«Հասարակության մի զգալի մասը շարունակում է մնալ «հացի և տեսարանների» զոհը». Կարապետյանցը՝ Խաչատուրովի ձերբակալության մասին

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությունը իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ ոչ թե «քաղաքական հետապնդման դասական օրինակ է», ինչպես պնդում են նրան աջակցող մարդիկ, այլ «արդեն ապուշության հետևանք է»։

«Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում՝ մի անգամ այս հարցը քննարկել, հետո նորից քննարկել։ Կա՛մ բավարար հիմքեր կան ինչ-որ գործողություններ իրականացնելու համար, կա՛մ չկան։ Ոչ մի տրամաբանություն չեմ գտնում, որովհետև մի քանի անգամ իբր ինչ-որ հիմքեր են ներկայացրել, որոշ գործողություններ են արել, իբր քրեական գործի շրջանակներում ապացույցներ են հավաքում։ Այս ամենն այնքան է անլրջացել, որ ես նախընտրում եմ, որ իրենք առհասարակ որևէ քրեական գործով որևէ գործողություն չանեն»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ 20։10-ի սահմաններում, որպես մեղադրյալ ձերբակալվել էր Գրիգորի Խաչատուրովը, որի գործը, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը, կապ ունի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի գործի հետ:

«Մեղադրանքը փողերի լվացմանն է առնչվում, սակայն Օհանյանի մասին ԱԺ–ում հնչած դեպքի հետ առնչություն չունի, այսինքն` գույքեր օտարելու հետ Խաչատուրովը կապ չունի։ Խաչատուրովի դեպքում այդ գույքերից մեկը ձեռք բերելը դիտվել է որպես փողերի լվացում»,- նշել է պաշտպանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դժվարանում է ասել, թե նման գործողություններով իշխանությունն իրականում ինչ հիմնական նպատակ է հետaպնդում, բայց նաև համակարծիք չէ հնչող տեսակետներին, թե այս կերպ «իշխանությունը կազմաքանդում է բանակը»։

«Վաղուց իշխանության գործողությունների մեջ տրամաբանություն չեմ փնտրում, բայց մեր բանակի կազմաքանդումը տեղի է ունեցել շատ-շատ վաղուց՝ մինչև այս մարդկանց իշխանության գալը։ Հենց խաչատուրովների, օհանյանների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների թեթև ձեռքով ու իրենց կառավարման ժամանակաշրջանում է եղել, ուղղակի իրենք կարողացել են գեղեցիկ փաթեթավորմամբ այդ ամենը քողարկել»,- ասում է Կարապետյանցը։

Իրավապաշտպանը դժվարանում է ասել, թե ո՞րն է լինելու կոնկրետ գործի վերջնարդյունքը, որովհետև, ըստ նրա, այս բոլոր գործերի մեջ չկա հետևողականություն, վերջնական արդյունք ստանալու ցանկություն էլ չկա։

«Ավելի շատ հասարակությանը կերակրելու, աշխատանքի իմիտացիա ստեղծելու նպատակով է արվում ամենը, բացարձակ անտրամաբանական է, նույն Օհանյանի նկատմամբ  քրգործեր հարուցելը, նույն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը, հետո պարզվում է, որ վաղեմության ժամկետն անցել է։ Այսինքն՝ հասարակությանը չարած գործերի դիմաց այս գործողություններով են կերակրում։ Հասարակությունն էլ կարծես նախնադարում լինի, մի զգալի մասը շարունակում է մնալ «հացի և տեսարանների» զոհը»,- ասում է իրավապաշտպանն ու ընդգծում, որ այդ նույն հասարակությունը, սակայն, չի հարցնում, թե ինչ եղան ի վերջո այդ գործերի վերջնարդյունքը, որտե՞ղ են այդ ձերբակալվածները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am