Կարելի՞ է բնության պաշտպանության մասին խոսել՝ միաժամանակ վտանգելով այն։ Կարելի՞ է միջազգային հարթակում հանդես գալ որպես կենսաբազմազանության պահպանության ջատագով՝ անտեսելով ու լռեցնելով սեփական երկրում հնչող բնապահպանական աղետ գուժող մտահոգությունները։
Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, այս հարցերը դարձնում է առավել հնչեղ ու տեսանելի։ Համաժողովի նախաշեմին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկի մասին ազդարարելը բացահայտում է այն հակասությունը, որը տարիներ շարունակ բարձրաձայնում են բնապահպան ակտիվիստներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, և միջազգային հարթակում հնչող կանաչ խոսույթը դեռևս չի նշանակում, թե բնության պաշտպանության սկզբունքը գերակայում է երկրի ներսում ընդունվող որոշումներում։
Այստեղ էլ ի հայտ է գալիս COP-ի երկդիմի իրողությունը։ Առաջինը միջազգային բարձր մակարդակի ներկայացվածությունն է, պաշտոնական ելույթներ, բնության պահպանության մասին հայտարարություններ, կանաչ զարգացման խոստումներ և գլոբալ պատասխանատվության մասին գեղեցիկ ձևակերպումներ։
Երկրորդն այն իրականությունն է, որին առերեսվում են բնակիչները, բնապահպան ակտիվիստները և իրավապաշտպանները՝ հանքարդյունաբերական ծրագրեր, վիճարկվող բնապահպանական գնահատումներ, բնական ռեսուրսների օգտագործման շուրջ հակասություններ, հանրային մասնակցության սահմանափակումներ և այն մարդկանց նկատմամբ ճնշումներ, որոնք պահանջում են որոշումների թափանցիկություն ու հաշվետվողականություն։
Այս երկու իրականությունները փաստացի գոյակցում են նույն երկրում, նույն ժամանակահատվածում՝ զուգահեռաբար։ Եվ որքան մեծ է դրանց միջև անջրպետը, այնքան ավելի ընդգծված է քաղաքական ցուցափեղկի վերածված կեղծիքը, որով քողարկվում են ամենածանր հանցագործությունները։
Այդպիսի մի դրվագ մենք արդեն վերապրել ենք 2024 թվականին, երբ Բաքուն հյուրընկալեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովը՝ COP29-ը։ Ադրբեջանը միջազգային հանրության առջև հանդես էր գալիս որպես կլիմայական օրակարգի հյուրընկալող և գլոբալ համագործակցության հարթակ տրամադրող երկիր, բայց ընդամենը մեկ տարի առաջ էր էթնիկ զտման ենթարկել Արցախը՝ ավելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանելով իրենց հայրենիքից։
Փաստացի, միջազգային հեղինակավոր միջոցառման հյուրընկալումը պետությանը տրամադրեց տեսանելիություն և դիվանագիտական հարթակ՝ լուսանցքում թողնելով բնիկ հայերի բռնի տեղահանման, մարդու իրավունքների խախտումների, պատասխանատվության և արդարության հարցերը։
Եվ մինչ Բաքվում կլիմայի պաշտպանության մասին խոսույթը ստվերեց մարդու իրավունքների խախտումների շուրջ առկա հարցերը, ապա Երևանում կենսաբազմազանության պաշտպանության մասին հայտարարությունները խորացրին բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային մտահոգությունները։
COP17-ի նախաշեմին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունը և դրա ցուցադրական բացումը լուրջ հարցեր են առաջացնում Հայաստանի բնապահպանական քաղաքականության վերաբերյալ։
Տարիներ շարունակ Ամուլսարի ծրագրի շուրջ բարձրաձայնվել են ջրային ռեսուրսների պաշտպանության, ապարների թթվային դրենաժի, սեյսմիկ ռիսկերի, կենսաբազմազանության և Ջերմուկի առողջարանային ապագայի հետ կապված մտահոգություններ։ Սակայն եթե տնտեսական շահը դիտարկվում է որպես բավարար հիմնավորում՝ բնապահպանական ռիսկերի շուրջ բարձրացված մտահոգությունները երկրորդայնացնելու և անտեսելու համար, ապա միջազգային հարթակներում հնչող կանաչ խոսույթը կորցնում է իր բովանդակային արժեքը։
Ի վերջո, փորձենք խնդիրներին նայել փայլուն փաթեթավորումից անդին, միջազգային համաժողովներն ավարտվում են, պատվիրակությունները մեկնում, պաշտոնական հայտարարությունները մնում են փաստաթղթերում, իսկ միջազգային ուշադրությունն աստիճանաբար տեղափոխվում է մեկ այլ երկիր, այլ խնդիրների վրա։ Բայց համայնքները մնում են իրենց հողի, ջրի, օդի և ապագայի հետ։ Մնում են այն որոշումների հետևանքները, որոնք ընդունվել են՝ անտեսելով վտանգներն ու հետևանքները։ Մնում են նաև այն մարդիկ, որոնք ստիպված են շարունակել պայքարը՝ մեծ ճնշումների ներքո։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

