Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։ Հայաստանի հարավային տնտեսական սահմանին մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում։ Այստեղ նույնպես, ինչպես հանրապետության հյուսիսային անցակետերում, արդեն գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը։
Այս հարթակի օգնությամբ հսկողական փուլերից որևէ մեկը չի կարող շրջանցվել։ Լինի մաքսային զննություն, թե կշռում՝ բոլոր գործողությունների վերաբերյալ տեղեկությունն ամբողջացվում է, և հետո միայն թույլատրվում բեռնատարի ելքը։
Մաքսակետի վարչական շենքում ՊԵԿ նախագահը ծանոթացել է նաև քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին։
Աշխատանքային շրջայցը Ռուստամ Բադասյանն ամփոփել է Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակազմի հետ հանդիպմամբ։ Նա ընդգծել է մաքսային յուրաքանչյուր ծառայողի կատարած աշխատանքի կարևորությունը և հորդորել վստահորեն շարունակել ծառայությունը՝ մաքսային գործընթացների անխափան իրագործումն օրենքով վերապահված իրավասությունների շրջանակում ապահովելու նպատակով։