«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը
– Պարո՛ն Մինասյան, երեկ ՀՀ վարչապետը Ֆրանսիայում էր, տեղի ունեցավ հայ-ֆրանսիական համաժողով, որին մասնակցում էր նաև Ֆրանսիայի նախագահը: Դրան նախորդել էր երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումը: Ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետի այցը Ֆրանսիա և հանդիպումներն ընդհանրապես:
– Երկու հանգամանք կարող ենք շեշտել: Առաջինը՝ Հայաստանը ծանր վիճակում է, և այսօր գլխավոր խաղացողը տարածաշրջանում Ադրբեջանն է: Ցավալի է, բայց այդ երկիրը ավելի մեծ կարևորություն ունի Եվրոպական միության համար, քան Հայաստանը: Դա է պատերազմի հետևանքը: ԵՄ-ն այսօր նախագահում է Ֆրանսիան, և Ֆրանսիան միշտ է ցանկացել հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Նաև՝ չպետք է մոռանալ, որ Էմանուել Մակրոնն այժմ նախագահական ընտրությունների քարոզարշավում է՝ որպես առաջադրված թեկնածու: Նա, վստահաբար, փորձ է անում շահել ֆրանսահայ համայնքի վստահությունը, ստանալ նրանց քվեները:
Երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանի համար շատ կարևոր էր երեկվա համաժողովը, որը վաղուց ծրագրված էր: Դա կարող է փրկել Հայաստանի ինքնիշխանության գործընթացը:
Հայ-ֆրանսիական հարաբերությունները մինչև պատերազմն ունեին այլ բովանդակություն, ավելի շատ քաղաքական, դիվանագիտական էին, որի առանցքում էր նաև Ցեղասպանության հարցը: Բայց պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և երեկվա համաժողովի բովանդակությունը ցույց է տալիս, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ստանում են մարդասիրական, տնտեսական բովանդակություն:
Ես նաև ֆրանսիական կողմում եմ տեսնում հատուկ մարտավարություն՝ խոսել տնտեսական հարցերի մասին, բայց ոչ քաղաքական: Համենայնդեպս, հանրային հարթակներում այդպես է: Հայաստանի ապագան կապված է տնտեսության զարգացման հետ:
Բացի այդ, ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Ֆրանսիան ցանկանում է ցույց տալ, թե հետաքրքրված է տարածաշրջանի ապագայով:
– Դուք Հայաստանի ինքնիշխանության մասին նկատեցիք ձեր խոսքում, կարծում եք՝ այդ առումով վտանգի տա՞կ է Հայաստանը:
– Քանի որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ինքնիշխան պետության վրա, չհարգելով միջազգային իրավունքի նորմերը, նշանակում է՝ Մոսկվան ուղերձ է հղում իր բոլոր հարևաններին՝ եթե դուք շատ հեռուն գնաք, այդպիսի վտանգի առջև եք կանգնելու:
Երկու տարի առաջ նույնը կատարվեց Հայաստանի հետ: Անշուշտ Հայաստանի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է: Ռուսաստանը, գիտեք, երբեք չճանաչեց սովետական նախկին հանրապետությունների անկախությունն ու ինքնիշխանությունը: Այո՛, թղթի վրա ճանաչել է, բայց հոգեբանորեն չի ճանաչել այդ երկրների անկախությունը:
Եվ այժմ Պուտինի ցանկությունն է հետ բերել սովետական կայսրությունը, պատմական Ռուսաստանը: Սա է իրականությունը: Սակայն այս պատերազմի հետևանքով Ռուսաստանը շուտով ծանր վիճակում է հայտնվելու, և սովետական նախկին հանրապետությունները պետք է վերանայեն հարաբերությունները աշխարհի մյուս երկրների հետ: Հետևաբար, հայ-ֆրանսիական համաժողովը պետք է դիտարկել այս համատեքստում:
– Այսինքն՝ դուք Հայաստանի ապագան տեսնում եք Եվրոպայի հետ համագործակցությա՞ն համատեքստում:
– Ո՛չ, ո՛չ, Հայաստանը և տարածաշրջանի բոլոր երկրները նախևառաջ պետք է մտածեն իրենց տնտեսության, կրթության զարգացման մասին, որովհետև Արևմուտքը երբեք իրենց փոխարեն պատերազմ չի անի: Տեսնում եք Ուկրաինայում տեղի ունեցածը:
Դա անկախ, ինքնիշխան պետություն էր, որը չկարողացավ իր ցանկալի ձևով զարգացնել պետությունը, որովհետև ռազմականացրեց իր ապագան, մեկ օր նայում էր դեպի Արևմուտք, մյուս օրը՝ դեպի Ռուսաստան: Միևնույն է, երկու դեպքում էլ պատերազմն անխուսափելի է լինում:
30 տարի այդպիսի քաղաքականություն է վարել Հայաստանի քաղաքական իշխանությունը: Հայաստանը միշտ եղել է ռուսամետ պետություն, և պատերազմն անխուսափելի է եղել: Երկու անգամ՝ 2016-ին և 2020-ին:
Ո՞րն է ելքը: Զարգանալ ինքնուրույն, զարգանալ՝ առանց առաջնահերթություն տալու այս կամ այն ուղղությունների, զարգացնել անվտանգությունը: Բայց հարց է՝ սովետական նախկին հանրապետությունները կկարողանա՞ն ամբողջական պետություն լինել, թե՞ ոչ:
– Ի՞նչ եք կարծում, ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Հայաստանն այս տարածաշրջանում մանևրելու տեղ ունի՞, օրինակ՝ ինքնիշխանությունը չվտանգելու համար:
– Հայաստանը միշտ մանևրելու տեղ ունի: Միշտ, նույնիսկ եթե միջանցքը նեղ է, միշտ տեղ կա: Բայց պետք է ընդգծեմ, որ այսօրվա վիճակը, որ Հայաստանում կա, կապված է իր վերջին 30 տարիների հետ, այդ տարիների հետևանքն է:
Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակից սկսեց Հայաստանի տկարացումը: Մենք կարծեցինք՝ Հայաստանը զարգանում է, բայց ճիշտ հակառակը եղավ: Ինչո՞ւ այդպես եղավ, որովհետև Հայաստանը երբևէ ինքնիշխան քաղաքականություն չի վարել, իր ճակատագիրը կապել է Ռուսաստանի հետ: Այսինքն՝ ռազմական հարցերում Հայաստանն իր ճակատագիրը վստահեց Ռուսաստանին, իսկ դիվանագիտության մեջ՝ միջազգային համայնքին:
Բայց իր քաղաքական շահը չպաշտպանեց, որը շատ պարզ էր՝ կառուցել, զարգացնել իսկական պետություն, պայքարել կոռուպցիայի դեմ, ճանաչել Արցախի անկախությունը: 1994-ին կարելի էր ճանաչել Արցախի անկախությունը: Ինչո՞ւ չարեց, որովհետև մենք աշակերտ ենք, աշակերտի պես կվարվենք, մենք վախենում ենք իրականությունից, մենք վախենում ենք, որ մեզ հետ վատ ձևով կխոսեն:
Ինչ ունենք այսօր, ինչ չունենք այսօր՝ մեր անպատասխանատվության հետևանքն է, գլխավորապես՝ քաղաքական վերնախավի անպատասխանատվության:
Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ ձևավորել պետություն, Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին վաճառեց Հայաստանի անկախությունը՝ բոլոր էներգետիկ ռեսուրսները տալով Ռուսաստանին, զարգացրեց կոռուպցիան, իսկ Սերժ Սարգսյանը քնեցրեց Հայաստանը, ավելի կատարելագործեց կոռուպցիան:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am