«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը
– Պարո՛ն Միսկարյան, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ «հետազոտությունները ցույց են տվել, որ Ամուլսարի հանքի շահագործումը շրջակա միջավայի վրա շատ փոքր ազդեցություն կունենա։ Հանքի շահագործման վերաբերյալ նախապես շրջանառվող բացասական պատմությունները հետազոտություններով առնվազն չեն հաստատվել»: Կոնկրետ հայտարարության ու հանքի շահագործման վերաբերյալ իշխանության որոշման մասին ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:
– Բոլորս էլ հիշում ենք Էլարդի ուսումնասիրությունը՝ Ամուլսարի հանքի շահագործման ազդեցության վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության հետ կապված: Այդ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այդ փաստաթուղթը (ՇՄԱԳ)՝ որպես այդպիսին, ՇՄԱԳ փաստաթուղթ չէ:
Մենք լավ հիշում ենք, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ինչպես էին բռնաբարվում օրենքները, ու այդ ՇՄԱԳ-ը, ըստ էության, այդ ժամանակ իբր հետազոտված, իբր ուսումնասիրված ու եզրակացություն հանդիսացող փաստաթուղթ էր: Բայց Էլարդի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ ՇՄԱԳ-ի ուսումնասիրություններն անհրաժեշտ ձևով չեն արվել, հետևաբար այդ ուսումնասիրութունների հիման վրա հանքի շահագործման թույլտվությունը նույնպիսի հանցագործություն է, ինչպիսին այդ ուսումնասիրությունները իբր կատարելուց հետո այդ ՇՄԱԳ փորձաքննության եզրակացությունը հաստատելը:
Այսինքն՝ ներկա իշխանությունները քիչ է որ կոծկեցին նախկին իշխանությունների հանցանքը, մի բան էլ ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ հաջորդ իշխանությունը որևէ կերպ չկարողանա պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային արբիտրաժային դատարանում, այսինքն՝ մեզ ավելի խոր թաղեցին այն փոսում, որ փորել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը:
Ինչ վերաբերում է Գևորգ Պապոյանի հայտարարությանը, ես ձեզ ասեմ, որ կան բոլոր հիմքերը պնդելու, որ հանքի շահագործման պարագայում ռիսկերը մեծ են, քան հակառակը պնդելու: Գոնե այն մյուս հանքերի դեպքում ինչ-որ հետազոտություն, ուսումնասիրություն, ազդեցության գնահատում եղել են, սրա դեպքում դա էլ չկա:
Միայն թթվային դրենաժի գնահատումը, որը, ինչպես ասացի, Էլարդի ուսումնասիրության մեջ նշվում էր, որ ուսումնասիրված է առհասարակ, այսինքն՝ թթվային դրենաժ չի լինելու, ըստ Պապոյանի, թթվային դրենաժի որևէ ուսումնասիրություն արված չէ, ջրերի վրա ազդեցությունը գնահատված չէ, իսկ մենք գիտենք, որ Ամուլսարը ջրահավաք ավազան է, ու այնտեղից ուղիղ ազդեցություն է ունենալու Արփա, Որոտան գետերի վրա, Կեչուտի ու Սպանդար ջրամբարների վրա, ինչպես նաև փոքր չէ ռիսկը, որ Սևանա լճի վրա կազդի:
Այդ ինչի՞ հիման վրա է Պապոյանը պնդում, թե որևէ փաստաթուղթ, ուսումնասիրություն առկա չեն, դա ուղղակի կենացների մակարդակում արվող հայտարարություն է: Իր ասած այդ նվազագույնը ինչպե՞ս են որոշելու, պետական պաշտոնյան ոչ թե պետք է բարի ցանկություններով առաջնորդվի, այլ՝ հստակ փաստերով ու փաստաթղթերով, իսկ եղած փաստաթղթերը չեն խոսում այն մասին, ինչ ասում է Պապոյանը:
– Գևորգ Պապոյանն ասում է, թե «այս պահի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրում 1600 աշխատող կա, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել։ Ամուլսարի հանքը հաջորդ տարի առնվազն մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե»: Խնդիրը ո՞րն է, որ դեմ եք այս ամենին, որ բողոքի ակցիաներ են իրականացվում:
– Խնդիրը հետևանքներն են. նախ՝ հիմա չի գործում այնպես, ինչպես պետք է գործի, այդ նույն Պապոյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ աշխատողների թիվը կարող է երկու-երեք անգամ ավելանալ, այսինքն՝ այդ հանքը լիարժեք չի աշխատում այս պահին, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Երկրորդ՝ այնպես չէ, որ այսօր հանքը բացվի, վաղն այդ աղետը լինելու է, այդ աղետը լինելու է տասնամյակների ընթացքում ու հանքի փակումից հետո շարունակվելու է: Մենք հիմա ահազանգում ենք հնարավոր հետևանքների մասին, որոնք ամենայն հավանականությամբ լինելու են, իսկ սրա հակառակ պնդումներ անողները ոչ թե պետք է դա պնդեն, որովհետև իրենք հավատում են Աստծո զորությանը, այլ պետք է պնդեն փաստաթղթերի վրա հիմնված, ինչը չի արվել:
– Ինչո՞ւ չի արվում, պարո՛ն Միսկարյան:
– Որովհետև իրենք էլ են հասկանում, որ դա անելու դեպքում արդյունքները բավարար չեն լինելու հանքը շահագործելու համար, իսկ իրենց պետք է փող լվանալ, պետք է ցույց տալ, որ տնտեսական առաջընթաց են ապահովել: Մարդկային կյանքն արժեք չունի պապոյանների համար:
– Իսկ հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաներն արդյունք կտա՞ն:
– Ինձ համար դժվար է ինչ-որ բան ասելը, որովհետև այս իշխանությունները շատ լուրջ են տրամադրված Հայաստանն ավերելու իրենց հետևողական գծի մեջ, կհասցնի՞ հաջորդ իշխանությունը կանխել այդ ամենը, թե՞ չէ՝ դժվար է ասել, բայց իրենք իրենց կամքով հետ չեն կանգնելու: Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ եթե որևէ գործողության համաձայն չենք, պետք է հեղափոխություն անենք, այսինքն՝ այս իշխանության հետ այլ ձևով խոսել, քան հեղափոխություն անելը, անարդյունավետ է:
Քրիստինե Աղաբեկյան


















