Կարդինալ Սանդրին ընդգծել է, որ Հայաստանը նաև քրիստոնյա աշխարհում իր կարևոր դերակատարությունն ունի

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հետ։

Կարդինալ Սանդրին, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կարևորեց Վեհափառ Հայրապետի հանդիպումը Ֆրանցիսկոս Պապի հետ՝ ընդգծելով, որ քույր եկեղեցիների հովվապետերի հանդիպումն էլ ավելի կզորացնի երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին և հետպատերազմյան շրջանում Հայաստանում ու տարածաշրջանում առաջացած մարտահրավերներին։

Խոսելով նաև Մերձավոր Արևելքի երկրներում տիրող իրավիճակի մասին՝ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ շուրջ 15.000 հայորդիներ տեղահանվել և ապաստան են գտել Հայաստանում։ Իր հերթին կարդինալ Սանդրին ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն աշխարհաքաղաքական առումով, այլ նաև քրիստոնյա աշխարհում իր կարևոր դերակատարությունն ունի։