Առողջապահության նախարարը ստում է, լկտի սուտ է դա. ոչ մի փորձաքննություն նորմալ չի արվել, ոչ մի հետազոտություն չի արվել. Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, գործող իշխանությունը որոշեց, որ Ամուլսարի հանքի շահագործման համար «օրենսդրական որևէ արգելք չկա», և «Լիդիան Արմենիա» ընկերությունը ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքները վերսկսելու համար։ Կառավարության նման որոշումը սպասելի՞ էր։

– Որոշումն անակնկալ չէր, որովհետև եթե իշխանությունը ցանկություն ունենար հանքը չշահագործել, ապա դրա համար բոլոր հիմքերը կային, բայց ակնհայտ է, որ գործընթացը ձգձգում էին, ու վաղ թե ուշ սա լինելու էր։ Մյուս կողմից՝ իրենք օրենսդրական փոփոխություններ էին իրականացնում հատուկ «Լիդիանի» համար, հակասահմանադրական օրենքներ են ընդունել, որպեսզի «Լիդիանի» ՇՄԱԳ-ը, հիշում ենք, որ «Էլարդի» փորձաքննությունից հետո, պարզվեց՝ խոտան է, շահագործման հիմք հանդիսանա։ Այդ քայլերից պարզ էր, որ վաղ թե ուշ մենք փաստի առաջ ենք կանգնելու։

– Իսկ իշխանությունն ինչո՞ւ այնուամենայնիվ գնաց այս որոշմանը։

– Դե, այս իշխանությունն առանձնապես չի փայլում արժեքներին հավատարիմ մնալով։ Մարդկային, հումանիստական արժեքների բացակայությունը բերում է որևէ այլ արժեքի գերակայության, իրենց համար էլ է փողը դարձել գերակա արժեք, այսինքն՝ ինչպես նախկինում մարդն արժեք չէր, հիմա էլ է նույնը շարունակվում, ու փողի համար իրենք պատրաստ են ամեն ինչ անելու։ Դա ժողովրդավար պետություններին հատուկ վարքագիծ չէ, բայց մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը պոպուլիզմից ավելի առաջ չի գնացել։

– Դուք ասում եք, որ իշխանությունը հակասահմանադրական միջոցներ է կիրառել, որպեսզի այս հանքի շահագործումը հնարավոր լինի, պարո՛ն Միսկարյան, այդ ամենը որքանո՞վ են ձեզ օգնելու, որ կարողանաք խոչընդոտել այս գործընթացը։

– Իշխանությունը ոնց առաջ էր զավթված, նույնն էլ հիմա է, ու դատական համակարգում արվող փոփոխությունները՝ ԲԴԽ-ի, արդարադատության նախարարության և այլնի, ակնհայտ տանում են իշխանության վերջնական ուզուրպացիայի, այսինքն՝ դատական համակարգը նախկինների ձեռքից վերցվեց ու հիմա սահուն Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ է հայտնվում, դե, օրենսդիր ու գործադիր համակարգերը վաղուց իրենն էին, հիմա դատականի ուզուրպացիան է։

Էդ միջավայրում քաղաքացին ի՞նչ միջոցներով պետք է փորձի դատարանով հակասահմանադրական օրենքը չեղյալ համարել կամ Սահմանադրական դատարանով վիճարկել. ոչ մի շանս չկա՝ նախագահն իրենցն է, դատարաններն իրենցն են, քաղաքական այլընտրանքային ուժեր չկան, քաղհասարակությունը 2018-ից հետո ջլատվեց, մի մասը գնաց իշխանության հետ երկիրը «շենացնելու», մի փոքր մասն էլ խոր դեպրեսիայի ու հիասթափության մեջ է։

– Իսկ ի՞նչ պետք է արվի։

– Պետք է պայքարել, անհնազանդության միջոցով փորձել հետ կանգնեցնել իշխանություններին նման անհեռանկար քայլից, եթե չստացվի, դե, չգիտեմ, ամեն մարդ կորոշի իր համար, թե ինչ է անելու։ Մի մասը կարող է հեռանալ Հայաստանից, նույն Վայքից կան մարդիկ, որոնք այնտեղ բիզնես են դրել ու պատրաստվում էին արտահանում անել, բայց ասում են, որ հանքի շահագործման դեպքում ամեն բան թողնելու են, գնան Հայաստանից։

Անկեղծ ասած, ես էլ եմ մտածում, որ հանքը շահագործելու պարագայում իմաստ չկա այստեղ ապրել, ու խնդիրն այն է, որ Հայաստանում ոչ մի կերպ չի ձևավորվում ժողովրդավար իշխանություն։

– Առողջապահության նախարարը վստահեցնում է, թե բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն արվել ու արվում են, և, ըստ էության, որևէ խնդիր չկա։

– Սուտ է խոսում, առողջապահության նախարարը ստում է, դա լկտի սուտ է․ ոչ մի փորձաքննություն նորմալ չի արվել, ոչ մի հետազոտություն չի արվել, «Էլարդի» եզրակացությունն ամբողջը դրա մասին է։ Առողջապահության նախարարին խորհուրդ կտամ կարդալ այդ 300 էջը ու տեսնել, որ կա՛մ իրեն մոլորեցրել են, կա՛մ ինքը միտումնավոր ստում է։

Տնտեսական արդյունավետության մասով էլ ազնիվ չեն, դա էլ է միֆ, որ ասում են՝ ներդրումներ և այլն, այդ ընկերությունը 600 միլիոն պարտք ունի։

Ադրբեջանին զսպելու «հիմնավորումը» ևս շատ էժան մանիպուլյացիա է, շատ էժան։ Դրանո՞վ են երկիր պաշտպանում, կամ ո՞վ է ասում, որ չեն հարձակվի, բա Սոթքի վրա ո՞նց հարձակվեցին, հանք չկա՞ր։ Մարդկանց ուղղակի մոլորեցնելու միջոց է։

– Ըստ ձեզ՝ հանրային ընդվզում կլինի՞, նաև շատ քննադատեցին էկոակտիվիստներին, բնապահպաններին, որոնք այն ժամանակ շատ ակտիվ էին, ըստ քննադատողների, իսկ հիմա ձայն չեն հանում։

– Ես բոլորի անունից չեմ կարող ասել, բայց չեմ էլ կարող միայնակ այս խնդիրը լուծել առանց նրանց ընդվզման։ Ժողովրդի մի մասն էլ ես եմ ու ես ընդվզելու եմ։ Կընդվզի ժողովուրդը՝ շատ լավ, չի՞ ընդվզի՝ ուրեմն արժանի ենք այս իշխանություններին ու այն ավերածություններին, որ իրականացնում են։

Բնապահպանները կուրծք էին ծեծում, հիմա չեն ծեծում, դա չի նշանակում, որ նրանց քննադատողները պետք է նստեն տանը, ոչ մի բան չանեն, ու իրենց փոխարեն մի քանի հոգի իրենց կյանքն ու առողջությունը դնեն այդ պայքարի մեջ ու շնորհակալության փոխարեն էլ նման տափակ մեկնաբանությունների արժանանան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am