Նոր Սահմանադրություն․ ինչն է փոխվում, ինչը՝ մնում անփոփոխ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Չնայած նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին երկարատև հայտարարություններին՝ երկրի կառավարման հիմնական համակարգը գրեթե չի փոխվում. Հայաստանը մնում է խորհրդարանական հանրապետություն, իսկ վարչապետի լիազորությունների էական սահմանափակումներ չեն առաջարկվում։

Փոխարենը նախատեսվում են մի քանի սկզբունքային փոփոխություններ։

Առաջինը՝ Սահմանադրությունից հանվում է Անկախության հռչակագրի հիշատակումը։ Գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվում է՝ հիմք ընդունելով Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու համազգային նպատակները։ Նոր նախագծում այդ հղումն ամբողջությամբ բացակայում է։

Սա համընկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային պահանջին, որը նա ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման նախապայման։ Հայաստանի իշխանությունները, իրենց հերթին, պնդում են, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։

Երկրորդ՝ Սահմանադրությամբ ամրագրվում է արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքի արդեն գործող սահմանափակումը։ 2026 թվականի հուլիսին ընդունված օրենքներով Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանվել է Հայաստանում բնակվելու պահանջ՝ որոշ բացառություններով։

Այսպիսով, օրենքով արդեն սահմանված սահմանափակումը տեղափոխվում է Սահմանադրություն, ինչն այն հետագայում փոխելը կդժվարացնի։

Երրորդ՝ հնարավոր է դառնում Հայաստանի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից։ Գործող Սահմանադրությունը դա հստակ արգելում է։ Նոր նախագծով առաջարկվում է դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկել սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Չորրորդ՝ փոխվում է Սահմանադրության հետագա փոփոխության կարգը։ Նոր նախագծով բոլոր սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն պարտադիր է դառնում, իսկ անհրաժեշտ կողմ ձայների նվազագույն շեմը բարձրացվում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդից մինչև մեկ երրորդը։ Սակայն ընտրական իրավունքի սահմանափակումների պատճառով կարող է փոխվել նաև այդ քաղաքացիների ընդհանուր թիվը։

Հինգերորդ՝ Ազգային ժողովը կկարողանա անմիջականորեն պաշտոնանկ անել առանձին նախարարների։ Գործող կարգով խորհրդարանը կարող է միայն վարչապետին առաջարկել քննարկել նախարարի պաշտոնավարման հարցը։ Նոր նախագծով պատգամավորների մեծամասնությունը կկարողանա անվստահություն հայտնել նախարարին և դադարեցնել նրա լիազորությունները՝ առանց վարչապետի հրաժարականի հարցը բարձրացնելու։

2015 թվականի Սահմանադրությունը ժամանակին քննադատվում էր որպես Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում։ Փաստորեն առաջարկվող  փոփոխություններով կոստյումը շարունակում է մնալ՝ որոշակի ձևվածքի փոփոխություններով։

MediaLab.am