«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը
– Պարո՛ն Դուլգարյան, ի՞նչ է ենթադրում ՏԿԵՆ-ի կողմից առաջարկվող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունը դարձնել ոչ արգելակող՝ իրավունք տալով նախաձեռնողին փաստաթղթերի փաթեթը ներկայացնել պետական փորձաքննության:
– Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործող օրենքով, երբ որևէ նախաձեռնող, այդ թվում՝ արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտում, ցանկանում է որևէ համայնքի տարածքում գործունեություն սկսել կամ զբաղվել երկրաբանահետախուզական ուսումնասիրություններով, որպեսզի պաշարներ հայտնաբերի ու հետագայում այդ պաշարները շահագործի, կամ որպեսզի հենց սկսի հանք շահագործել, պետք է ստանա համայնքի համաձայնությունը:
Դրա համար նա համայնքում անցկացնում է լսումներ, հանրային քննարկումներ, ու համայնքի ավագանին, ըստ օրենքի, պետք է քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքները հաշվի առնելով որոշման մակարդակով տա իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը: Եթե համայնքի ավագանին չի տալիս իր համաձայնությունը, ապա նախաձեռնողն այլևս չի կարողանում գործընթացը շարունակել, այսինքն՝ այդ հարցը կասեցվում է հենց այդ կետում ու այլևս չի հասնում ավելի բարձր ատյաններ:
Հիմա, առաջարկվող օրենքի նախագծով տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է, որ համայնքի ավագանու կայացրած բացասական որոշումը (հետաքրքիր է, որ դրական որոշման մասին նախագծում որևէ բան չկա) չի նշանակելու, թե նախաձեռնողը չի կարող գործընթացը շարունակել: Սա նշանակում է, որ թեկուզ համայնքը դեմ է քվեարկել, միևնույն է, նախաձեռնողը կարող է փաստաթղթերը ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն, ու վերջինս է արդեն որոշելու՝ շարունակվի՞ տվյալ գործընթացը, թե՞ չէ:
Ըստ էության, այս գործընթացում համայնքի ու համայնքի բնակչի մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում դառնում է խիստ խորհրդանշական ու խորհրդատվական, այսինքն՝ համայնքը զրկվում է որոշումների կայացման վրա ազդեցություն գործելուց:
Այն, ինչ հիմա կա, շատ ժողովրդավարական է, այսինքն՝ տեղական ժողովրդավարության կարևորագույն մեխանիզմն է, ու ստացվում է այնպես, որ եթե այս նախագիծն ընդունվի, ապա մենք արդեն իսկ ունեցած խնդիրը՝ տեղական համայնքներում ժողովրդավարության ամրապնդումը, ևս մի քանի քայլ հետ ենք գցում, ու ամենակարևորը՝ մեր համայնքի բնակչին սկսում ենք դիտարկել սոսկ որպես մասնակցության սուբյեկտի, այլ ոչ թե որոշման կայացման սուբյեկտ: Այնինչ միայն համայնքի բնակիչը պետք է որոշի, թե իր համայնքում ինչ գործողություն պետք է կատարվի, կամ իր համայնքն ի՛նչ ուղղությամբ պետք է զարգանա:
Նախագիծը հիմնավորող կարծիքներից մեկն էլ այն է, թե համայնքի բնակիչները կամ համայնքի ավագանին նեղ մասնագետ չեն ու չեն կարող լիարժեք ու մասնագիտական որոշում կայացնել, դրա համար դրանով պետք է մասնագիտացված լիազոր մարմինը զբաղվի:
Այս կարծիքը որևէ կերպ չի արդարացնում այս նախագիծը, համայնքի բնակիչը չպետք է նեղ մանագետ լինի, համայնքի բնակիչն ուղղակի գիտակցում է, թե ի՛նչ է պետք իր համայնքին, ու ինքն է որոշում, թե իր համայնքն ի՛նչ ուղղությամբ զարգանա: Նախագիծը համայնքի բնակիչներին վերաբերում է որպես ոչ խելացի սուբյեկտի, ինչն իրականում այդպես չէ, վստահեցնում եմ բոլորին, որ մեր համայնքի բնակիչները շատ ավելի խելացի են:
Այս նախագիծը նշանակում է, որ համայնքի բնակիչներն ու տեղական իշխանությունները կորցնում են սոցիալ-էկոլոգիական սեփական իրավունքները պաշտպանելու կարևոր օրենսդրական լծակ: Սա նշանակում է, որ նրանց փոխարեն որոշելու են, թե իրենք ոնց ապրեն ու ինչ միջավայրում ապրեն:
– Իսկ մինչ այս եղե՞լ են դեպքեր, երբ համայնքը կարողացել է կասեցնել ինչ-որ հանքի շահագործում:
– Բազմաթիվ են նման դեպքերը, վերջին հինգ տարվա ընթացքում 20-30 նման ուղիղ ժողովրդավարության դեպքեր են եղել: Միայն այս տարի արդեն մի քանի նման դեպք է եղել, որ համայնքները ավագանու ընդունած որոշմամբ կարողացել են հասնել նրան, որ իրենց որոշումը հարգվի:
– Կոնկրետ օրինակներ այս պահին կհիշե՞ք:
– Այո՛, այս տարի Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչները դեմ էին իրենց տարածքում երկրաբանահետախուզական նոր տարածքների ուսումնասիրմանը, որպեսզի այնտեղ եղած հանքերը հետագայում ընդլայնեն: Ելնելով այդ հանգամանքից՝ համայնքի ավագանին դեմ էր քվեարկել այդ նախագծին:
– Պարո՛ն Դուլգարյան, իսկ իշխանությունը ի՞նչ նպատակով է գնում օրենքի այս փոփոխությանը:
– Քանի որ օրինակները շատ են, որ համայնքի բնակիչն ուղիղ ազդեցություն է ունենում, ու կարծես թե տնտեսական քաղաքականության որոշակի մոդել է սկսում ձևավորվել, այսինքն՝ համայնքի բնակիչները կասեցնում են որոշակի գործընթացներ, որոնք այսօր վարվող տնտեսական քաղաքականության տրամաբանության մեջ չեն տեղավորվում կամ խանգարում են, այս նախագծով փորձ է կատարվում այդ խոչընդոտը վերացնել:
– Հաջողվելո՞ւ է այս նախագծին օրենքի ուժ տալ:
– Չեմ կարող ասել, բայց այն, որ համայնքները, համայնքի բնակիչները պետք է միանշանակ փորձեն իրենց ձայնը բարձրացնել ու խոչընդոտել, հասկացնել, որ այս օրինագիծը հակասում է բոլոր տեսակի մասնակցության վերաբերյալ կոնվենցիաներին, հակասում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գլոբալ շրջանակների սկզբունքներով ամրագրված խնդիրներին, որտեղ կարևորվում է տեղական ու համայնքի բնակիչների մասնակցությունը կենսաբազմազանության պահպանման որոշումների կայացմանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















