Փաշինյանի արածը  մանիպուլյացիա է, իսկ մանիպուլյացիայով երկիր չեն ղեկավարում. Դավիթ Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը

– Պարո՛ն Գալստյան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Արցախի վտարանդի կառավարության գոյությանը Հայաստանում, ինքնորոշման իրավունքին, ընդգծելով, որ «ԼՂ ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի Ադրբեջանի կազմում»։ Արցախի վերաբերյալ արված հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Եթե մի բառով բնութագրեմ՝ խայտառակ։ Այդ մարդն աղավաղված ու մանիպուլյատիվ կերպով փորձում է հերթական անգամ ինչ-որ բաներ ներկայացնել մեր հանրությանը։ Սա իրականության հերթական աղավաղումն ու խեղաթյուրումն է։ Նա ասում է մի բան, որոշ ժամանակ անց՝ լրիվ հակառակը, փորձելով արդարացնել բոլոր այն ձախողումները, որոնք կապված են իր անձի հետ։ 

Նույն Արցախի մասին ասում էր՝ «Արցախը Հայաստանն է ու վերջ», իսկ հիմա ասում է՝ «ինքնորոշման իրավունք ունի Ադրբեջանի կազմում»: Սա ասում է մի մարդ, որն իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, քննադատելով իշխանություններին, մեղադրելով հող վաճառելու համար, հիշում ենք՝ 2016-ի քառօրյայի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինչ հռետորաբանություն ուներ, դիվիդենտներ շահելու համար իր քաղաքական խմբի անդամները Ակնայում նկարվում էին ու ասում՝ «Ակնան իմ հայրենիքն է» և այլն։ Այդ մարդուն տրամաբանական առումով մեկնաբանելը շատ դժվար գործ է, ու ես շատ եմ ցավում, որ մինչ օրս հանդուրժում ենք նման իշխանություններին։ 

– Փաշինյանի խոսքով՝ իրենք չեն շեղվել իրենց նախընտրական ծրագրից, այո՛, խոսել են ինքնորոշման իրավունքի մասին, բայց սխալն այն է եղել, որ «չենք առերեսվել նրա հետ, որ այդ ինքնորոշումը հնարավոր է լինելու Ադրբեջանի կազմում»։ Արցախի որևէ իշխանություն ժողովրդին նման բան ասե՞լ է։

– Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին իշխանություններին մեղադրում էր հայրենիք վաճառելու համար, իսկ այսօր իր կողմից վաճառված է Արցախն ու արդեն իսկ աճուրդի հանված Հայաստանի սուվերեն տարածքները։ Իսկ ե՞րբ իմացավ, որ ինքնորոշման իրավունքը հնարավոր էր միայն Ադրբեջանի կազմում՝ մինչև 20 թվակա՞նը, թե՞ 2019-ի օգոստոսի 5-ին, երբ գոռում էր՝ «Արցախը Հայաստանն է ու վերջ», թե՞ դրանից հետո։ 

Նրա ոչ մի ասած իրականությանը չի համապատասխանում, կրկնում եմ՝ ամբողջը իրականության խեղաթյուրում է, նա ընդամենը պետք է խոստովանի, որ ամեն ինչ հենց ինքն է ձախողել ու ժողովրդին խնդրի՝ թույլ տալ իրեն ուղղակի հեռանալ։ Եթե նշում է, թե դա վաղուց որոշված էր, ապա ինչպե՞ս նա կարողացավ բանակցությունները սկսել իր զրոյական կետից։ Եթե բանակցային նման ժառանգություն էր ստացել, ինչո՞ւ է իրականությունը հասարակությունից թաքցրել։ 

Ասում էր, չէ՞, եթե Արցախի մասով ինչ-որ լուծում լինի, բոլորին հավաքելու եմ հրապարակում ու ասեմ։ Փոխարենը՝ մի օրում որոշում կայացրեց, որի հետևանքով այսօր ունենք բռնի տեղահանված արցախահայություն, որոնց վերադարձի իրավունքը փորձում է փակել, թույլ չի տալիս, որ տեր կանգնենք մեր ինքնորոշման իրավունքին։ Եթե չշարունակեմ այս շղթան՝ կարող եմ ասել, որ նա կրկին մեղավորներ կարգելու իր ավանդական գործին է լծվել, որպեսզի շարունակի իշխանության մնալ։

– Պարո՛ն Գալստյան, այսինքն՝ նման հայտարարությունների նպատակը սեփական քաղաքականությունն արդարացնե՞լն է։

– Նա չի կարող արդարացնել իր վարած քաղաքականությունը, ուղղակի այդ ամենն անում է, որպեսզի երկարաձգի իր իշխանության ժամկետը։ Նրա արածը մանիպուլյացիա է, իսկ մանիպուլյացիայով երկիր չեն ղեկավարում։ Մենք պետք է հասկանանք, որ կշեռքի մի նժարին դրված է մեր հայրենիքը, իսկ մյուսին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ու ժողովուրդը պետք է այս երկուսի միջև ընտրություն կատարի, որովհետև այդ երկուսը համատեղելի չեն, վեց տարի է՝ դրա ականատեսն ենք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am