Ադրբեջանը կանխատեսելի է, և նոյեմբերի 9-ի փաստաթղթով պետք էր բացառել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը. Սիրանուշ Սահակյան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, դեկտեմբերի 19-ին լրանում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին տրված ժամկետը: Ի՞նչ կարող է փոխվել այդ ժամկետից հետո:

– Ադրբեջանական պրակտիկան հաշվի առնելով նախ՝ ամենավերջին օրը կամ նույնիսկ ժամկետի խախտմամբ են ներկայացնում դիրքորոշումները: Նաև՝ որպես կանոն, կատարում են գործողություններ, որոնք կնպաստեն ՄԻԵԴ-ին դրական տեղեկատվության տրամադրմանը: Ես ենթադրում եմ, որ ՄԻԵԴ-ին ներկայացվող պատասխանում կփորձեն արտացոլել, որ Ադրբեջանը Կարմիր խաչին հասանելիություն է տվել, ինչն էլ կարողացել է ապահովել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց շարժը:

Տեսեք, օրինակ՝ ՄԻԵԴ-ի կողմից սահմանված ժամկետին ընդառաջ վերականգնվեց գազամատակարարումը, և չի բացառվում, որ մինչև ՄԻԵԴ-ի կողմից որոշման կայացման պահը ադրբեջանական կողմը կատարի այնպիսի դրական գործողություններ, որոնք կկանխեն Ադրբեջանի դեմ անհապաղ միջոցի կիրառումը:

– Այսինքն՝ կբացվի՞ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

– Այո՛, բայց ես վստահ չեմ, որ դա կլինի վերջնական ու կբացառի ճանապարհի փակման նման գործելակերպի կրկնությունները: Ադրբեջանական կողմը փորձելու է ամեն կերպ համոզել դատական մարմիններին, որ խնդիրը քաղաքական է, ուստի նպատակահարմար չէ իրավական ատյանների միջամտությունը:

– Իսկ անհապաղ միջոց ի՞նչը կարող է լինել այս պարագայում, որը Եվրոպական դատարանը կարող է կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

– Միջոցները շատ հստակ են, օրինակ՝ վերականգնել գազամատակարարումը և ապաշրջափակել ճանապարհը՝ ապահովելով անխոչընդոտ շարժը Լաչինի միջանցքով: Դատարանը, կարծում եմ, ուղղակիորեն հենց այդ միջոցն էլ պետք է բավարարի դրական որոշման պարագայում:

Ցանկալի կլինի՝ նաև միջոց լինի, որ հետագայում նման գործողությունները չկրկնվեն, այսինքն՝ լավ կլինի՝ այս որոշմամբ ՄԻԵԴ-ը կանխի Ադրբեջանի հետագա մտադրությունները ճանապարհը փակելու մասին: Ի վերջո, միջանցքի շրջափակումը մարդասիրական աղետի ռիսկեր է պարունակում:

– Դուք իրավաչա՞փ եք համարում ռուսական խաղաղապահ ուժերի գործողությունները, նրանք արդյոք չունե՞ն մանդատ հարկադիր միջոցի կիրառմամբ ցրելու հավաքները այդ տարածքում:

– Հարցը վիճելիություն ունի, բայց, որպես կանոն, խաղաղապահ մանդատները ունենում են բացառապես խաղաղապահ առաքելություն: Եթե պետք է դիմեն զենքի գործադրմանը կամ հարկադիր միջոցներով խնդիրների լուծմանը, ապա պետք է լինեն հստակ կանոնակարգում ու հարկադիր գործողություններ կիրառելու համար անհրաժեշտ համապատասխան մանդատ:

Խնդիրներից խուսափելու համար, որպես կանոն, տրամադրվում է միջազգային մանդատ, որն իր մեջ ներառում է զենքի գործադրումը:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահ առաքելությանը, ապա, իհարկե, եռակողմ հայտարարությամբ ներդրվել է առաքելության իրականացումը, բայց հստակ կանոնակարգումներ չկան, ինչը երկուստեք կարող է շահարկվել ու չարաշահվել:

Մյուս կողմից՝ միջազգայնորեն չի ճանաչվում նրանց մանդատը, ինչը դարձյալ սահմանափակում է նրանց գործելու հնարավորությունը:

Այս բոլոր խնդիրները նոյեմբերի 9-ի դրությամբ բաց ու կանխատեսելի են եղել, այդ փուլում պետք էր այս մասին մտածել, ու այնպիսի ամբողջական կարգավորումներ տրվեին, որը հետագայում կբացառեր նման իրավիճակները:

– Նկատի ունեք՝ պետք էր ի սկզբանե՞ այս ամենի դեմն առնել:

– Իհարկե: Մենք նախորդ 3 տասնյակ տարիների ընթացքում բազմիցս տեսել ենք, որ սադրում են և անգամ դիպուկահարների միջոցով սպանում են քաղաքացիական բնակչությանը, դիտարկման սարքավորումների ներդրումից են հրաժարվել, հետևաբար հետպատերազմյան լարվածության ֆոնին չէին կարող բացառապես համագործակցող դիրքերից հանդես գալ:

Ադրբեջանի գործողությունները կանխատեսելի են՝ հաշվի առնելով այդ երկրում հայատյացության լայն քարոզչությունը: Պետք է հետևողականություն ու շրջահայացություն դրսևորվեին այդ փաստաթուղթը ստորագրելիս:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am