, թե ինչ է կատարվել։ Բայց որպեսզի ծնողների մոտ չմնան չփարատված հարցեր, ցանկալի է, որ երկրի նախագահը այդ օրերին վերաբերող հարցերում անկեղծանա։ 

Եվ սարսափելի է մտածել, որ այս քսան տարիների ընթացքում բացառապես այդ վատ բաներին ենք ականատես եղել։ Եթե համեմատում ենք 90-ականների հետ, 90-ականներին գոնե ունեցել ենք հաղթանակներ, հետևապես, այնպես չէ, որ ես 90-ականների գովքն եմ անում, մենք գիտենք նաև, որ դա իր հետ բերեց շատ արատներ, բայց ես ուզում եմ ասել, որ վերջին 20-25 տարիների իշխանություններին վատ աուրայով ենք հիշում՝ և՛ նրանց դերը մեր երկրի քաղաքական կյանքում, և՛ ընդհանրապես նաև իրավական համակարգում։

– Տիկի՛ն Սաֆարյան, քննիչ հանձնաժողովի եզրակացությունները կարծես թե չեն ունենա իրավական հետևանքներ, և գուցե մեղավորները այդպես էլ պատասխանատվության չկանչվեն։ Մտահոգիչ չէ՞։

– Ես այդ կարծիքին չեմ։ Եթե լինեն այնպիսի նյութեր, որոնք հանցագործության հատկանիշների մասին վկայեն, չեմ կարծում, թե ԱԺ պատգամավորները հենց միայն պատգամավոր լինելու ուժով ի զորու չեն դա ներկայացնել դատախազություն և վարույթ սկսեն։

Ես կարծում եմ, որ եթե լինեն լուրջ խնդիրներ, պաշտոնական հանցագործության հատկանիշներ, պաշտոնեական դիրքի չարաշահումներ և այլն, ռազմական հանցագործություններ, կարծում եմ, որ կլինեն այդպիսի քրեական գործեր։ 

Դուք գուցե ուզում եք առանձին հստակեցված մեխանիզմ լինի, բայց ես չեմ կարծում, որ այսօրվա մեր իրավապահ համակարգը զրկված է զինվորական հանցագործություններով գործեր քննելու հնարավորությունից։

– Մյուս կողմից էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ սառեցրեք այդ հանձնաժողովի գործունեությունը՝ գրգռություն չառաջացնելու համար։ Սա գրգռո՞ւմ է հանրությանը։

– Ես բացարձակ այն կարծիքին չեմ, որ հասարակությունը գրգռված է քննիչ հանձնաժողովի գործունեությունից, ընդհակառակը, կարծում եմ, որ ավելի շատ հակված է իմանալու և հասկանալու, թե մեր երկրի անվտանգությունն ինչ մակարդակի վրա է, մեր զինվածության մակարդակն ինչպիսին է, և ընդհանրապես ուզում եմ հասկանալ, թե 2016-ի ապրիլյան օրերին մեր զոհերի թիվը կամ մեր զինվորների զոհվելու հանգամանքները արդյոք այնպե՞ս են, ինչպես ներկայացվում են։ 

Շատ կարևոր է, որ ծնողն իմանա իր երեխայի հետ պատահածը։ Բոլորս գիտենք, որ հետ բերելու բան չունենք, բայց նաև գիտենք, որ հետո մեր սխալներից այլևս չենք կրկնի այն, ինչ արել ենք։ Եվ այդ առումով մեր հանրությունը կլիցքաթափվի, երբ այս բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվեն։

– Կարծում եք՝ քննիչ հանձնաժողովն արդյունքներ կգրանցի։ Ի դեպ, Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ քննիչ հանձնաժողով։

– Տեսնում եք՝ ի՞նչ է նշանակում հրաժարվեց, մի ամբողջ ժողովուրդ ակնկալում է, որ Յուրի Խաչատուրովն ասելիք ունի, բայց պարզվում է, որ Յուրի Խաչատուրովը կարողանում է մերժել, ես կարծում եմ, որ պատահական չէ, որ Յուրի Խաչատուրովը «Մարտի 1»-ի ամբաստանյալների թվում նույն մեղադրանքի շրջանակում է դատապարտվում, որովհետև որքան էլ թերագնահատենք այս չորս անձի դերը, միևնույն է՝ երկրում իշխողը նրանք են եղել, և երկրում հետևանքներ առաջացնող գործողությունները նրանց գործողություններով են պայմանավորված։ Շատ վատ է, որ Յուրի Խաչատուրովը մերժեց, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե հանկարծ պարզվի, որ Յուրի Խաչատուրովի քայլերում քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ կան, քննիչ հանձնաժողովը կներկայացնի այն համապատասխան մարմիններ. դրանով Յուրի Խաչատուրովը չփրկվեց և չօգնեց ինքն իրեն, և քիչ է՝ ժողովրդին չօգնեց, չօգնեց նաև իրեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am