«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, գործադիրի այսօրվա նիստում որոշում ընդունվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչել, Փաշինյանն էլ հավելել է, որ իրենք նպատակ չունեն այն մասնավորին հանձնելու: Ի՞նչ ասել է գերակա շահ ճանաչել, ու ի՞նչ է հետևելու այս որոշմանը:
– Եթե մենք հիշենք, թե ինչպես սկսվեց ՀԷՑ-ի պետականացման գործընթացը, ապա կտեսնենք, որ անդադար, հատկապես առաջին փուլում, արվում էին քաղաքական հայտարարություններ, ինչը հետևել է Սամվել Կարապետյանի արած առաջին քաղաքական հայտարարությանը, որից անմիջապես հետո իշխանությունը սկսեց հայտարարել՝ որպեսզի ՀԷՑ-ը քաղաքական նպատակներով չօգտագործվի, այն պետք է ազգայնացնենք:
Այսպիսով, այս ամենի մոտիվն ի սկզբանե քաղաքական է եղել, այստեղ կա նաև աշխարհաքաղաքական հանգամանքը, քանի որ դա եղել է ռուսական ծագման կապիտալ, ապա այսօրվա քաղաքական կուրսի պարագայում ընդունելի է համարվում ռուսական ծագմամբ քաղաքական կապիտալը վերցնելը, դա իշխանություններն արել են: Այսինքն՝ այստեղ առկա է ներքին ու արտաքին քաղաքական բաղադրիչ, բայց այս ամենը տնտեսական բաղադրիչ չունի, որովհետև ՀԷՑ-ում ինչ խնդիրներ եղել են, մինչև հիմա նույնն են մնացել:
Այնտեղ ներդրումներ արվում էին հիմնականում Սամվել Կարապետյանի կողմից ու հիմնականում՝ իր մյուս բիզնեսների հաշվին, հիմա արդեն այդ ներդրումները պետք է անի պետությունը, այսինքն՝ պետության վրա ծանրացավ այդ բեռը, իսկ ՀԷՑ-ը երբեք եկամտաբեր չի եղել: Ուստի այս որոշման վերաբերյալ ես միայն բացասական բան կարող եմ ասել, եթե անգամ այս ամենը պետք է արվեր, ապա այսպես միակողմանի, մասնավոր ունեցվածքն ուղղակի հափշտակելով չէր կարելի անել:
Գերակա հանրային շահը ենթադրում է, որ պետք է լինի փոխհատուցում, ինչը այս պարագայում չկա, հետևաբար սա բացասաբար է ազդելու նաև ներդրումային միջավայրի վրա: Ներդրողները նայում են հետևյալին. եթե քաղաքական պատճառներով այս կամ այն բիզնեսը ենթարկվում է ճնշումների, ապա դա, եթե ոչ այսօր, գուցե վաղը վերաբերի նաև իրենց բիզնեսներին, ստացվում է, որ մասնավոր սեփականությունը պաշտպանված չէ: Մենք սա տեսնում ենք նաև Գագիկ Ծառուկյանի բիզնեսների պարագայում,այսպիսով սա լուրջ խնդիր է, որը տնտեսական որևէ օգուտ չի բերելու ու պայմանավորված է միմիայն քաղաքական դրդապատճառներով:
– Որ ասում եք՝ գերակա շահը ենթադրում է փոխհատուցում, ո՞ւմ պետք է փոխհատուցում տրվի, Սամվել Կարապետյանի՞ն:
– Ումից որ վերցնում են, տվյալ դեպքում, այո՛, Սամվել Կարապետյանին: Եթե ինչ-որ մի բան ճանաչվում է հանրային գերակա շահ, սա նշանակում է, որ, այո՛, պետությունն ունի ինչ-որ լուրջ կարիք, եթե, օրինակ՝ ՀԷՑ-ն անցած տարի լավ չաշխատեր, հիմա աշխատեր, ես կասեի՝ լավ, չէր կարողանում էներգամատակարարումն ապահովել, բայց դա չկա, եթե անգամ այդ խնդիրը լիներ, ապա դա պետք է լիներ երկկողմ պայմանավորվածության արդյունքում:
Իրավական պետության մեջ իշխանությունը իշխում է օրենքներով, օրենքը բացատրում է, թե ինչպես պետք է իշխանությունը գործի, այլ ոչ թե ինչպես ասում է վարչապետը, այդպես պետք է լինի: Նման բան լինում է թերզարգացած երկրներում, որտեղ իրավական նորմեր չեն գործում: Այսպիսով, փոխհատուցումը պետք է լինի այն պարագայում, եթե որևէ բան պետությունը համարում է գերակա շահ, ուրիշ խնդիր, որ այդտեղ կարող է վեճ լինել, թե որքանով է արդար այդ փոխհատուցումը:
– Պարո՛ն Միքայելյան, ասացիք, որ այս գործընթացը տնտեսությանը օգուտ չի բերելու, իսկ կոնկրետ ռիսկերը կամ վնասները որո՞նք են լինելու:
– Առաջինը լինելու է այն, որ պետության վրա նոր բեռ է գալիս, եթե առաջ ենթակառուցվածքների մեջ ներդրումներ էր անում Սամվել Կարապետյանը, ապա դա հիմա պետք է արվի պետության կողմից, ինչը ենթադրում է, որ պետության կողմից պետք է ավելի շատ ծախս լինի, օրինակ՝ էլցանցի բարելավման կամ ապահովման համար:
Երկրորդ ռիսկը ներդրումային միջավայրի վրա ազդեցությունն է. Հայաստանը տնտեսության ազատության ինդեքսում վերջին տարիներին զգալի հետնահանջ է արձանագրել, ու այս դեպքն ակնհայտորեն ևս բացասաբար է ազդելու: Արտաքին ներդրումները, այսինքն՝ օտարերկրյա ներդրումները, որոնք վերջին տարիներին բավականին քիչ են՝ ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով են միջինացված, ավելի են քչանալու, որովհետև եթե ներդրողները մտավախություն ունենան, որ մի օր իրենց բիզնեսն էլ են խլելու, ապա պարզ է, որ կսկսեն Հայաստանում ներդրումներից խուսափել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















