Հայաստանը Դուբլինի խարտիային միանալուց ոչինչ չէր շահի, բայց Ռուսաստանից ցավոտ պատժամիջոցներ կստանար. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը 

– Պարո՛ն Մելիքյան, Հայաստանը չի միացել ԵՄ քաղաքական համայնքի Դուբլինի խարտիային: Այս փաստն ինչպե՞ս եք գնահատում ու ինչո՞վ եք պայմանավորում հայկական կողմի նման որոշումը։

– Մի շարք պետություններ ԵՄ քաղաքական համայնքի Դուբլինի խարտիային չեն միացել տարբեր պատճառաբանություններով կամ, անգամ, առանց հրապարակավ ներկայացված պատճառաբանությունների: Չեմ կարող ասել, թե կոնկրետ վարչապետ Փաշինյանն ինչո՛ւ չի ստորագրել այդ փաստաթուղթը, բայց ուշագրավ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ևս նույն կերպ են վարվել: 

Թուրքիայի նմանօրինակ պահվածքը կարելի է բացատրել նրանով, որ պաշտոնական Անկարան ցանկություն ունի ստանձնելու ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելուն ձգտող չեզոք և անկողմնակալ միջնորդի դերը, մինչդեռ այդ խարտիան ամբողջությամբ վերաբերում է եվրոպական համայնքի, այդ թվում նաև՝ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու միջոցների նկարագրությանը: 

Ադրբեջանի պաշտոնատարներն արդեն իսկ հայտարարել են, որ Բաքուն նպատակահարմար չի գտնում միանալ քաղաքական պարտավորություններ սահմանող որևէ փաստաթղթի և կայացած գագաթնաժողովը դիտարկում է զուտ որպես միջազգային շփումների համար օգտակար հարթակ: Բայց Ադրբեջանը նաև, ի տարբերություն Հայաստանի, ԵՄ անդամ դառնալու հավակնություններ հանդես չի բերել: 

Հայաստանը, պաշտոնապես հռչակելով Եվրամիությանն անդամակցելու իր նպատակադրումը, շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից ու ՀԱՊԿ անդամ, դա նշանակում է, որ քանի դեռ Հայաստանը չի չեղարկել համապատասխան միջպետական երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերը, պաշտոնական Երևանը Ռուսաստանի շահերին հակասող, թշնամական բովանդակություն պարունակող նախաձեռնություններին միանալուց պետք է ձեռնպահ մնա: 

– Որոշումը, ձեր գնահատմամբ՝ ինքնուրո՞ւյն է կայացվել, թե՞ ինչ-ինչ ճնշումներ են եղել հայկական կողմի վրա:

– Չեմ կարծում, որ այդ որոշումը կայացվել է արտաքին ճնշման հետևանքով: Ակնհայտ էր, որ խարտիային միանալուց Հայաստանը որևէ էական բան չէր շահելու ԵՄ-ի հետ առկա հարաբերությունների համատեքստում, մինչդեռ Ռուսաստանի կողմից անմիջապես կարող էին հետևել լրացուցիչ և, հատկապես ձմռան շեմին, ցավոտ նոր պատժամիջոցներ:

– Պարո՛ն Մելիքյան, այս որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Եվրամիություն ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա։

– Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար այս որոշումը էական բացասական հետևանքներ դժվար թե ունենա, մանավանդ եթե հիշենք, որ տառացիորեն նախօրեին Հայաստանը ՀԱՊԿ-ում զրկվեց ձայնի իրավունքից: Այսինքն՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցը ունակ է կոմպենսացնելու պաշտոնական Երևանի կողմից Դուբլինի խարտիան չստորագրելու հանդեպ ԵՄ անդամների պոտենցիալ բացասական վերաբերմունքը, չեզոքացնել այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հանդեպ ծագող անվստահությունը: Փոքրիկ Հայաստանը հալածյալ է, որը խիզախորեն միայնակ դիմագրավում է Ռուսաստանին՝ իր իսկ բնում: Սա չի կարող չգնահատվել եվրոպացի «ռոմանտիկ» առաջնորդների կողմից: Առայժմ:

– «Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստանի Դաշնություն՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում»,- հայտարարել է Փաշինյանը։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։

– Հարցն այն է, թե կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի ինքը՝ վարչապետ Փաշինյանը: Հավանաբար, հայկական կողմի համար առավել կարևոր խնդիրը Ռուսաստանի կողմից տնտեսական համագործակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների չեղարկումն է: Եթե ճիշտ եմ հասկանում, վարչապետ Փաշինյանը դեկտեմբերին այդ հարցը լուծելու երեք փորձի հնարավորություն կունենա: Երևի թե առաջին երկու փորձերն անպտուղ կլինեն, և միայն երրորդը գուցե մասնակի մի արդյունք տա:

– Դատելով իշխանության այս քայլերից՝ կարո՞ղ եք բնութագրել Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությունը։

– Վարչապետ Փաշինյանն ու իր թիմը 2020 թվականից ու Արցախի կորստից ի վեր ձգտում են լուծել մեկ գերխնդիր՝ բոլոր հնարավոր միջոցներով ապահովել սեփական իշխանության և խորհրդային սահմաններով Հայաստանի Հանրապետության գոյության շարունակականությունը: Վարվող արտաքին քաղաքականությունը կոչված է ապահովելու այս գերխնդրի լուծումը, և պետք է ասեմ, որ դրսի աջակցությունն այս հարցում շատ ծանրակշիռ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am