Արտահերթ ընտրություններով Փաշինյանը փորձում է ճնշել ընդդիմությանը՝ Սահմանադրության փոփոխության համար ձայներ ստանալու նպատակով․Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունների գնալու սցենարը, եթե իրենց չհաջողվի խորհրդարանական ընդդիմությանը համոզել Սահմանադրությունը փոխելու հարցում: Ի՞նչ նպատակով է նման հայտարարությամբ հանդես գալիս Փաշինյանը:

– Միգուցե փորձում է ճնշում գործադրել ընդդիմության վրա, որպեսզի ստանա իրենց անհրաժեշտ, բայց պակասող ձայները՝ սահմանադրական մեծամասնություն ունենալու ու Սահմանադրությունը խորհրդարանում ընդունելու համար: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարելիս փորձում է հասկացնել ընդդիմությանը, որ հաջորդ խորհրդարանում նրանք կարող են չլինել կամ ավելի քիչ թվով ներկայացված լինել: Սա է իր խաղը, բայց դա այդքան էլ հեշտ չէ, որովհետև շատ լուրջ խնդիրներ կարող են լինել այդ ճանապարհին, այնպես չէ, որ պլանավորվածն ամբողջովին իրականություն կդառնա

– Իսկ ընդդիմությունն այս պարագայում ի՞նչ պետք է անի:

– Դա իրականում բարդ հարց է: Հայաստանն իրականում ինքնաբավ երկիր չէ, դուք գիտեք, որ դեկտեմբերին ԵԱՏՄ նիստն է, որտեղ կարող են որոշել Հայաստանին կառույցից դուրս թողնել, իսկ սա կնշանակի, որ հունվարից Հայաստանում սոցիալական վիճակի կտրուկ վատթարացում կլինի, եթե մենք հաշվի առնենք այն բոլոր զգուշացումները, որ արվել են Ռուսաստանից՝ գազի թանկացում, գումարների հոսքի կրճատում, արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանում գտնվող հայերի պարտադրված վերադարձ Հայաստան: Այս ամենը կարող են բերել սոցիալական վիճակի լարման: Իսկ թե որքանո՞վ կարող է այդ լարումն իրավիճակ փոխել, ժամանակը ցույց կտա, բայց ընդդիմությունը մեծ հաշվով ոչինչ չի կարող անել, կարող է ստեղծել «Ո՛չ»-ի շարժում, բայց դա ոչ մի արդյունք չի տա, ինչպես չտվեց 2015-ին: 

Այս անգամ կարող է նաև դեր խաղալ օրենքի այն փոփոխությունը, որ վերջերս արեցին, համաձայն որի ընտրական գործընթացի կամ հանրաքվեի չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին, հայրենիքում չեն եղել: Իշխող քաղաքական ուժն այնպես է հարմարեցրել օրենսդիր դաշտը, որ շատ հեշտությամբ կարող է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ: 

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա պետք է նկատել, որ Հայաստանում միշտ էլ իշխող քաղաքական ուժին հաջողվել է իր համար ցանկալի մեծամասնություն ստանալ խորհրդարանում, ընդդիմության անելիքն այն է, որ պետք է բանակցություններ սկսի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, փորձի ստանալ նրանց քաղաքական աջակցությունը, ինչպես իշխանությունն ունի ԵՄ-ն ղեկավարող գլոբալիստների քաղաքական աջակցությունը:

Ընդդիմությունը պետք է փորձի ստանալ առնվազն Իրանի կամ Ռուսաստանի քաղաքական աջակցությունը ու փորձի այստեղ իշխանափոխություն անել, դա ավելի հեշտ է, քան ընտրություններում հաղթելը կամ Սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկելը: Պետք չէ, որ ընդդիմությունը սպասի մինչև արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունները, նա կարող է ավելի շուտ իշխանափոխություն անել: Այսինքն՝ եթե ընդդիմությունն իսկապես ուզում է արդյունքի հասնել, չի սպասի, կգործի:

– Իսկ այս պարագայում, երբ ընդդիմության առաջնորդների ազատությունը սահմանափակված է, հնարավո՞ր է, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանին հաջողվի ստանալ սահմանադրական մեծամասնությունն ապահովող քվեն:

– Ոչինչ չի բացառվում, բայց այնպես էլ չէ, որ առաջնորդների ազատության մեջ լինելը խանգարեց իշխող քաղաքական ուժին: Ժողովրդի ակտիվ մասնակցությունն էր, որ թույլ չտվեց ապահովել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում: Եթե մասնակցությունն այս անգամ քիչ լինի, ապա վարչական ռեսուրսի կիրառմամբ կարող է և ապահովել սահմանադրական մեծամասնություն: 

– Պարո՛ն Բադալյան, բացառո՞ւմ եք, որ իշխանությունը կկարողանա ընդդիմությունից կորզել իրեն անհրաժեշտ ձայները՝ խորհրդարանում Սահմանադրության փոփոխությունն անցկացնելու համար:

– Ես այլևս քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում, ոչ մի բան, բայց չեմ էլ կարող պնդել: Օրինակ՝ «Հայաստան» դաշինքում 11 պատգամավոր են, ու այնտեղից ձայն չի կարողանա ստանալ, այնտեղ իրեն ձայն տվող չկա՝ դաշնակցականները ձայն չեն տա, մյուսներն էլ Քոչարյանի թիմից են, չեն տա: Իսկ «Ուժեղ Հայաստանից» ձայն տանելը՝ չեմ կարող ասել, համենայնդեպս, հայտարարել են, թե ձայն չեն տա, բայց, կրկնում եմ, որ քաղաքականության մեջ այնքան բան եմ տեսել, որ ոչինչ չեմ բացառում հարյուր տոկոսով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am