Հայաստանում լրագրողները հաճախ ենթարկվում են բռնությունների, ԶԼՄ-ները՝ ճնշումների. «Լրագրողներ առանց սահմանների»

Հայաստանում լրագրողները հաճախ են ենթարկվում բռնությունների, ճնշումների թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից՝ խորհրդարանում, փողոցում, թե՛ սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցն է փաստում։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Իրավապաշտպան կառույցի Մամուլի ազատության ցուցանիշով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը 43-րդ հորիզոնականում է։

Կառույցի գնահատականներով՝ երկրում լրատվամիջոցների մեծ մասը շարունակում է ճնշումների ենթարկվել, մամուլի ազատությունը բավարար չափով չի պաշտպանվում, կառավարությունը տարատեսակ պատրվակներով սահմանափակում է պետական տեղեկատվության հասանելիությունը։

Փարիզում տեղակայված լրագրողական իրավապաշտպան կառույցը նկատում է, որ Հայաստանում լրագրությունն անարգված մասնագիտություն է, ենթարկվում է ատելության խոսքի, քաղաքական էլիտաները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» և հակառակորդներին ծառայելու մեջ՝ ստեղծելով անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Ոլորտը կարգավորող օրենսդրությունը, ըստ կազմակերպության, բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։

«Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ»

«Չնայած բազմակարծության միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ, երկիրը բախվում է աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի»,- երկրորդ տարին անընդմեջ պնդում է միջազգային կազմակերպությունը՝ կրկին շեշտելով, որ հայաստանյան լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը՝ բազմաթիվ լրատվամիջոցներ մոտ են իշխանություններին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, և միայն մի քանիսն են անկախ՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը։ Զեկույցի համաձայն՝ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։

Հայաստանը՝ մամուլի ազատության ցուցանիշով առաջատար տարածաշրջանում

Չնայած խնդիրներին, Հայաստանն, այդուհանդերձ, մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է մնում։ Վրաստանը 103-րդն է, Ադրբեջանը՝ 164-րդը, Թուրքիան՝ 158-րդը, Իրանը՝ 176-րդը, իսկ Ռուսաստանը՝ 162-րդը։

Ընդ որում, Վրաստանն անցյալ տարվա համեմատ կտրուկ նահանջել է՝ 26 դիրքով։ Իրավապաշտպան կառույցի կարծիքով՝ Մոսկվայի հետ կապերը սերտացնող Վրաստանի իշխող ուժը թշնամական քաղաքականություն է վարում մամուլի նկատմամբ։ Գահավիժել է նաև Ադրբեջանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-ների նկատմամբ բռնաճնշումների ալիքի պատճառով այդ երկրում անկում է գրանցվել բոլոր ցուցանիշներում, հատկապես՝ քաղաքական։

Շուրջ չորս տասնյամյակ աշխարհի լրատվամիջոցների ազատությամբ, լրագրողների պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական կազմակերպությունը, ուսումնասիրելով 180 երկրներում տիրող իրավիճակը, եկել է հետևյալ եզրահանգման՝ աշխարհում լրագրությունը քաղաքական ճնշումների տակ է։

Լուսանկարում՝ մամուլի ազատության ցուցանիշը աշխարհում։ Կանաչ գույն՝ լավ, դեղին՝ բավարար, նարնջագույն՝ խնդրահարույց, մուգ նարնջագույն՝ դժվար, կարմիր՝ շատ լուրջ
Լուսանկարում՝ մամուլի ազատության ցուցանիշը աշխարհում։ Կանաչ գույն՝ լավ, դեղին՝ բավարար, նարնջագույն՝ խնդրահարույց, մուգ նարնջագույն՝ դժվար, կարմիր՝ շատ լուրջ

«Գլոբալ առումով մի բան հստակ է՝ մամուլի ազատությունը վտանգված է հենց այն մարդկանց կողմից, ովքեր պետք է լինեն դրա երաշխավորը՝ քաղաքական իշխանությունը»,- հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ պնդելով, որ պետությունն ի վիճակի չէ պաշտպանել լրագրությունը։