«Արայիկ Հարությունյանի քաղաքականությունը լինելու է բյուջետային գումարներ ուղղել սեփական շրջապատի բիզնեսներին, որ ընտրությունների ծախսերը հանի». Հայկ Խանումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը

– Ձեր կարծիքով՝ ո՞րն էր նախարարության անվանափոխության՝ անվան մեջ «ռազմահայրենասիրություն» բառի ներառման պատճառը: Որքանո՞վ է դա նպատակահարմար:

– Ուղղակի հիմարություն է նման անուն տալ նախարարությանը: Ակնհայտ է, որ կրթական համակարգի, ընդհանրապես պետական տարբեր հաստատությունների, որոնք ուղղված են երիտասարդությանը, պատանեկությանը, որոնք քաղաքականություն են մշակում այդ ուղղությամբ, նրանց գործունեության արդյունքը պետք է լինի նաև ռազմահայրենասեր սերունդ դաստիարակելը:

Բայց երբ այդ ամենն անընդհատ շեշտվում է, պաթոս է մտցվում այդ ամենի մեջ, շատ հաճախ հակառակ արդյունքն ենք ունենում: Հետևաբար, ծիծաղելի է Արցախում այդ անունով նախարարություն ունենալը: 

– Նպատակը նոր հաստիքներ ավելացնե՞լն է:

– Դա իրականում նույն մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարությունն է, որը վերանվանել են ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն: Իսկ հաստիքները կավելանան այլ ուղղությամբ՝ նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, տարբեր վարչակազմերում և նախարարություններում: 

Սովորաբար Արցախում ուռճացված բյուրոկրատիայի պահպանումը նպատակ ունի վարչական ռեսուրս ստեղծել տարբեր քաղաքական ուժերի համար: Հիմա նոր դերակատարներ են հայտնվել քաղաքական դաշտում, գնացել են որոշակի գործարքների, նկատի ունեմ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը և անձամբ Սամվել Բաբայանին, պետք է ինչ-որ հաստիքներով բավարարեն և չկպչեն արդեն գոյություն ունեցող հաստիքներին: 

Մյուս կողմից էլ՝ կա Բակո Սահակյանի ժառանգությունը, որոշակի մարդիկ, որոնց պետք է աշխատավարձով ապահովի նոր նախագահը՝ նախկիններին, իր նախկին վերադասին չնեղացնելու համար: Մի խոսքով, ստեղծվում է մի մեծ, ուռճացված ապարատ: 

Սովորաբար Արցախում բյուրոկրատիան առանց այդ էլ ուռճացված է, և բյուջեի մի հսկայական հատված գնում է այդ ուռճացված բյուրոկրատիայի պահպանմանը: Ես՝ որպես նախկին պատգամավոր, և մեր կուսակցությունն ընդհանրապես անընդհատ հանդես ենք եկել այդ ուռճացված բյուրոկրատիայի կրճատման պահանջով:

Ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ պոպուլիստական պահանջ է և զգալիորեն կրճատում է մեր ընտրազանգվածը, որովհետև բնակչության մի զգալի շերտ ներգրավված է այդ ուռճացված բյուրոկրատիայում, բայց մենք, այնուամենայնիվ, հիմա էլ կարծում ենք, որ անիմաստ գումարներ ենք անարդյունավետ շռայլում՝ գրեթե ոչինչ չանող բազմաթիվ հաստիքներ պահպանելու համար: 

Էլի կլինեն նշանակումներ, և դրանց օրինակով ինքներդ կհամոզվեք, թե որքան նոր հաստիքներ են ավելացնելու Արցախում:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում նախօրեին ստորագրված Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան հուշագիրը:

– Առանձնահատուկ ու զարմանալի բան այդտեղ չկար: Դեռևս 2019 թվականի ամռանը այն ժամանակ ԱԱԾ տնօրենի քավորությամբ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանն արդեն իսկ համաձայնության են եկել:

Ես այդ ժամանակ՝ Վանեցյանի հետ հանդիպումից առաջ և հետո, Սամվել Բաբայանի հետ երկու անգամ հանդիպել եմ և հստակ եկել եմ այն տպավորության, որ Սամվել Բաբայանը պատրաստ էր խաղալ Արայիկ Հարությունյանի խաղը, այն է՝ վերցնել ընդդիմադիր ձայները, մտնել խորհրդարան, հետո միանալ Արայիկ Հարությունյանին ու բաժան-բաժան անել տարբեր ոլորտներ:

Հենց դրան էլ մենք ականատես եղանք: Այս տիպի քաղաքական խաղ կատարվել է նաև 2005 թվականին: Այն ժամանակ մի քիչ ուրիշ էին դերակատարները, Արայիկ Հարությունյանը մի քիչ այլ դիրքում էր, քան հիմա: Համենայնդեպս, նույն խաղն է խաղացվել: 

Երբ ժողովրդի մոտ փոփոխությունների պահանջ է առաջանում, սովորաբար մտածում են՝ ինչպես անել, որ այդ փոփոխություններն ուղղորդեն այլ հունով:

Եթե առաջ այդ հունը ղեկավարում էին արհեստականորեն իշխանության կաբինետներում ստեղծված քաղաքական ուժերը, այս անգամ մի քիչ ինքնաբուխ էր այդ ուժն ի հայտ եկել՝ ի դեմս Սամվել Բաբայանի կուսակցության, և Արայիկ Հարությունյանը որոշեց փոփոխությունների ձգտող զանգվածի տեր դարձնել Սամվել Բաբայանին:

Վերջինս շատ լավ այդ խաղը խաղաց: Բնականաբար, խորհրդարան անցնելուց հետո նա գնաց և ամբողջովին տրվեց Արայիկ Հարությունյանին և դրա դիմաց կստանա հաստիքներ, կստանա որոշակի դիրք և այլն: 

Թե՛ «Ազատ Հայրենիքը», թե՛ «Միասնական Հայրենիքը»՝ երկուսն էլ նեղ անձնական, խմբակային շահեր հետապնդող քաղաքական ուժեր են, օլիգարխիկ ուժեր են, հատկապես Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը, իսկ մյուսն էլ ուզում է դառնալ այդ տիպի ուժ: 

– Այսինքն՝ լուրջ սպասումներ, ակնկալիքներ չկա՞ն, որ Արցախում իրական փոփոխություններ կլինեն:

– Իհարկե չկան: Այս երկու քաղաքական ուժերի դաշինքը, ինչպես նաև տարբեր փոքր-մոքր սատելիտների միացումն իրենց մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս հանրային միջոցները ծախսել նեղ շրջանակի համար:

Իհարկե կփորձեն հնարավորինս շատ Երևանից փող պոկել, կարծես թե դրա նախադրյալները նույնպես կան, որովհետև Երևանում այնքան էլ հակված չեն հասկանալու, թե ինչ է կատարվում Արցախում, և կանեն այն, ինչ Ստեփանակերտից պահանջում են կամ ինչ իրենց կհամոզեն:

Ի դեպ, աչքերին թոզ փչելու ձևերն էլ են նույնը, երբ Նիկոլ Փաշինյանին տանում են ձեթի գործարան կամ բրիկետի ինչ-որ արտադրամաս: Սրանք նույն տրյուկներն են, որ կատարվում էին նաև նախկինում:

Մի խոսքով, դերակատարները մի քիչ փոխվել են, բայց մեթոդները, ուղղությունները մնացել են նույնը: Առաջիկայում ես ավելի մանրամասն կանդրադառնամ այս ամենին, ինչպես նաև հակաճգնաժամային վիճակին ու Արայիկ Հարությունյանի պատկերացումներին:

Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին Արայիկ Հարությունյանի գլխավոր քաղաքականությունը լինելու է հնարավորինս շատ բյուջետային գումարներ ուղղել սեփական շրջապատի բիզնեսներին, որպեսզի ընտրությունների ծախսերը հանի: Ես առաջիկայում տարբեր փաստերով ու փաստարկներով այդ ամենին կանդրադառնամ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am