Կաթողիկոսի ցմահն է լավը, եթե …

Կաթողիկոսի ցմահն է լավը, եթե …
Կաթողիկոսի ցմահն է լավը, եթե …

Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը վերջին շրջանում արժանանում էր լուրջ քննադատությունների: Եկեղեցու պասիվ դերի, գործունեության անարդյունավետության, առանձին եկեղեցականների (այդ թվում` կաթողիկոսի) քրիստոնեական բարոյագիտության ու բարոյականության ընդունված կանոններից շեղվելու վերաբերյալ դժգոհություններն ու մեղադրանքներն ի վերջո հանգեցրել էին սոցիալական ցանցերում, հասարակական նախաձեռնություններում ու խմբերում հայոց եկեղեցու գործունեության համար ի պաշտոնե պատասխանատու գլխավոր անձի` կաթողիկոսի հրաժարականի պահանջին:

Քննադատությունների տարափն ու նոր ծավալների ընդգրկումը ենթադրում էր, որ դեպքերին կանդրադառնան նաեւ պաշտոնատար անձիք, իսկ Հայ Առաքելական եկեղեցին հանդես կգա փաստարկված պատասխաններով ու պարզաբանումներով:

Եկեղեցու ու վարչախմբի պատասխան արձագանքը չուշացավ: Սակայն, հայաստանյան իրականությանը բավական համահունչ` պաշտոնական այդ անդրադարձերն ու պարզաբանումները հանգեցին մի կետի: Խնդիրը լուծելու փոխարեն ընտրվեց այն ծածկելու «ավանդական» մեթոդաբանությունը: Բարձրաձայնվող խնդիրների կապակցությամբ չբերելով ոչ մի լուրջ հակափաստարկ` որպես խնդիրը ծածկելու կարեւոր միջոց` մեկ այլ «համոզիչ» թեզի («դավադրությունների տեսության») հետ միասին լրատվամիջոցներով լայն շրջանառության մեջ դրվեց կաթողիկոսի ցմահ աթոռակալելու եւ հետեւաբար կաթողիկոսի հրաժարականի պահանջի սնանկ լինելու թեզը:

Հուլիսի 24-ին Հայաստանի թիվ մեկ հեռուստաընկերության` Հ1-ի «Կիրակնօրյա Հայլուր» հաղորդաշարի եթերում մի ամբողջ անդրադարձ կատարվեց եկեղեցու (այդ թվում` կաթողիկոսի հրաժարականի)` հասարակությանը հուզող խնդիրներին:

Նշված հաղորդման ընթացքում պատմաբան, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը կաթողիկոսի հրաժարականի պահանջի ներկայացումը համարեց տգիտության արդյունք: Ըստ Հովհաննիսյանի` «Այն պահանջը, որը լսվում է` տգետ պահանջը կաթողիկոսի հրաժարականի մասին, ծիծաղ է առաջացնում: Ինչու, որովհետեւ չգիտեն պատմություն, չգիտեն եկեղեցի, չգիտեն ավանդույթներ: Նման տիպի պահանջներն անշուշտ տգիտությունից է գալիս: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, եւ նրա գահակալությունը, պետք է ասեմ ձեզ, դա ցմահ է` որքան որ ինքը կա: Գիտեք սա էժանագին տրյուկ է մարդկանց հրապուրելու, քաղաքական դաշտում գոյություն ունեցող այդ ձեւաչափերը եկեղեցի տեղափոխելու վերաբերյալ»:

Երկու օր անց` հուլիսի 26-ին, նույն թեզն արդեն տեղ գտավ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքում: «Նախքան Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը, պետք է իմանալ, որ նա ընտրվում է հոգեւոր խորհրդի կողմից` ցմահ: Այդ պահանջը չի բխում մեր երկրի ու  ժողովրդի շահերից, եւ եթե կան ինչ-որ խնդիրներ, ապա դրանք կարելի է լուծել առանց սեւ PR-ի կիրառման»,- ընդգծեց հանրապետական պատգամավորը:

Եւ ուրեմն խնդիր է դառնում պարզել, թե որքանով են սնանկ կամ տգիտության արդյունք կաթողիկոսի հրաժարականի պահանջները:

Խնդրի դիտարկման համար էական է արձանագրել, որ «հրաժարական» եզրը իսկապես անհաջող է ընտրված եւ ենթակա է վերափոխման «աթոռազրկում» եզրով: Կարելի է միայն ենթադրել, որ հասարակական առանձին շրջանակների` կաթողիկոսի հրաժարականի պահանջը պայմանավորված է եղել վերջին տարիներին աշխարհիկ իշխանության մարմնացում` ՀՀ նախագահի հրաժարականի շուրջ ձեւավորված ընկալմամբ: Վերջինս էլ անալոգիայի ուժով դրվել է հոգեւոր իշխանության մարմնացում` կաթողիկոսի հրաժարականի պահանջի հիմքում:

Հայոց եկեղեցու պատմությունից հայտնի են ցմահ ընտրված կաթողիկոսների աթոռազրկման մի շարք դեպքեր: Ներկա ժամանակներին համահունչ են հատկապես Բագրատունյաց թագավորության շրջանում տեղի ունեցած աթոռազրկումների օրինակները:

Անանիա կաթողիկոսի մահից հետո` 968թ., Շիրակավանում գումարված եկեղեցական ժողովը հայոց կաթողիկոս ընտրեց Սյունյաց եպիսկոպոս Վահանին: Սակայն, արդեն հաջորդ տարի կաթողիկոսի քաղկեդոնամետ վարքի շուրջ եկեղեցում սկիզբ առած դժգոհությունները հասան թագավորական արքունիք եւ պատճառ դարձան կաթողիկոսի աթոռազրկման:

Աշոտ Գ թագավորի հրամանով Անի քաղաքում եկեղեցական մի նոր ժողով գումարվեց` քննելու համար կաթողիկոսի` վրաց ու հունաց եկեղեցիների հետ գործակցության, նրա հրամանով քաղկեդոնական սրբապատկերների մեր եկեղեցում կիրառության եւ այլ փաստեր: Ժողովը կայացավ առանց կաթողիկոսի ներկայության, քանի որ Վահանը, խուսափելով ժողովում մեղադրանքի սյունին գամվելու հեռանկարից, փախավ Վասպուրականի թագավորություն եւ հաստատվեց Ձորովանքում: Ամբաստանյալի բացակայությամբ քննելով գործը` ժողովականները հաստատված համարեցին կաթողիկոսին ներկայացված մեղադրանքները ու նրան հայտարարեցին գահընկեց: Նույն ժողովի որոշմամբ եւ Աշոտ թագավորի հրամանով կաթողիկոսական գահին նստեց Ստեփանոսը` Սեւանի վանահայրը:

Համանման մի իրավիճակ էր ստեղծվել նաեւ 1030-ական թվականներին: Հայոց կաթողիկոսական գահին էր նստած հայ ժողովրդի կյանքում իր բացասական դերակատարությամբ հայտնի, սակայն եկեղեցու կողմից սրբազնացված անձանցից մեկը` Պետրոս Գետադարձը: Ինչպես Վահանի դեպքում, այդ շրջանում Պետրոսի նկատմամբ եւս մեծ էր քննադատությունն առ այն, որ նա հայոց եկեղեցու ու պետության շահերը ստորադասում է հունական եկեղեցու ու Բյուզանդական կայսրության շահերին` մի տեսակ «հինգերորդ շարասյան» դեր կատարելով Անիի թագավորությունում:

1033թ. Հովհաննես թագավորի հետ գժտությունը պատճառ դարձավ, որ կաթողիկոսի հանդեպ բացասական վերաբերմունքը հասնի իր գագաթնակետին` Պետրոսին ստիպելով շտապ լքել Անին: Փախստական կաթողիկոսը, որը բացի բյուզանդասիրությունից հայտնի էր նաեւ իր անչափ գանձասիրությամբ ու փառամոլությամբ, ապահով կեցության համար ընտրեց Ձորովանքը, որն այդ ժամանակ գտնվում էր արդեն Բյուզանդական կայսրության սահմաններում:

Չորս տարի շարունակ թագավորն ու իշխանները փորձեցին տարբեր միջոցներով, այդ թվում` «քաղցրությամբ» ետ դարձնել նրան Անի` վտանգավոր համարելով նրա ներկայությունը Բյուզանդական կայսրության սահմաններում: Վահանի օրինակով նոր եկեղեցական ժողովի գումարումը հղի էր կաթողիկոսական գահի երկպառակությամբ, քանզի Պետրոսը վայելում էր Պոլսի հովանավորությունը, եւ նոր կաթողիկոսի ընտրությունը խնդրահարույց էր լինելու ու, հետեւաբար, ենթակա անհաջողության (Հայաստանի մեծագույն մասն արդեն գտնվում էր կայսրության սահմաններում):

Ի վերջո, 1037թ. օգոստոսին հաջողվեց Պետրոսին բերել Անի (ըստ Սամվել Անեցու` գործը գլուխ էր բերվել խաբեության միջոցով միայն), որտեղ նա ձերբակալվեց ու արգելափակվեց Բջնի բերդում: Թագավորի հրամանով նա հռչակվեց կաթողիկոսական աթոռից զրկված: Իսկ նոյեմբերին հայոց նոր հայրապետ հռչակվեց Սանահինի վանահայր «այր սուրբ եւ առաքինի» Դիոսկորոսը:

Հայոց եկեղեցում Պետրոսի համախոհների թիվը բավական մեծ էր, եւ այդ է պատճառը, որ թե՛ Պետրոսի աթոռազրկումը, եւ թե՛ Դիոսկորոսի կաթողիկոսական օծումը տեղի չունեցան ազգային եկեղեցական ժողովներում, այլ` թագավորական հրամանով եւ միայն առանձին հոգեւորականների հավանությամբ ու մասնակցությամբ: Իր կողմնակիցների թիվը մեծացնելու համար նոր կաթողիկոսին հարկ եղավ անգամ նոր ձեռնադրություններ կատարել: Սակայն դա եւս չօգնեց ներեկեղեցական նոր իրավիճակ ձեւավորելու համար:

Մեկ տարի անց` 1038թ. վերջերին, նախորդ կաթողիկոսի կողմնակիցներին ու բյուզանդասեր աշխարհիկ ու հոգեւոր շրջանակներին հաջողվեց մեծ ճնշման գնով Պետրոսին վերադարձնել կաթողիկոսական գահին: Թագավորն ու հայրենասեր ուժերը ստիպված էին սեփական իշխանության ու դիրքերի կորստից խուսափելու համար տեղի տալ եւ այլ պահանջների հետ միասին կատարել նաեւ Պետրոսի մի կարեւոր ցանկություն. այն է` իր վերադարձը պետք է կատարվեր ազգային եկեղեցական ժողովի կողմից, որպեսզի չեզոքացներ նախորդ` «ոչ ըստ Աստուծոյ հրամանի» կատարված «անօրինականությունները»: Անի քաղաքում շուրջ չորս հազար հոգու մասնակցությամբ գումարված նոր ազգային եկեղեցական ժողովը սուր քննադատության ու պարսավանքի ենթարկեց Դիոսկորոսին, պատվազուրկ արեց ու հայրապետական աթոռից ցած առավ: Ժողովը նրա բոլոր ձեռնադրածներին բանադրեց, իսկ Պետրոսին հաստատեց հայրապետական աթոռի վրա:

Դիոսկորոսն այնուհետ հանվեց կաթողիկոսների գավազանագրքից եւ մինչ օրս չի ընդունվում որպես Ամենայն հայոց կաթողիկոս: Նա վտարվեց Սանահինի վանք (աղբյուրները պահպանել են հետաքրքիր վկայություններ առ այն, որ 1045թ. Անիի անկումից հետո անեցիները Դիոսկորոսի անարդար պատվազրկությունը համարում էին սեփական անհաջողությունների նախադուռ, որը պատճառ դարձավ, որ կորսվի պետականությունը եւ քաղաքամայր Անիում վերջնականապես հաստատվի կայսերապաշտ հոսանքը):

Աթոռազրկման սույն երեք օրինակները բավարար են պնդելու համար, որ կաթողիկոսի հրաժարականը պնդող քաղաքացիների պահանջը տգիտության արդյունք չէ:

Կաթողիկոսի աթոռազրկումը եղել եւ մնալու է որպես ցմահ ընտրված հայոց հայրապետների ազգի ու պետության հանդեպ իրենց օծման փաստով իսկ ստանձնած պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը հակազդելու իրավաքաղաքական անհրաժեշտ մի մեխանիզմ: Նշված օրինակները միաժամանակ վկայում են, որ կաթողիկոսների աթոռազրկումներն առաջին հերթին քաղաքական կամքի կիրառման արդյունք են, որի ժամանակ անհրաժեշտ է պահպանել իրավական ողջ ընթացակարգը` խուսափելու համար արտաքին ուժերի միջամտությունից:

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ