Եկամտային հարկից լրատվամիջոցներին աջակցելու մասին․ «Եթե այդ մեխանիզմն աշխատի, կարող է շոշափելի ֆինանսական խթան դառնալ»․ Մելիքյան

Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին։ Այս նախաձեռնության վերաբերյալ «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։

 – Պարո՛ն Մելիքյան, ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով ֆիզիկական անձինք կարող են հնարավորություն ստանալ իրենց հաշվարկված կամ վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել նաև լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Գաղափարն ինչպե՞ս եք գնահատում, Հայաստանում ինչպե՞ս հնարավոր կլինի կյանքի կոչել այս ծրագիրը:

– Սա ընդամենը փորձ է ինչ-որ չափով աջակցել լրատվամիջոցների ֆինանսական հոսքերին, ու այս առումով, իհարկե, ուշագրավ է նախաձեռնությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ հիմնական շեշտը դրվում է հենց լրատվամիջոցներին հասարակ քաղաքացիների կողմից ֆինանսական աջակցությանը: Կարելի է ենթադրել, որ եթե այդ մեխանիզմն աշխատի, տարիների ընթացքում դա կարող է բավականին շոշափելի ֆինանսական խթան դառնալ: 

Ես սակայն ունեմ որոշակի վերապահումներ, քանի որ ինչպես լրատվամիջոցներն են բևեռացված, այնպես էլ հասարակությունն է բևեռացված, եթե Կառավարությունը հույսեր ունի, թե սրանով այդ բևեռացվածությունը կհաղթահարվի, ապա կարծում եմ, որ այդ սպասելիքները վիճելի են, որովհետև այն ընտրազանգվածը, որը ընտրությունների ժամանակ իր համակրանքը ցույց է տվել իքս քաղաքական ուժի, այդ համակրանքը նաև կերևա տվյալ քաղաքական ուժին սպասարկող լրատվամիջոցի հանդեպ: 

Այսինքն՝ ովքեր քվեարկել են իշխող ուժի օգտին, իրենց գումարը կուղարկեն իշխող ուժի հետ կապված լրատվամիջոցներին, ընդդիմադիրներին քվե տված քաղաքացիները՝ ընդդիմադիրների հետ կապվածներին: Հետևաբար, մի քիչ բարդ է պատկերացնել, որ հակառակ ճամբարի ընտրազանգվածը իր գումարը կտա մյուս լրատվամիջոցին: 

Բայց հասարակության մեջ կան նաև մարդիկ, որոնք նախընտրում են կարդալ այն նյութերը, որոնք հրապարակվում են շատ թե քիչ որակյալ լրատվամիջոցներում, որոնք չեն օգտվում քաղաքական ֆինանսավորումից, այդ մարդկանց համար շատ կարևոր է, որ լրատվամիջոցը զբաղվի որակյալ լրագրությամբ: 

Բայց հասարակության մեջ, ինչպես ասացի, կլինեն մարդիկ, որոնք կնախընտրեն իրենց գումարը տալ իրենց ցանկալի քաղաքական ուժին հարող լրատվամիջոցներին, այսպիսով առկա բևեռացվածությունը սրանով չի հաղթահարվի, բայց որ ամեն դեպքում որակյալ լրատվամիջոցներն այստեղ նույնպես կշահեն, գուցե ավելին շահեն, քան բևեռացված լրատվամիջոցները, կարելի է հույսեր ունենալ: 

Ցանկացած մեխանիզմ կարող է և՛ բարի գործերի համար ծառայել, և՛ օգտագործվի ի չարս: Մենք դեռ պետք է տեսնենք, թե այս նախաձեռնությունն ինչպիսի օրենսդրական տեսք կստանա, ու առավել կարևոր է տեսնել, թե ինչպես այդ օրենքը պրակտիկայում կգործի: Դեռ վաղ է կանխատեսումներ անել, բայց այն, ինչ ասացի վերևում, կարծում եմ, որ իմ պրակտիկան ինձ թույլ է տալիս այդ եզրակացությունն անել: 

– Այսինքն՝ գաղափարը լա՞վն է, մնում է կիրառման մեթոդնե՞րը լավը լինեն:

– Շատ բարդ է ասել, թե գաղափարն ինչպես կաշխատի, խնդիրը միայն կիրառման մեթոդները չեն, շատ կարևոր է, թե ինչպես կկողմնորոշվեն մեր քաղաքացիները՝ արդյոք նրանք իրենց քաղաքական հայացքների գերի՞ն կմնան, թե՞ կորոշեն անաչառ լինել լրատվամիջոցների մասով՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից: 

Ցավոք, որակյալ լրատվամիջոցների լսարանն ամենամեծը չէ մեզանում, բայց մյուս կողմից՝ լսարանի կողմից նկատվում է հոսք դեպի որակյալ լրատվամիջոցներ: Այն լրատվամիջոցները, որոնք չեն սնվում քաղաքական դաշտից, կարծես թե գնալով մեծացնում են իրենց լսարանը, կարծում եմ, որ այս նախագիծն է՛լ ավելի կնպաստի դրան: 

Եթե իսկապես այդպես լինի, ապա ես կհամարեմ, որ նախաձեռնությունը շատ կարևոր է, եթե ամեն ինչ մնա նույն տեղում, ու այս նախաձեռնությունը լրացուցիչ աղբյուր դառնա գործող բևեռացված լրատվամիջոցների համար, ապա այն կարող է գրեթե իմաստազուրկ դառնալ: Ինձ համար այս նախաձեռնությունը կարևոր կլինի, եթե նպաստի որակյալ լրատվամիջոցների զարգացմանն ու ֆինանսական կայունությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am