«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, Բաքուն հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու համար, օրեր առաջ էլ Հիքմեթ Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել էր որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։ Ձեր քաղաքական թիմի ընդդիմախոսները ձեզ մեղադրում են Բաքվին համարժեք պատասխան չտալու համար, որովհետև, ըստ նրանց, դուք վախենում եք Ալիևից: Բաքվից հնչող հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում, քննադատություններին ինչպե՞ս կարձագանքեք:
– Խոսակցությունները՝ իշխանություններին քննադատելու, այս կամ այն պրոցեսին արձագանք տալու, հատկապես եթե դա վերաբերում է Ադրբեջանին, կհիշեք, թե անցած շաբաթ ինչպիսի խոսակցություններ էին խորհրդարանում տեղի ունենում, և ես պետք է ասեմ, որ կարծես շատ սինքրոն են գործում, ու տեսնելով, որ այս մասով կարողանում են աղմուկ բարձրացնել Հայաստանի ներսում, շարունակում են այս պրոցեսն ավելի զարգացնել, իսկ ընդդիմությունն էլ այստեղ սկսում է իշխանություններին ուղղված քննարկումներն ու քննադատությունները:
Առաջին տպավորությունս այն է, որ միասին են աշխատում, բայց ես մի բան կասեմ, որ իրականում խաղաղության օրակարգի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Ադրբեջանի նախագահը խոսել են այն մասին, որ հոգ են տանում, որպեսզի խաղաղությունը չխաթարվի: Հարցեր հնչում են թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից, խոսակցություններ լինում են թե՛ մեր կողմում, թե՛ իրենց, բայց, բնականաբար, այդ հայտարարությունները պետք հասցեագրվեն ու լուծում ստանան բանակցությունների շրջանակներում, բայց ոչ՝ կոշտ արձագանքների միջոցով:
Պայմանավորվածությունն այնպիսին է, որ ցանկացած հարց պետք է լուծում ստանա բանակցությունների միջոցով, ինչպես եղավ սահմանազատման հարցը: Հետևաբար, նման հարցեր, հայտարարություններ եղել են, կան ու էլի կլինեն, բայց դրանց պետք է սուր արձագանք չտրվի, ոչ թե որ վախենում ենք, այլ որ հավատարիմ մնանք ձեռք բերված պայմանավորվածություններին: Ես մի ռեպորտաժ եմ տեսել՝ դեռ 2007 թվականին պատրաստված, որ Ադրբեջանը գիրք է հրատարակել պաշտոնական մակարդակով ու որոշ հայկական տարածքներ, այդ թվում՝ Գանձասարը անվանել են ադրբեջանական: Այն ժամանակվա իշխանությունը որևէ արձագանք չի տվել դրան, հետևաբար ո՛վ-ո՛վ, ընդդիմությունը թող արձագանքելու մասին չխոսի:
– Ստացվում է, որ չե՞ք ընդունում քննադատություններն առ այն, որ ձեր թիմի կողմից Ադրբեջանին պատշաճ արձագանք չի տրվում:
– Ընդդիմությունը կոնկրետ, նպատակաուղղված ջուր է լցնում հարևան երկրի ջրաղացին, որպեսզի հնարավորինս կոնֆլիկտի մեջ ներքաշի Հայաստանին, ինչպես միշտ են արել: Իրենք ինչքան էլ խոսում են խաղաղության մասին, բայց ավելի շատ իրենց կոնֆորտ են զգում կոնֆլիկտի ժամանակ, որովհետև այդ ժամանակ են իրենք կարողացել իշխանության գալ, հիմա էլ են ուզում դա օգտագործելով իշխանության գալ, ինչպես նաև մեր երկիրը տանել մեկ երկրից կախվածության, դա է իրենց նպատակը:
– Ի՞նչ օգուտ ունեն դրանից:
– 30 տարի շարունակ այդ վիճակում են պահել երկիրն ու անընդհատ վերարտադրվել են, էլ չեմ խոսում թալանի մասին, դուք տեսնում եք, թե ինչ գույքերի ու կարողությունների են տիրապետում այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները, ինչը, բնականաբար, մեզանից յուրաքանչյուրն իր մտքով անգամ չէր անցկացնի, դրա կեսի չափն անգամ մեր մտքով չէր անցնի:
– Տիկի՛ն Ղազարյան, ընդդիմությունն իհարկե հակառակն է պնդում, որ դուք այս 8 տարվա մեջ լավ էլ հասցրել եք կապիտալ ձեռք բերել:
– Թող մեկին նշեն, որ կարողացել է 8 տարվա մեջ Երևանի կենտրոնում 43 անշարժ գույք ունենալ կամ 20 տարեկանում դարձել է միլիարդատեր, չկա նման բան: Այն, ինչ արել են իրենք, աննախադեպ է, Հայաստանին նպատակաուղղված կեղեքել են:
– Գալով կրկին Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ այդ ֆոնին կարո՞ղ եք ասել, որ Ադրբեջանն իսկապես ձգտում է Հայաստանի հետ խաղաղության:
– Երբ որ խաղաղության պրոցես ենք սկսել, դա այնքան էլ հեշտ չի եղել, նման որոշման գալն ու դա պահելը շատ դժվար են եղել, մենք շատ դժվարությամբ հասանք այդ կետին, ու չպետք է մոռանալ, որ 30 տարի մենք եղել ենք թշնամական պետություններ ու մեկ օրում չենք կարող ընդհանուր հայեցակարգ փոխել: Բայց պետք է համեմատենք 2020 թվականից մինչև այսօր եղած իրավիճակների միջև ու կտեսնենք, որ տարեցտարի ավելի է նվազում տարատեսակ հայտարարությունների հնչեղության մակարդակը: Պետք է գնալ խաղաղության ճանապարհով:
Հնարավոր է, որ մեր կողմից ևս հնչում են հայտարարություններ, որոնք այնտեղ էլ սուր են ընդունվում, միայն մենք չէ, որ զգայուն ենք: Այնպես որ, երկուստեք պետք է կարողանանք ուշադիր լինել ու առաջնահերթ համարենք խաղաղության օրակարգը, որը որդեգրել ենք: Մենք պետք է վստահություն ունենանք, որ Ադրբեջանը հետևողական կմնա խաղաղությանը միտված գործընթացին, ինչի պատրաստակամությունը հայտնել է ամենաբարձր մակարդակով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















