Խաղաղությունը սկսվում է յուրաքանչյուրիս տնից, երբ դու կարող ես հանգիստ գնալ աշխատանքի, դպրոց ու խանութ, վերադառնալ տուն ու վստահ լինել, որ այնտեղ դարանակալված չէ ադրբեջանցի զինված զինծառայող։
Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկում արդեն խաթարվել է այդ խաղաղությունը։
Ադրբեջանցի զինծառայողը՝ Հայաստանի տարածք ներթափանցելու, բնակելի տուն մտնելու և զենք կիրառելու հետևանքով վիրավորել է երիտասարդ մորը, որը պաշտպանել է իր տունը, իր զավակներին։ Դա նշանակում է, որ նա մենակ է մնացել պետության անվտանգային խնդրի առջև և լուծել է այն միայնակ։ Մայրն է իր ձեռքով փակել երեխաներին ուղղված զենքը, իսկ հետո դեռահաս տղան է փորձել պաշտպանել մորը։
Ու հենց այստեղ պատմությունը դադարում է միայն ադրբեջանցի զինծառայողի մասին լինելուց, այլ դառնում է պետության անվտանգության պարտավորության մասին։ Որտե՞ղ էր նրանց պաշտպանելու պարտավորություն ունեցող պետությունը։ Ինչպե՞ս է զինված օտարերկրյա զինծառայողը հասել գյուղ, մտել բնակելի տուն և հայտնվել երեխաների առաջ։ Ինչպե՞ս է հնարավոր եղել, որ վտանգի մասին տեղեկություն ունենալու պայմաններում մարդը հայտնաբերվի արդեն քաղաքացիական բնակավայրում տեղի ունեցած բռնությունից հետո։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս պետք է պետությունը պատասխանի այս հանրային հարցադրումներին։
Հանրային տիրույթում հայտնի է, որ ահազանգից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցի զինվորին, դատախազությունը քրեական վարույթ է հարուցել, բայց այս քայլերը զուտ հետևանքների արձագանք են։ Նախորդ փուլի՝ կանխարգելման, վաղ իրազեկման և պատասխանատվության հարցերին հրապարակային պատասխաններ դեռ չկան, լռություն է։
Պետության և հանրության միջև վստահությունն այստեղ չի վերականգնվում միայն ձերբակալության փաստով. այն վերականգնվում է, երբ քաղաքացին տեսնում է, որ հարցերը քննարկվում, բացվում և ներկայացվում են հենց պետության կանխարգելման գործառույթի շրջանակներում, այլապես հանցագործությունների շղթան հասել է խաղաղ բնակչությանը վնասելուն, և պետությունն այլևս չէր կարող որևէ տեղեկատվություն կոծկել։ Փաստն այն է, որ պետական սահմանը խախտած ու զինված հանցագործին վնասազերծելու քայլերը բավարար չեն եղել, իսկ թե ինչո՛ւ, այդ հարցին պետք է պատասխանեն պատկան մարմինները։
Մայրը պետության պաշտպանական գիծը լինելու պարտավորություն չունի։ Նրա պաշտպանության պարտավորությունը պետությանն է։ Այն, որ Շաքիի ընտանիքը ստիպված եղավ ինքնուրույն դիմակայել առաջին րոպեներին, չպետք է դառնա հերոսական պատմություն, որը քողարկում է համակարգի թերությունները։ Այն պետք է դառնա հարց, որի պատասխանը հանրությունը պետք է ստանա։
Այս միջադեպը հատկապես կարևոր է նաև այն պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության գործընթացի շրջանակում պետք է ձեռնարկեն անվտանգությունն ու կայունությունն ապահովող միջոցներ։ Սակայն փաստաթղթում գրված խաղաղությունը և մարդու առօրյայում զգացած խաղաղությունը նույն բանը չեն։ Խաղաղության համաձայնագիրը կարող է ամրագրել սահմանների անձեռնմխելիությունը։ Բայց խաղաղության իրական արժեքը ստուգվում է այն պահին, երբ մարդը հարձակման չի ենթարկվում իր սեփական տանը։
Եթե խաղաղության պայմաններում քաղաքացին դեռ պետք է վախենա, որ զինված մարդը կարող է հասնել իր բնակավայր, մտնել իր տուն և երեխաների առաջ զենք բարձրացնել, ապա խաղաղության անվտանգության բաղադրիչը դեռ ամբողջությամբ չի հասել քաղաքացուն։ Ուստի այստեղ պետության ուղղակի պարտավորությունն է բացատրություն տալ, թե ինչ եղավ մինչև զենքի գործադրմամբ միջադեպը, և ինչու գործը հասավ քաղաքացու ինքնապաշտպանությանը, քանի որ խաղաղության ամենակարևոր չափանիշներից մեկը պետք է լինի անվտանգ տունը։
Եվ խաղաղության օրակարգի քննարկման համատեքստում մենք չպետք է սահմանափակվենք միայն Հայաստանի քայլերը քննարկելով, կա նաև մյուս կողմը՝ Ադրբեջանը, որտեղից է հայկական ընտանիք է ներթափանցել վտանգը։ Ադրբեջանի պարտավորությունն ամենևին չի ավարտվում «դասալիք զինծառայող» ձևակերպմամբ։ Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել է Լաչինի իր զորամասը, և նրա նկատմամբ Ադրբեջանում քրեական վարույթ է հարուցվել։
Եթե անգամ ընդունենք ադրբեջանական պաշտոնական վարկածը՝ որպես քննության ենթակա փաստական հանգամանք, դրանից չի նվազում մեկ այլ հարցադրման կարևորությունը։
Ի՞նչ է նշանակում զինված զինծառայողի՝ զորամասից ինքնակամ հեռանալու և Հայաստանի տարածք հասնելու հնարավորությունը երկու պետությունների անվտանգության համակարգերի համար։ Եվ ի՞նչ է նշանակում խաղաղության գործընթացի համար այն փաստը, որ մի զինված անձ կարող է հայտնվել հարևան երկրի քաղաքացիական միջավայրում։
Այստեղ անհրաժեշտ է տարբերակել անձի քրեական պատասխանատվությունը և պետության քաղաքական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության հարցը։ Մենք չունենք հիմք այս փուլում պնդելու, որ Շաքիի հարձակումը Ադրբեջանի պետության կողմից կազմակերպված գործողություն էր։ Բայց դա չի նշանակում, թե պետությունը կարող է սահմանափակվել միայն «դասալիք էր» ձևակերպմամբ։
Խաղաղության գործընթացը ենթադրում է նաև կանխատեսելիություն, վերահսկողություն, տեղեկատվության փոխանակում և այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազեցնում են նման միջադեպերի կրկնության հավանականությունը։
Երբ ադրբեջանցի զինծառայողի գործողություններից հայ ընտանիք է տուժում, խաղաղության մասին խոսող պետության արձագանքը պետք է ներառի ոչ միայն սեփական զինծառայողի կարգավիճակի իրավական պարզաբանումը, այլ նաև տուժած անձանց նկատմամբ պատասխանատվության և մտահոգության հստակ դրսևորում։
Ուստի, այս հարցերը վերաբերում են ոչ միայն Հայաստանի գործողություններին, այլ նաև Ադրբեջանի պատասխանատվությանը՝ իր զինված ուժերի նկատմամբ վերահսկողության, նման դեպքերի կանխարգելման, տեղեկության փոխանակման և դրանց հետևանքների նկատմամբ արձագանքի առումով։ Իսկ ո՞վ պետք է պահանջի այդ պատասխանատվությունը, եթե Հայաստանում, պաշտոնական տիրույթում, կասկածելի լռություն է։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am















