«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը
– Պարո՛ն Խաժակյան, վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի քննիչները միաժամանակյա խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում, ինչպես նաև ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում: Նարեկ Կարապետյանը այս ամենը կապում է օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, որ ինքը կհամոզի ընդդիմությանը կողմ քվեարկել Սահմանադրության տեքստը հանրաքվեի դնելու գործընթացին: Դուք ինչո՞վ եք բացատրում այս խուզարկությունները:
– Միանշանակ, երբ Փաշինյանն ասում էր, որ պետք է համոզեն ընդդիմությանը, որպեսզի նրանք միանան այդ օրակարգին, ու ասում էր, որ հանրային ճնշում պետք է գեներացնեն, ինքը շատ լավ գիտակցում է, որ հանրային ճնշում նման հարցով չի կարողանա կիրառել ընդդիմության վրա: Եթե կարողանար՝ դեռ Եկեղեցու հետ կապված հարցերում այդ ճնշումը կգեներացներ, իշխանությունը չունի նման ռեսուրս, իշխանությունը ունի իրավապահ համակարգի ռեսուրսը ու դրանով է փորձում «համոզել» ընդդիմությանը, փորձելով ըստ ամենայնի տանել առևտրի առ այն, որ եթե համաձայնեն Սահմանադրության փոփոխությունների օրակարգին՝ ճնշումները կդադարեն:
– Իսկ այս կերպ իշխանությունը կկարողանա՞ համոզել ընդդիմադիրներին:
– Ես հույս ունեմ, որ ընդդիմությունն անկոտրում կմնա, որովհետև իշխանությունը դիմում է ակնհայտ մանիպուլյացիայի, ասելով, որ ընդդիմությունը պետք է թույլ տա, որ ժողովրդի դատին հանձնեն այդ Սահմանադրությունը, բայց պետք է հաշվի առնենք, որ ընդդիմադիր մանդատը ի սկզբանե դեմ է եղել այս օրակարգին, դա շատ ակնհայտ է, հետևաբար, հիմա ինչո՞ւ ընդդիմությունը դա պետք է հանի հանրաքվեի:
Եթե այդպես է, ապա ընդդիմությունն էլ կարող է առաջարկել վարչապետին վստահության հանրաքվե նշանակել՝ ընտրությունների միջոցով: Վստահաբար իշխանությունը չի համաձայնի, կասի, որ իրենք ստացել են մանդատ դրա վերաբերյալ, նույնպիսի մանդատ ստացել է ընդդիմությունը՝ թույլ չտալու այդ օրակարգի անցկացումը, ու սա է եղել հիմնական պատճառը, որ իշխանությունը չի կազմել սահմանադրական մեծամասնություն:
– Իշխանությունը չունի ռեսուրս, որ հանրային ճնշում գեներացնի, որովհետև իշխանությանը չե՞ն վստահում, թե՞ հանրությունն ուղղակի անտարբեր է կատարվող իրադարձությունների նկատմամբ:
– Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխությունների այս օրակարգը չի սպասարկում ժողովրդի շահը, այս փոփոխությունները որևէ կերպ մարդկանց կյանքի որակի կամ պետության, ինչպես իրենք են ասում՝ հարատևությանը չեն նպաստելու: Քվեարկել կողմ այդ Սահմանադրության փոփոխությանը, նշանակում է օգնել Փաշինյանին կատարել իր տված խոստումը արտաքին դերակատարներին, որոնք հիմա պահանջում են այդ օրակարգի իրացումը:
Ի վերջո, երբ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր այս մասին, մեկ նպատակ ուներ՝ ցույց տալ արտաքին աշխարհին, այդ թվում և Ադրբեջանին, որ ընտրվելու պարագայում կանցկացնի այդ փոփոխությունը: Բայց այս փոփոխություն անցկացնողն ու հասցեատերը միայն Փաշինյանը չէ, պարզապես այն ակումբում, որը կոչվում է երրորդ ժամկետի գնացած լիդերների ակումբ, որևէ լիդեր չի կարող ասել, որ ինքը չի կարող սահմանադրական հանրաքվե անցկացնել կամ չի կարող ազդել ընտրության արդյունքների վրա: Սրա համար էլ Փաշինյանի փաստարկներին այնտեղ չեն հավատում, չեն հավատա, թե ինքը չի կարող լուծել հանրաքվեի դնելու հարցը, կմտածեն թե իրենց հերթական անգամ փորձում են գցել: Սրա համար է, որ ինքը փորձում է այս միջոցներով ազդել ընդդիմության վրա, որը, կարծում եմ, չի ստացվի:
– Այդ դեպքում ինչպե՞ս է իշխանությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու:
– Ես այդ գործընթացի ի կատար ածման ճանապարհը չեմ տեսնում նախ այն պատճառով, որ չունեն սահմանադրական մեծամասնություն, երկրորդ՝ չեմ տեսնում այն պատճառով, որ չեմ էլ կարծում, թե հավաքական հայ ժողովուրդը կգնա ու «այո» կասի մի Սահմանադրության, որն արտաքին ճնշմամբ է պայմանավորված:
Ավելի իրատեսական է արտահերթ ընտրությունների գնալու Փաշինյանի օրակարգը, որովհետև հիմա ընդդիմությանը ճնշելու գործիք չունի, լիդերներին արդեն կալանավորել են, թիմակիցներին՝ ճնշել: Կգնան արտահերթ ընտրությունների ու ամեն գնով թույլ չեն տա, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի ընտրություններին, ու Հայաստանը կմիացնեն ավտոկրատ երկրների շարքին, որտեղ չորրորդ ժամկետ կգնա գործող իշխանությունը, ու ընդդիմություն որպես այդպիսին չի լինի: Բայց այս ամենի համար էլ է պետք լեգիտիմության բավարար ռեսուրս, որն այս իշխանությունը չունի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















