«Պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության մասին». Հովհաննես Մանուկյան

«Պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության մասին». Հովհաննես Մանուկյան
«Պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության մասին». Հովհաննես Մանուկյան

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ լրագրողի աշխատանքը ամենառիսկային և ամենավտանգավոր գործունեության տեսակներից է:

Նորագույն պատմությունը վկայում է, որ դա համաշխարհային պրոբլեմ է. Դինքը, Գոնգաձեն, Պոլիտկովսկայան, Ֆոուլին, Սոթլոֆը … Հիշենք նաև մեր հայկական իրականության պայծառ դեմքերին՝ Վարդգես Պետրոսյան, Տիգրան Հայրապետյան, Տիգրան Նաղդալյան: Եվ ցավոք այս ցանկը եզակիների ցանկ չէ, այն ներառում է իրենց աշխատանքի և մասնագիտության հարյուրավոր, նույնիսկ հազարավոր նվիրյալների, ովքեր զոհ գնացին իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, կամ դրա արդյունքում ծնված ագրեսիայի հետևանքով:

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Եվս մեկ անգամ պարտավոր ենք բարձրաձայնել լրագրողների անվտանգության, նրանց իրավունքների պաշտպանության, նրանց հանդեպ բռնությունների բացառման անհրաժեշտության մասին: Այսօր, քան երբևէ մեր երկիրն անհրաժեշտություն ունի պրոֆեսիոնալ և ազնիվ լրագրողների, ովքեր ոչ միայն ապահովում են խոսքի ազատության իրավունքի իրական ռեալիզացիան, ովքեր ոչ միայն հնարավորություն են տալիս հասարակությանը տեղեկություններ ստանալ, այլև իրենց ամենօրյա գործունեությամբ ապահովում են մեր քաղաքական, հասարակական և այլ համակարգերի իմունիտետը:

Պետության պարտականությունն է ստեղծել լրագրողական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական, անվտանգության և բոլոր մնացած երաշխիքները: Սակայն այս հարցում՝ բացի պետական հոգածությունից, կարևոր հանգամանք է նաև լրագրողական համերաշխությունը, ինչը մասնագիտական բարձր որակի ցուցանիշ է: Ցավոք դիտարկումները փաստում են, որ միջլրագրողական համերաշխությունը դրսևորվում է միայն ճգնաժամային իրավիճակներում: Copy past-ի ժամանակաշրջանը առավել բարդացրել է լրագրողական համայնքի համերաշխությունը՝ կասկածի տակ դնելով միմյանց մասնագիտական ունակություններն ու գրագիտությունը:

Այսօր նաև Գրագիտության միջազգային օրն է: Այս երկու օրերի համընկնումը միգուցե պատահական չէ: Գրագիտությունն ի վերջո համերաշխության նախապայման է, մասնագիտական, կոնստրուկտիվ համագործակցությունը հնարավոր է միայն գրագետ, պրոֆեսիոնալ և պատասխանատու լրատվամիջոցների և լրագրողների միջև:

Շնորհավորում եմ, հարգելի լրագրողներ, ձեր մասնագիտական համերաշխության օրը: Շնորհավորում եմ նաև բոլորին գրագիտության օրվա առթիվ՝ մեզ բոլորիս ցանկանալով գրագետ, հետաքրքիր, արդիական և մտահոգ լրատվական «ստեղծագործություններ»»:

© Medialab.am