Պետնախարարն անդրադարձել է 100 օրից ավելի շարունակվող շրջափակման հետևանքներին ու Ադրբեջանի իրական նպատակներին

Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ պատրվակներով արդեն 102 օր փակ է Արցախը Հայաստանին կապող միջանցքը, արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, իսկ  Արցախի ժողովուրդը գերության՝ մեջ:Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»:

Այս մասին այսօր՝ մարտի 23-ին տեղի ունեցած հեռուստակամրջի ընթացքում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից շրջափակված  այդ ճանապարհն ունի բազմակի նշանակություն, քանզի Արցախում դրանից են ծնվում կյանքը, անվտանգությունը, մարդու կենսաապահովման նվազագույն պայմանները, առհասարակ տարրական պայմանները:

«Սրանք պարզագույն իրավունքներ են, որոնք թվում է, թե ունեն դարերի պատմություն, բայց սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհում փորձ է արվում ազատականացնել սահմանները, և բոլոր պետությունները ձեռնարկում են բոլոր միջոցները աշխարհը տեսնելու և աշխարհի հետ հարաբերվելու համար: Մարդու կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու ու պահպանելու համար հասանեի են դարձնում բոլոր բուժհաստատությունները, անկախ դրանց գտնվելու վայրից: Սա նորմալ է, մարդը աշխարհի համար բարձրագույն արժեք է: Թվում է, թե մարդը, բայց ոչ Արցախում ապրող մարդը: Որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, որ մենք ինչ-որ բան ենք պահանջում: Առհասարակ, մենք այս իրողության հետ ապրում ենք տևական տարիներ: Երբևէ աշխարհից չենք աղերսել, չենք խնդրել, չենք պահանջել:

Ուղղակի շարունակել ենք ապրել, հույսով որ այդ ամենը մի օր Արցախում ապրողի համար ևս բացառություն չի լինի: Բայցևայնպես, այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում մարդուն հասանելի է ծնված օրից և պետության կողմից երաշխավորվում է մինչև նրա մահ, մեր դեպքում սերունդների կյանք է արժենում, տառապանքներ ու ցավ է արժենում: 2022 դեկտեմբերի 12-ից անցել է 102 օր, որի ընթացքում Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանի հետ կապից: Դա արցախցիների իրավունքների նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ տարրերից մեկն է կազմում»,-ասել է պետնախարարը:

Նրա խոսքով՝  իրականում Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացում, որը տեղի է ունենում էներգամատակարարման և գազամատակարարման պարբերաբար խափանումների, ներքին ու արտաքին հեռավար կապի միջոցների համար խոչընդոտներ ստեղծելով, Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ: 

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի կողմից կիրառվում է ռազմական ուժ և դրա   կիրառման  սպառնալիք: Դա ոչ միայն կատարվում է փաստացի գործողություններով, այլև ուղեկցվում է Ադրբեջանի ղեկավարության խոսքով: Արցախում գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնում են շփման գծի մոտ՝ ադրբեջանցիների կրակոցների ներքո:

Այդ ընթացքում ունեցել ենք մահվան ելքով դեպք, գյուղատնտեսական տեխնիկայի ոչնչացման բազմակի դեպքեր, այդ գործողությունները շարունակվում են մինչ օրս, երբ գյուղացիները փորձում են գարնանացան աշխատանքներով ապահովել իրենց ընտանիքների կարիքները: Ուժի կիրառման ականատեսը եղանք նաև օրեր առաջ, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին և կազմակերպված գործողությամբ սպանեցին ԱՀ ոստիկանության երեք ծառայողի, իսկ մեկին վիրավորեցին»,-ընդգծել է Գ. Ներսիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նպատակներից է նաև  արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն ու  վախի մթնոլորտ ստեղծելը, որը դրսևորվել է բարձրախոսներով շփման գծի մոտ գտնվող բնակավայրերին ուղղված  սպառնալիքներով, անկանոն կրակոցներով, քաղաքացիական անձանց սպանություններով, վիրավորումների դեպքերով, գերեվարված անձանց սպանություններով ու խոշտանգմամբ: 

«Եվ երբ այդ ամենին զուգահեռ Ադրբեջանը սկսում է խոսել խաղաղ գոյակցության մասին, բացահայտորեն ցույց է տալիս իր նպատակը և ծրագրերը: Շատ հաճախ այդ ամենը գիտակցելու և հասկանալու համար մեծ ջանք չի պահանջվում, քանզի Ադրբեջանն առանձին դեպքերում իր հրապարակային խոսքում չի թաքցնում:  Նրա նպատակն Արցախի էթնիկ զտումն է, ընդհուպ՝ մինչև ցեղասպանություն: Արցախը նրանց պետք է առանց հայերի կամ առավելագույնը քիչ թվով հայերով: Դրա համար դիմում են բոլոր միջոցներին, Արցախը հայաթափելու նպատակով: Սա մի նպատակ է, որի իրագործման համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,-փաստել  է պետնախարարը: