Արևմուտքը Թուրքիային քարտ բլանշ է տալիս, որ Թուրքիան այստեղ իր ակտիվությունը ցուցաբերի. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի, Հայաստանի ու նաև Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչեցրած հայտարարությունները ի՞նչ ուղերձներ էին պարունակում։

– Հայկական կողմը շարունակում է իր քաղաքականությունը, որի նպատակն է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ ու խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ու Հայաստանի ներկայացուցչի առաջին հայտարարությունը հենց այդ նպատակին էր միտված, որ դիվանագիտական արտահայտություններով փորձեց ցույց տալ Հայաստանի այդ ձգտումը։ 

Բայց երբ թուրքական ու ադրբեջանական կողմերը սկսեցին իրենց տեսակետները ներկայացնել, պարզ դարձավ, որ նրանք օգտագործում են ավելի սուր հռետորաբանություն, մեղադրանքներ են հնչեցնում Հայաստանի հասցեին: Սա վկայում է այն մասին, որ այդ երկու կողմը շարունակում է իրենց քաղաքականությունը, որի նպատակն է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա ու զիջումներ կորզել առաջին հերթին Ադրբեջանի հետ այս բանակցային գործընթացում: 

Թուրքիան էլ մեկ անգամ ևս հաստատեց այն, որ Թուրքիան Հայաստանի հետ բանակցային գործընթացը կապում է առաջին հերթին Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի հետ, ու սպասում են, որ Հայաստանը գնա զիջումների։ Այստեղ Քըլըչի ելույթում երևաց մեկ առանձնահատկություն, որ նա սկսեց խոսել ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ՝ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, ու դա նա համարեց առաջնային։ 

Սա վկայում է այն մասին, որ Թուրքիան մի կողմից ուզում է ցույց տալ, թե ինքը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցությունները շարունակելու, բայց մյուս կողմից չի ուզում այս բանակցությունների ընթացքում ինչ-որ կոնկրետ խնդիրներ լուծվեն, սպասում է, որ Հայաստանը զիջումների գնա Ադրբեջանին, նոր հետո արդեն Թուրքիան որոշի, թե ինքն ինչ է անում Հայաստանի հետ, այսինքն՝ այդ ժամանակաշրջանը նա փորձում է ներկայացնել որպես փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման փուլ։ 

Սերդար Քըլըչի ելույթի հետ կապված հաջորդ դիտարկումը հետևյալն է, որ նա այստեղ ցուցադրեց իր դիվանագիտական կարողությունները՝ մեղադրելով Հայաստանին, թե վերջինս նախապայմաններ է առաջ քաշում բանակցային գործընթացում: Բայց մենք շատ լավ գիտենք, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան է նախապայմաններ դրել Հայաստանի առաջ, իսկ վերջին շրջանում արդեն Էրդողանի շուրթերով այդ նախապայմանները բնութագրվում են որպես պահանջներ Հայաստանին։ 

Ինչո՞ւ նա այդ հնարքը գործադրեց, որովհետև հիմնվեց նրա վրա, որ Հայաստանը վերջին շրջանում հայտարարեց, թե իմաստ չունի այս բանակցային գործընթացը, եթե կոնկրետ որևէ բան տեղի չի ունենում, մյուս կողմից էլ, որ Հայաստանը չէր համաձայնում, որ հանդիպում լինի Թուրքիայում կամ Հայաստանում, այլ միշտ կողմ էր երրորդ երկրում հանդիպումներ անցկացնելուն։ Ու սա ինքը համարեց Հայաստանի կողմից նախապայման, սա դիվանագիտական հնարք էր, որը հատուկ է թուրքական դիվանագիտությանը։ 

– Այդ նպատակո՞վ առաջարկեց հանդիպել Երևանում։

 – Այո՛, հենց դրա համար արեց այդ առաջարկը, բայց հետաքրքիր է, թե ինչու՛ հենց հիմա դա արեց, թեև իրենք միշտ էլ ասել են՝ կա՛մ Երևանում, կա՛մ Անկարայում հանդիպենք։ Ես կարծում եմ, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԵՄ ներկայացուցիչը շատ հստակ ձևակերպեց այն միտքը, որ Թուրքիան հատուկ դերակատարում ունի Հարավային Կովկասում, ու դա Թուրքիայի դիվանագիտական ձեռքբերումն է, որ ԵՄ-ն ընդունում է Հարավային Կովկասում Թուրքիայի հատուկ դերը ու որպես Արևմուտքի ներկայացուցիչ հանդես գալը։ 

– Այսինքն՝ Հարավային Կովկասում Արևմուտքը՝ որպես իր ներկայացուցիչ, տեսնում է Թուրքիայի՞ն։ 

– Բարդ հարց է, Թուրքիան, իհարկե, վաղուց է ձգտել դրան, ժամանակ առ ժամանակ Արևմուտքից հնչել են, բայց մեր տարածաշրջանային աշխարհառազմավարության նախորդ փուլում, երբ Ռուսաստանի դիրքերը եղել են շատ ամուր, Թուրքիան այդպիսի շանս չի ունեցել: Այ հիմա, երբ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է տարածաշրջանում, բայց իհարկե մնում է ու կմնա, Արևմուտքը Թուրքիային քարտ բլանշ է տալիս, որ Թուրքիան այստեղ իր ակտիվությունը ցուցաբերի։ 

Ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա: Ես կարծում եմ՝ սա մաս է կազմում այն գործարքի, որը վերջերս տեղի ունեցավ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, երբ Թուրքիան համաձայնեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը ու փոխարենը ԱՄՆ-ից ստացավ այդ F16 կործանիչները։ 

Այդ գործարքի շրջանակներում մենք կարող ենք արձանագրել, որ տեղի է ունենում Թուրքիայի ու Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի մերձեցման նոր փուլ։ Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ռազմավարական առումով Թուրքիան Արևմուտքի մաս է կազմում, բայց Թուրքիան ժամանակ առ ժամանակ իրեն թույլ էր տալիս լողալ դեպի Ռուսաստան, իսկ այդ գործարքը, որ տեղի ունեցավ, վկայում է այն մասին, որ հիմա Թուրքիայի այդ սիրախաղը Ռուսաստանի հետ մի քիչ ավելի սառում է, մանավանդ որ տեսնում ենք, որ Պուտինի այցը Թուրքիա անընդհատ հետաձգվում է։ 

Սա կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան կամաց-կամաց սկսում է ենթարկվել ԱՄՆ-ի ճնշումներին, որովհետև գաղտնիք չէ, որ Թուրքիան օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, հիմա ԱՄՆ-ն ուժեղացրել է ճնշումը Թուրքիայի, մասնավորապես, նրա բանկային համակարգի վրա։ Սա այդ ընդհանուր պատկերն է, որ հիմա տեղի է ունենում, ու այս պատկերի մի փոքրիկ հատվածն է այն, որ Թուրքիան կարողացել է իր համար ԱՄՆ-ից ու ԵՄ-ից կորզել այդ հնարավորությունը, որի մասին հայտարարեց Տոյվո Կլաարը: 

Բայց ես համոզված չեմ, որ դա երկար կշարունակվի, այսինքն՝ որ Թուրքիան կներկայացնի ԵՄ-ին մեր տարածաշրջանում, որովհետև եվրոպացին էլ, Արևմուտքն էլ շատ լավ գիտեն Թուրքիային, ուղղակի հիմա նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման այս փուլում Հարավային Կովկասում Թուրքիային մի քիչ ավելի ակտիվության հնարավորություն տալը, ըստ արևմտյան ստրատեգների, նաև այստեղ Ռուսաստանին թուլացնելու ու Թուրքիային Ռուսաստանից ավելի հեռացնելու նպատակ ունի։ Սա բարդ դիվանագիտություն է, որի մաս են կազմում նաև հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական այս բանակցային գործընթացները։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, արձանագրո՞ւմ ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ կապված իրենց նպատակներից հետ չեն կանգնում։

– Իհարկե, Թուրքիայի կարևորագույն ռազմավարական նպատակն է աշխարհաքաղաքական առումով վերցնել Հարավային Կովկասն իր հսկողության ներքո, այստեղից դուրս մղել Ռուսաստանին ու թույլ չտալ, որ Իրանն իր ազդեցությունն ուժեղացնի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am