«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» շարժման անդամ Միքայել Նահապետյանը
– Պարո՛ն Նահապետյան, «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը կալանավորվել է 2 ամսով, ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության համար, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: Մոտ երկու շաբաթ առաջ էլ ձերբակալվեց թատերագիր Վահրամ Սահակյանը՝ «Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակման համար»: Կատարվողը պատահականությո՞ւն է, թե՞ ոչ, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը:
– Սա համակարգված ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ, ես դրա մասին արդեն երկու-երեք տարի է համեմատություն եմ անցկացնում ու այն ժամանակ գրել էի, որ մենք գտնվում ենք 2004 թվականի Ռուսաստանի իրավիճակում, հիմա գտնվում ենք 2007-ի Ռուսաստանի իրավիճակում՝ համակարգված ճանապարհով դեպի ավտորիտարիզմ: Վերջում ունենալու ենք օտարերկրյա գործակալների մասին սելեկտիվ կիրառվող օրենսդրություն, բոլոր առանցքային ընդդիմադիրները լինելու են բանտերում, ամբողջ հանրային մուլտիպլեքսը վերահսկվելու է, հեռուստատեսությամբ ոչինչ չի գնալու, ընտրություններին չեն թողնելու մասնակցել այն սուբյեկտներին, որոնք կարող են իրենցից որևէ վտանգ ներկայացնել և այլն, այսինքն՝ ողջ ավանդույթով հանդերձ:
Ի վերջո, պետք է խոստովանել, որ այս տարածաշրջանում շատ ավելի երկար ժամանակ օրինաչափությունը եղել է ավտորիտարիզմը, դեմոկրատիան եղել է բացառություն: Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձում է իրեն արևմտյան ոճի առաջնորդ դիրքավորել, այնուամենայնիվ, փաստն այն է, որ ինքը Լուկաշենկոյի ու Վլադիմիր Պուտինի դասարանից է՝ քաղաքական ու ժողովրդավարական իմաստով:
– Նկատի ունեք, որ այս քայլերն աստիճանաբար տանելու են մեդիաոլորտում գրաքննությա՞ն:
– Այո՛, բայց մի առանձնահատկությամբ․ պետք է հաշվի առնել, որ ավտորիտարիզմն ու տոտալիտարիզմը ամեն ժամանակաշրջանում ընտրել են տվյալ ժամանակի համար էֆեկտիվ գործող ձևը, եթե 1500-ականներին մարդկանց այրում էին, ապա 1937-ին ընդամենն աքսորում էին, որոշ մարդկանց՝ գնդակահարում, 80-ականներին՝ արդեն ծաղրում ու հոգեբուժարան էին տանում, իսկ հիմա այլ են մեթոդները, դրանից, սակայն, հարցի էությունը չի փոխվում՝ ազատ խոսքը, քաղաքական այլախոհությունը, ազատ միտքն ու ազատ խիղճը նույն կերպ ճնշման են ենթարկվելու:
– Համեմատություն անցկացրիք Ռուսաստանի հետ, իսկ եթե համեմատեք Հայաստանի տարբեր իշխանությունների ժամանակահատվածնե՞րը:
– Գրառումներ ասվածը մի փոքր նոր երևույթ է, ու այս առումով մենք համեմատության եզր մաքսիմում ունենանք Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կտրվածքում, իսկ այդտեղ Սերժ Սարգսյանը հաղթած դուրս կգա: Բայց, առհասարակ, հրապարակախոսությունը քրեական արդարադատության մեթոդներով, բռնությամբ ճնշելու ու այլ մեթոդների առումով, երևի ամենանմանը մեր 2000-ականներին է նման հիմա: 2000-ականներին իշխանություններն ամենազգայունն ու քինախնդիրն էին քննադատության հանդեպ, ինչպես հիմա:
– Օրվա իշխանությունն ինչո՞ւ է իրեն այսկերպ դրսևորում, պարո՛ն Նահապետյան:
– Որովհետև կարողանում է ու միշտ է այդպես: Մեր ընկերներից մեկը միշտ իր պապի խոսքն է մեջբերում, ասում է՝ երբ այդ մարդն առաջին բաժակը բարձրացնում էր, ասում էր՝ «մենակ մարդու հերն անիծեմ», թոռը հարցրել է ինչո՞ւ, պատասխանել է՝ «որովհետև կարող եմ»: Շատ պարզ է, եթե քեզ հասանելի է բացարձակ իշխանություն, ապա դու դա իրացնելու ես, եթե դրա նկատմամբ չկա դիմադրություն:
– Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը չէր կարող, դրա համա՞ր չէր անում:
– Այո՛, բայց նաև այն պատճառով, որ նա գիտակցում էր, որ դա անմիջապես հանգեցնելու է այնպիսի մթնոլորտի, որի հետ ինքը չի կարողանալու բալանս պահել, ինքն այդ առումով բավականին հաշվարկող ու շրջահայաց մարդ էր ու հասկանում էր, որ որևէ ոչ անհրաժեշտ ճնշումների կարիք չկա: Նրան ավելի հոգեհարազատ էին կուլիսային պայմանավորվածությունների, խարդավանքի, մարդկանց առնելու, կաշառելու մեթոդները, բռնությունները, որպես կանոն, իր գործիքակազմը չէին:
Այստեղ մեծ դերակատարում ուներ նաև այն փաստը, թե ինքն ինչպես էր իշխանություն ստացել, որովհետև իր իշխանության առաջին կեսը հիմնականում, իսկ երկրորդ կեսը՝ որոշակիորեն մարտի 1-ի ստվերի տակ էր, ու նա ուներ գիտակցում, որ մեկ իշխանության ընթացքում երկու արյունահեղությունը կարող է չմարսվել:
– Ասում եք, որ ազատ խոսքն է լռեցվում, այս իշխանությունը այլակարծություն չի հանդուրժում, բայց նույն իշխանությունը, իրավական համակարգն ասում են, թե կոնկրետ անձինք ատելության խոսք են տարածում, սպառնալիք, խուլիգանություն, ստացվում է, որ համաձայն չե՞ք իրավապահ մարմինների գնահատականներին:
– Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանում քաղաքական խոսքի ընդհանուր կանոնը, որովհետև պետք է պատժվեն կանոնից բացառությունները: Ընդհանուր խոսքի կանոնը Հայաստանում բացարձակ Լորդերի պալատին բնորոշ խոսքի կանոն չէ, ու այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչն է իրավապահների աչքը ծակել, այսինքն՝ ինչը մեղսագրվում է հանրային գործիչներին, պետական պաշտոնյաներն են անում, այդ թվում՝ էլ չեմ խոսում իրենց երրորդ կալոդի պրոպագանդիստների մասին, որոնք ուղիղ հայհոյանքներ, սպանելու սպառնալիքներ ու այլ բաներ են հնչեցնում:
– Ակնարկում եք, որ ընտրովի արդարադատությա՞ն հետ գործ ունենք:
– Այո՛, այո՛:
– Պարո՛ն Նահապետյան, այս գործողություններով իշխանությունը ի՞նչ խնդիր է լուծում:
– Իշխանությունն ուզում է իր կառուցած պսևդոիրականության մեջ միայնակ մնալ, ու այնտեղ չհնչեն այլ ձայներ, որոնք վկայում են այլ իրականության մասին: Այդ մարդիկ այս ժողովրդի համար նկարում են մի մեծ ռեալիթի շոու, և մենք բոլորս ապրում ենք դրա մեջ, ու այդ ռեալիթի շոուի սցենարը հարամող ցանկացած գործողություն պատժվում է:
– Այս գործողությունների հետևանքով հնարավո՞ր է, որ այն մարդիկ, որոնք ձեր ասած շոուի սցենարին դեմ էին արտահայտվում, սկսեն լռել:
– Պայքարը վախճան չունի, միշտ լինելու են մարդիկ, որոնք պայքարելու են, այլ հարց է, որ իշխանության տարած ամեն հաղթանակ մի քանի կարգով դժվարացնում է նրանց նկատմամբ հաղթանակ տանելու հնարավորությունները: Բայց, ի վերջո, բոլոր բռնապետներն ունեցել են իրենց վախճանը՝ անկախ ձևերից:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















