Մի ձեռքով տվածը մյուս ձեռքով խլում են թոշակառուներից. սոցիալական ապահովության տարբեր ծրագրերը չպետք է մրցակցեն միմյանց հետ. Մանե Թանդիլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանը

– Տիկի՛ն Թանդիլյան, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշել է չփոխել թաղման նպաստների վճարման կարգը, ինչի մասին հայտարարել էին օրեր առաջ, փոխարենը 1000 դրամով չեն բարձրանալու կենսաթոշակները։ Ինչո՞վ եք բացատրում նախարարության այս հետքայլը։

– Այս նահանջը հերթական ապացույցն է այն բանի, որ կառավարությունը չունի հստակ, երկարաժամկետ սոցիալական ռազմավարություն։ Նրանք որոշումներ են կայացնում «փորձարկումների» մեթոդով. հայտարարում են նախագծի մասին, տեսնում են հանրային արձագանքը, հետո, ըստ դրա, կա՛մ չեղարկում են, կա՛մ շարունակում։ Կոնկրետ այս դեպքով ստեղծվել է իրավիճակ, երբ մի ձեռքով տվածը մյուս ձեռքով խլում են թոշակառուներից։

– Ինչո՞ւ է կենսաթոշակների բարձրացումը ըստ էության ուղիղ կապվում սոցիալական մեկ այլ ծրագրի հետ։ Սա նորմա՞լ երևույթ է։ 

– Սոցիալական ապահովության տարբեր ծրագրեր չպետք է մրցակցեն միմյանց հետ։ Կենսաթոշակների բարձրացումը պետք է բխի երկրում գնաճի տեմպերից և նվազագույն սպառողական զամբյուղից, այլ ոչ թե նրանից, թե կառավարությունը որտեղ է հաջողում կրճատել՝ մյուսի վրա չնչին ավելացում անելու համար։

 – Արդյոք բյուջեում չկա՞ն բավարար միջոցներ, որ Կառավարությունը սոցիալական ծրագրերը մեկը մյուսի հաշվին չկազմակերպի։ 

– Խնդիրը ոչ թե միջոցների բացակայությունն է, այլ դրանց սխալ և ոչ արդյունավետ բաշխումը։ Երբ մենք տեսնում ենք, թե որքան գումար է ծախսվում պարգևավճարների կամ պաշտոնական գործուղումների վրա, պարզ է դառնում, որ թոշակների կամ նպաստների համար գումարը մի ծրագրից պոկել մյուսի վրա դնելը քաղաքական կամքի բացակայության կամ ոչ կոմպետենտության հետևանք է։

– Տիկի՛ն Թանդիլյան, համեմատելով պաշտոնյաների աշխատավարձերը, որոնք հաջորդ տարվա համար ևս նախատեսվում են բարձրացնել, ու մեր երկրում միջին աշխատավարձը, կենսաթոշակներն ու նպաստները, կարո՞ղ ենք խոսել սոցիալական հավասարության մասին։ 

– Չի կարող մի երկրում, որտեղ հազարավոր մարդիկ աղքատության շեմին են, իսկ կենսաթոշակները՝ բավականին ցածր, պաշտոնյաների աշխատավարձերի շարունակական աճ տեղի ունենալ։ Եկամուտների ավելացումը լավ է, բայց այն պետք է նախևառաջ զգացվի ամենախոցելի խմբերի կենսապայմանների բարելավման վրա։ 

– Ինչո՞ւ է գործող իշխանությունը այս սոցիալական քաղաքականությունը վարում, օբյեկտի՞վ են նման քաղաքականություն վարելու պատճառները։ 

– Ո՛չ, այս քաղաքականությունը չունի որևէ օբյեկտիվ պատճառ. սա զուտ սուբյեկտիվ, սխալ վարվող քաղաքականություն է։ Կառավարությունը փորձում է արդարացնել իր քայլերը՝ պնդելով, թե իբր ցանկանում է «գրավիչ ու մրցունակ դարձնել պետական համակարգի աշխատանքը», ինչը չի համապատասխանում գրեթե 22 տոկոս աղքատություն ունեցող երկրի սոցիալական իրավիճակին։ 

Եվ ընդհանրապես, սոցիալական խնդիրները լուծելու այս իշխանության պատկերացումը սկսվում և ավարտվում է նախարարության անվանափոխումից։ Սա այն իշխանությունն է, որ մտածում է, թե նախարարության անունը փոխելով՝ մարդիկ բարեկեցիկ են դառնում։ Նման չհիմնավորված, տարերային նախաձեռնությունները դրա վառ ապացույցն են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am