«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը
– Պարո՛ն Խանումյան, գործադիրի ղեկավարն այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, անդրադառնալով անշարժ գույքի շուկայում գների աճին, ասել է, որ դա կարող է ցանկալի արդյունքի բերել՝ «մարդիկ, որոնք չեն կարողանում վարձավճար տալ, կարող են գնալ մարզ, քանի որ հիմնականում մարզերից եկածներն ունեն այդ խնդիրը, ինչը կարող է նպաստել, որ բիզնեսն էլ տեղափոխվի Երևանից»: Արդարացվա՞ծ ու ճի՞շտ մոտեցում է Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

– Այս կառավարությունը մի քիչ անգրագետ լիբերալ մոտեցում ունի, ու վարչապետի տարբեր հայտարարություններ այդ կոնտեքստում են: Միայն մարզերից եկածները չեն, որ Երևանում են ապրում, նաև այն աճող ընտանիքները, որոնք ունեն բնակարան, բայց որոնց ընտանիքի աճի պատճառով էլի բնակարանների կարիք կա:
Բայց Երևանում ապրել-չապրելու հարցը չէ էլի, հարցն այն է, որ անշարժ գույքի թանկացումը բնակչությանը չի տանելու դեպի մարզեր, երևանամերձ բնակավայրերում միգուցե որոշակի աշխուժություն կա, բայց տարբեր մարզեր կարիք ունեն պետության էական աջակցության, պետության լուրջ միջամտության թե՛ ներդրումներն այնտեղ տանելու համար, թե՛ աշխատաշուկայի աշխուժացմանը միջամտելու տեսանկյունից, թե՛ տարբեր գործողությունների տեսանկյունից:
Հույս դնել, որ մարդիկ կգնան, կաշխուժացնեն մարզերը, կամ բիզնեսը կգնա ու նույնը կանի, այնքան էլ արդարացված չէ: Ես ձեզ մեկ պարզ օրինակ ասեմ. Վանաձորը մեծ պոտենցիալ ունի, ու այսօր ես տեսնում եմ, օրինակ՝ բազմաթիվ արցախցի ընտանիքներ, որոնք ուզում են այնտեղ հաստատվե։ Նրանք ունեն բնակարանների գնման վկայականներ, բայց բնակֆոնդը բավականին քիչ է, ու եղած բնակֆոնդի մի մասն էլ վթարային է, որոնց հետ բանկերը գործարքներ չեն կատարում։
Հետևաբար, եթե այս տրամաբանության մեջ դիտարկենք ու ենթադրենք, որ մենք Երևանում վարձով բնակվող ընտանիք ենք, լսենք վարչապետին ու գնանք մարզերը զարգացնենք, գնում ենք Վանաձոր ու ուզում ենք վարկով տուն գնել, բայց բանկը մեզ մերժում է, որովհետև այդ բնակարանը վթարային շենքում է: Այսինքն՝ երկրաշարժից հետո արդյոք պետությունն այստեղ գործառույթ չունե՞ր անելու, հասկացանք, որ ծայրաստիճան վթարային չէ, բայց գոնե ռենովացիայի ծրագրեր աներ, հնարավորություն տար այդ վթարային գույքը նորակառույց ու ավելի ամուր դառնալու, բնակարանների թիվն ավելացներ, նոր բնակֆոնդ ստեղծեր:
Սրանք կոնկրետ գործողություններ են, որ եթե հույս դնենք միայն մասնավորի վրա, ապա դա բավականին երկար կտևի, որովհետև մասնավորը ձգտում է այնտեղ, որտեղ ներդրումներն ավելի հեշտ ու կարճաժամկետ հատվածում են հետ բերվում:
Հետևաբար, այն բոլոր մարզերը, որոնք կարիք ունեն երկարաժամկետ ներդրումների, որտեղ մասնավորի, բիզնեսի համար հրապուրիչ չեն, պետությունն անելիք ունի, չպետք է պատասխանատվությունից խուսափել, չպետք է պատասխանատվությունից փախչել: Էլի եմ կրկնում, սա կառավարության ծայրահեղ լիբերալ մոտեցման հետևանքներից մեկն է, երբ իրեն պատասխանատու չի համարում ոչ մի բանի համար, գտնում է, որ այդ ամենը պետք է տեղի ունենա ինքնաբերաբար՝ մասնավորի, անհատների կամ բիզնեսի շնորհիվ:
– Ստացվում է, որ քաղաքը բեռնաթափելու այս մոտեցումը լավագույնը չէ՞:
– Բնակարանները թանկանում են, որովհետև կա պահանջարկ, ինչը նորմալ է, բայց խոսքն այդ մասին չէ, խոսքն այն մասին է, որ անշարժ գույքի թանկացմանը զուգահեռ մենք պետք է հասնենք լուրջ սոցիալական բնակարանաշինության, որովհետև մենք մի հասարակություն ենք, որտեղ սեփականատեր լինելը բավականին հարգի է հասարակության մեջ, ու ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հասարակության ընտանիքների 90-ից ավելի տոկոսը դարձավ սեփականատեր, հետևաբար մեզ մոտ սեփականության նկատմամբ կա պաշտամունք:
Բազմաթիվ կապիտալիստական զարգացած երկրներում սեփականատերերն այդքան բարձր տոկոս չեն կազմում, այնտեղ գոյություն ունի մի սեգմենտ, որ կոչվում է սոցիալական բնակարանաշինություն, որը հնարավորություն է տալիս որոշակի եկամտից ցածր եկամուտներ ունեցող անձանց ավելի մատչելի գներով վարձակալել բնակֆոնդ: Երբ դու այս ամբողջ մեխանիզմները չունես, խոսել նման կերպ, հասարակությանն ասել՝ գույքը թանկացել է, գնացեք ավելի հեռու ապրեք, իսկ այդ տեղերում էլ, գիտենք, աշխատատեղերի խնդիր կա, ու մասնավոր աշխատատեղերի 80 տոկոսը կենտրոնացված է Երևանում, այս պարագայում նման բան ասելն ուղղակի ցինիզմ է ու սխալ մոտեցման հետևանք:
Կարծում եմ, որ կառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների, օրինակ՝ մինչև հիմա լուրջ արդյունքներ չունենք աղքատության կրճատման ուղղությամբ, բնակչության շուրջ 23 տոկոսն աղքատ է: Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի ու այլ մարզերում աղքատությունը կարող է հասնել մինչև 50 տոկոսի:
– Պարո՛ն Խանումյան, իսկ պետական նման մոտեցումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
– Չգիտեմ, բայց կարծում եմ, որ այս բևեռացված քաղաքական տիրույթում հաճախ բովանդակային առաջարկությունները լսելի չեն, հետևաբար ես բոլոր հարցերի լուծումը նախևառաջ տեսնում եմ քաղաքական ճանապարհով: Պետք է ձևակերպումներ արվեն, դրանց շուրջ ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել, ու, ի վերջո, դա դառնա քաղաքական օրակարգի մաս:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















