«Ի՞նչ է ուզում Պուտինը․․․ » .Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ է ուզում Պուտինը․․․

Այսօր կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նրբանկատորեն խուսափեց օգտագործել ՛՛Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՛՛ եզրույթը՝ շեշտելով, որ ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը:Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ալիևը պատեհ առիթը բաց չի թողնում՝ ընդգծելու, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, որ այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ։

Դժվար է ասել, թե Պուտինի այսպիսի նրբանկատությունն արդյո՞ք համաձայնության նշան է Ալիևին, թե՞ պարզապես քաղաքավարական ժեստ, բայց մի բան ակնհայտ է՝ մեծ քաղաքականության մեջ մանրուքները շատ կարևոր են, եթե իհարկե, մանրուքներ կան։Ի՛նչ խոսք, մեծ պետություններին բնորոշ է մինչև վերջ չբացել խաղաքարտերը, բայց այս դեպքում իսկապես հարկավոր է ամբողջությամբ հասկանալ, թե ի՞նչ է ուզում Պուտինը, և ինչպե՞ս է նա պատկերացնում հակամարտության լուծումը։

Ստեղծված իրավիճակի լրջությունը հարկադրում է մեզ սթափորեն արձանագրել մի քանի իրողություն․

1․ ԵԱՀԿ Մինսկի խումբն անդառնալիորեն կորցրել է իր ազդեցությունը և այլևս դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի վերականգնել նրա ունեցած բացառիկ մանդատը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացքում։

2․ Տարածաշրջանում խախտվել է ուժերի հավասարակշռությունը, ինչը ստիպում է Հայաստանին վերաիմաստավորել իր ռազմաքաղաքական շահերը և արդյունավետորեն առաջ մղել դրանք՝ անհրաժեշտ պաշտպանական համակարգ ձևավորելու վճռականությամբ։

3․ Հարկավոր է ձևավորել այնպիսի հայկական օրակարգ, որը հիմնված կլինի իրատեսության, պետական շահերի սթափ հաշվառման և արդյունավետ կիրառման վրա։

4․ Հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետում ուրվագծել Արցախի հակամարտության կարգավորման սեփական օրակարգը՝ հիմնված արդի իրողությունների, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական ազդեցության վրա։Եկեք իսկապես սթափվենք ու գիտակցենք, որ այլևս թույլ տալ, որ մշտապես անտեսվեն Հայաստանի և հայ ժողովրդի շահերը, հղի է պետականության կորստի վտանգով, ուստի ժամանակն է հավասարակշռված, միաժամանակ հաստատակամորեն առաջ մղել հայկական շահերը՝ ձեռք բերելով բարեկամներ ու դաշնակիցներ, որոնք կհարգեն մեր ռազմավարական շահերը, որից մենք չենք կարող որևէ կերպ հրաժարվել․․․»