Ցեղասպանության վերաբերյալ գործի է դրվել Օվերտոնի պատուհանը. թուրքական լոբբինգը կիրառում են հայրենական իշխանությունները. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Վլադիմիր Մարտիրոսյանը

– «Որպեսզի մենք իմանանք՝ միլիոն ու կես մեր հայրենակիցների հասցեները, տեղերը։ Չունենք մինչև հիմա։ Ուզում եմ ազգանուններն արձանագրվեն։ Կարող է միլիոն ու կեսից շատ է կամ քիչ է։ Մեր երկիրն ինչո՞ւ մինչև հիմա այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվի։ Դա շատ կարևոր է նաև ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար։ Դրանից վատ մի՛ զգացեք։ Այլ նպատակ ման մի՛ եկեք։ Այլ նպատակ, բացի ազնիվ մղումներից, գոյություն չունի». սա իշխանության կողմից օրակարգ բերված թեզ է, որի մասին ասել է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Պարո՛ն Մարտիրոսյան, ձեր կարծքով Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ նման թեզի շրջանառությունն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Օրակարգը բավական երկար ժամանակ անթաքույց շրջանառության մեջ է դրվել իշխանության կողմից պատմական ու իրական Հայաստանի կոնցեպտով։ Իմ խորին համոզմամբ՝ վերջին զարգացումները, որոնք հատկապես վերաբերում են Ցեղասպանության ընկալմանն ուղղված փոփոխություններին, հենց այդ կոնցեպտի տարրերից մեկն են, որովհետև շատ հստակ երևում է այդ կոնցեպտի հեռահար նպատակը։ Ֆիքսել այն ամենը, ինչը կտեղավորվի իրական Հայաստանի, այսինքն՝ 2018-ից հետո ձևավորված Հայաստանի շուրջ, իսկ դրան նախորդածը թողնել պատմության մեջ ու գնալ առաջ։ 

Որքանո՞վ է դա հնարավոր. ես համոզված եմ, որ հնարավոր չէ, դա առաջարկներից մեկն է հասարակությանը, որը ՔՊ իշխանությունը փորձում է իրացնել, որովհետև, կարծես թե, մյուս բոլոր առաջարկները ձախողվել են։ Այսպիսի թեզ բավական երկար ժամանակ շրջանառության մեջ է եղել հենց Թուրքիայի՝ Ցեղասպանությանն ուղղված թուրքական քաղաքականության խնդիրների վերաբերյալ, որոնք հիմա կրկնվում են ներհայաստանյան դաշտում։ 

Դրա գերնպատակներից մեկն այն է, որ, այնուամենայնիվ, Ցեղասպանության դիսկուրսը և Հայոց ցեղասպանության դիսկուրսը տեղափոխվի պատմական, ակադեմիական, փաստահավաքագրման դաշտ, որտեղ շատ ավելի մեծ հնարավորություն կա նսեմացնելու, փոքրացնելու ու անէական դարձնելու։ Սա բավականին մեծ հնարավորություն է, որպեսզի այն համոզմունքը, որ ունի հայ հասարակությունը ու անքակտելի է, ուղղակի կոտրվի։ 

Հիշենք, թե ինչ արդյունքների է հասցրել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, որը պաշտոնական Երևանը, գոնե թե վերջին 30 տարիների ընթացքում, ունեցել է: Դա բերել է նրան, որ արտաքին աշխարհում, միջազգային հարթակներում, բարեկամ պետություններում այդ փաստն ընդունվել է որպես ցեղասպանություն իր ակադեմիական, քաղաքական, նաև իրավական գնահատմամբ։ Այսինքն՝ այս եղած իրողությունն այսօր 180 աստիճանով փոփոխվում է նույն իրական ու պատմական Հայաստանի կոնցեպտի համատեքստում: Այդ կոնցեպտի միակ շահառուն կարող է լինել ոչ միայն Հայաստանը, այլ նաև Թուրքիան ու Ադրբեջանը հիմնականում։ 

– Ստացվում է, որ գործող իշխանությունը կասկածի տա՞կ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, ու անգամ այս թեզի շրջանառությունը ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել Թուրքիայի համար։

– Երբ նրանք փորձում են խուսանավել ուղիղ որակումներից, տանելով ավելի մանիպուլյացիայի դաշտ, քաղաքագիտությունը շատ լավ որակում ունի. ի՞նչ է նշանակում Օվերտոնի պատուհան, երբ հասարակության մեջ ներբեռնվում են հասարակության մոտ կարծրացած երևույթների նկատմամբ կարծիքը փոխելու տեխնոլոգիաներ, դա նախևառաջ կասկածն է, արհեստական քննադատական մտածողության ներբեռնումն է, որն ուղղակիորեն այդ կարծրատիպը թուլացնում է, իսկ եթե թուլացնում է, դարձնում է նաև բավականին խոցելի։ 

Ցեղասպանության վերաբերյալ կիրառվում է նույն տեխնոլոգիան, նորից եմ կրկնում՝ ներհայաստանյան քաղաքական ու հասարակական դիսկուրսում երբևէ այդպիսի մոտեցում չի կիրառվել, այդ մոտեցումը մշակվել ու կիրառվել է Թուրքիայի կողմից՝ որպես Հայ դատի, Ցեղասպանության ու այլնի սնանկացման գործիք։ Սա ուղղակիորեն նույնությամբ հիմա կիրառվում է Հայաստանում, ու խնդիրն այն է, որ հայրենական իշխանություններն են դարձել այդ տեխնոլոգիայի կիրառման համար առաջին դրոշակակիրները, ու, անկախ նրանից, թե ինչպիսի փաթեթավորմամբ, ինչպիսի մանիպուլյատիվ գործիքներով դա կներկայացնեն, այդ թուրքական լոբբինգի բնույթը դրանից բացարձակապես չի փոխվում։ 

Ես կարծում եմ, որ ինչպես նախորդ բոլոր կոնցեպտները, այնպես էլ սա հաջողություն չի ունենա, նորից եմ կրկնում՝ խաղաղության պայմանագրից սկսած, արտաքին կողմնորոշման փոփոխությունից վերջացրած։ Այս պարագայում մենք գործ ունենք առիթի հետ, իսկ առիթը Ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է՝ ապրիլի 24-ը, ու կա որոշակի պլանային խոստում, որն այս իշխանություններն ուղղակիորեն իրականացնում են։ 

– Ինչու՞, պարո՛ն Մարտիրոսյան։

– Ես չգիտեմ պայմանավորվածությունների խորությունը, չեմ կարող մեկնաբանել, թե դա անելու պարագայում իրենք ինչ կստանան։ Կարծում եմ, որ այս իշխանությունների վրա պարտավորվածություններն ու արտաքին ճնշումներն այն աստիճանի բարձր են, որ դրանք ոչ թե փոխհատուցման կամ ինչ-որ բան ստանալու տրամաբանության մեջ են, այլ՝ ուղղակի պարտադրանքի։

– Հերթական միակողմանի հետքա՞յլն է։

– Այո՛։

– Այնուամենայնիվ, այս թեզն առաջ մղելով՝ էական արդյունքի կհասնե՞ն, թե՞ ոչ։ 

– Չեմ կարծում, թե էական արդյունքի կհասնեն, բայց կներկայացնեն որպես մի օրակարգ, որն առաջին անգամ մտցրեցին՝ անկախ արդյունքից, այսինքն՝ սա ևս մեր կողմից արվեց։ Ակնկալել, որ դրանից հետո հայ հանրության մտածողության մեջ որևէ բան կփոխվի, չեմ կարծում, իսկ դա շատ երկար ժամանակվա լոբբինգի արդյունք կարող է լինել, եթե դրա հնարավորություններն այս իշխանությանը տրվեն։ Այս կարճ ժամանակում չեմ կարծում, որ նրանք հաջողություն ունենան, որովհետև հասարակության արձագանքը, պատշաճ պատասխանն այս կոնցեպտին, իմ կարծիքով, բավականին առողջ են ու օպերատիվ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am