Միշտ մտածել եմ՝ ինչպե՞ս է հնարավոր, որ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ 1915 թվականին ոչնչացվեր մի ժողովուրդ։ Ինչպե՞ս էին մարդիկ սպանվում, տեղահանվում ու վտարվում իրենց տներից խոշոր տերությունների լռության ներքո։ Ինչպե՞ս էին յուրացվում նրանց այգիներն ու ունեցվածքը, փոխվում տեղանունները, վերանվանվում եկեղեցիները, ջնջվում արձանագրություններն ու խեղաթյուրվում մշակութային ժառանգությունը։
Եվ ամենասարսափելին՝ ինչպե՞ս էր այդ ամենը տեղի ունենում մի աշխարհում, որը հիանալի գիտեր կատարվածի մասին։
Թվում էր, թե 1915-ից հետո մարդկությունը պետք է դասեր քաղած լիներ. սովորեր, որ ցեղասպանությունը միայն ֆիզիկական սպանությունը չէ։ Այն շարունակվում է նաև այն ժամանակ, երբ մարդուն զրկում են տնից, իսկ տունը կոչում ուրիշի անունով, երբ գյուղի անունը փոխում են, եկեղեցին՝ ապահայկականացնում, գերեզմանատունը՝ հողին հավասարեցնում, իսկ մշակութային ժառանգությունից ջնջում ստեղծողի ինքնությունը։
Սակայն 21-րդ դարում ես ստիպված եմ նույն հարցերը տալ արդեն Արցախի մասին։ Աչքիս առաջ 2023 թվականի բռնի տեղահանությունն է, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 12-ին Գանձասարում տեղի ունեցածը՝ այդ ամենի լեգիտիմացումը։ Այո, դա պարզապես հերթական դիվանագիտական արարողակարգ չէր։ Այն մի շատ անհարմար հարց բարձրացրեց. ի՞նչ է տեղի ունենում, երբ դիվանագետներին տանում են բռնի տեղահանված ժողովրդի հոգևոր կենտրոն, նրանց սնում պատմության քաղաքականացված կեղծիքով, իսկ նրանք… ծիծաղում են։
Խնդիրը միայն առանձին դիվանագետների էթիկան չէ, այլ հարցն այն է, թե ինչո՛ւ է միջազգային ներկայությունն օգտագործվում այսպիսի բեմադրություններում։ Դիվանագետի ներկայությունը քաղաքական ակտ է։ Նրա լուսանկարը, ժեստը և նույնիսկ լռությունը կարող են ընկալվել որպես իր պետության դիրքորոշում։ Դիվանագետի աշխատանքն է լսել ու գնահատել, բայց արդյո՞ք հարգալից վարքագիծը ենթադրում է դառնալ մի ժողովրդի մշակութային ողբերգությունը քաղաքական թատրոնի վերածելու մասնակից։
Գանձասարը պարզապես ճարտարապետական հուշարձան չէ։ Այն հայկական հոգևոր մշակույթի և մատենագրության առանցքային կենտրոններից է։ Այսօր, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով փորձում է հայկական քրիստոնեական հուշարձանները վերագրել «կովկասյան աղվաններին», դեսպանների խմբակային լուսանկարը Շուշիում կամ Գանձասարում վերածվում է քաղաքական ուղերձի՝ «Միջազգային հանրությունն այստեղ է, տեսնում է, մասնակցում է, և ամեն ինչ նորմալ է»։
Մարդու տունը միայն բնակարանի պատերը չեն. տունը նաև եկեղեցին է, գերեզմանը, դպրոցը, խաչքարն ու հանրային հիշողությունը։ Երբ մարդուն վտարում են իր տնից, իսկ հետո նրա մշակութային հետքը վերանվանում կամ յուրացնում են, մարդու իրավունքների խախտումը շարունակվում է մշակութային դաշտում։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (2021 թ. դեկտեմբերի 7-ի և 2023 թ. որոշումներով) Ադրբեջանին պարտավորեցրել էր կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի գործողությունները։ Սա նշանակում է, որ միջազգային դիվանագետները նման վայրերում պետք է ցուցաբերեն առավելագույն զգոնություն և տան պարզ հարցեր, թե որտե՛ղ են այս վայրերի բնիկ հայ բնակիչները, ո՛վ է անկախորեն փաստագրում նրանց թողած ժառանգության վիճակը։
Գանձասարի թանգարանում ցուցադրված դատարկ էջն այսօր դարձել է Արցախի ամենահամապարփակ խորհրդանշանը։ Դատարկ են հայկական տները, դպրոցները, եկեղեցիներն ու գյուղերը։ Եվ այդ դատարկության վրա հիմա փորձում են գրել նոր, կեղծված պատմություն։
Շատերը լուռ հետևում են կեղծիքի շքահանդեսին, իրենց լռությամբ դառնալով հանցագործության թվացյալ անտեսանելի ուղեկիցը։ Բայց այդ լռությունը ճեղքվում է դիվանագիտական քրքիջով, որը ստիպում է խոսել, բերելով կարևորագույն հարցերը պարզաբանման դաշտ։
Ուստի, ինչի՞ վրա էին ծիծաղում դեսպանները։ Եթե դեսպանները ծիծաղում էին ներկայացված «ապացույցի» անհեթեթության վրա, նրանք պետք է հանդես գան պարզաբանմամբ։
Պատմությունը ապագայում խոսելու է ոչ միայն նրանց մասին, ովքեր բռնություն էին գործադրում, այլև նրանց մասին, ովքեր տեսնում էին, լռում կամ՝ ծիծաղում։ Պատմությունը երբեմն դատում է ոչ միայն նրանց, ովքեր կործանում են, այլև նրանց, ովքեր կանգնած են կործանողների կողքին և ձևացնում են, թե ոչինչ չի կատարվել։
Գանձասարում այդ օրը դատարկ էր ոչ միայն ձեռագրի էջը։ Դատարկ էր նաև այն բարոյական տարածքը, որտեղ պետք է հնչեր ամենապարզ հարցը՝ որտե՞ղ են այստեղ ապրած հայերը։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

