Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում է նաև հայազգի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը։ 39-ամյա բժիշկն այս պաշտոնի համար առաջադրված յոթ թեկնածուներից ամենաերիտասարդն է, գրում է Euronews-ը։
Թամամյանի թեկնածությունն առաջադրել է Բոտսվանան։ Նա նաև միակ թեկնածուն է, որը նախկինում երբևէ չի աշխատել Միավորված ազգերի կազմակերպության համակարգում։ Բժիշկն իր այս փորձառությունը համարում է առավելություն՝ նշելով, որ կարող է ԱՀԿ-ին առաջարկել նոր մոտեցումներ։
Ժնևում անցկացված թեկնածուների համաժողովի շրջանակում Euronews-ին տված հարցազրույցում Թամամյանը նշել է, որ որպես գործող բժիշկ՝ անձամբ է առնչվել ԱՀԿ-ի հանձնարարականների գործնական կիրառմանը և տեսել, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ հիվանդների ու նրանց ընտանիքների համար։
Նրա մասնագիտական գործունեությունն ընդգրկում է բժշկական պրակտիկան, առողջապահական համակարգերի զարգացումը, միջազգային դիվանագիտությունն ու հակամարտությունների գոտիներում մարդասիրական աշխատանքը։
Թամամյանի նախընտրական կարգախոսն է՝ «Աշխարհագրությունը չպետք է որոշի, թե ով կապրի»։ Նա ընդգծում է, որ առողջապահության հասանելիությունը չպետք է կախված լինի մարդու բնակության վայրից կամ երկրի տնտեսական հնարավորություններից։
«Մարդը մարդ է՝ անկախ նրանից, թե որտեղից է»,- ասել է Թամամյանը՝ շեշտելով համաշխարհային առողջապահության ոլորտում հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։
ԱՀԿ-ի ապագա ղեկավարի առաջնահերթ խնդիրներից է լինելու կազմակերպության նկատմամբ վստահության վերականգնումը։ 2026 թվականին ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից, իսկ Արգենտինան նույնպես հայտարարել է կազմակերպությունից դուրս գալու մասին։
Թամամյանը խոստացել է ընտրվելու դեպքում պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել ԱՄՆ և Արգենտինա՝ փորձելով վերականգնել նրանց մասնակցությունն ԱՀԿ-ի աշխատանքներին։
«Մենք ավելի ուժեղ ենք, երբ միասնական ենք։ Նույնիսկ եթե որոշ հարցերում համաձայն չենք, պետք է բոլորին պահենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։
ԱՀԿ գործող գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2027 թվականի օգոստոսին։ Կազմակերպության գործադիր խորհուրդը մինչև 2027 թվականի փետրվարի սկիզբը յոթ թեկնածուներից կընտրի երեքին, իսկ նոր գլխավոր տնօրենը կընտրվի մայիսին՝ Առողջապահության համաշխարհային ասամբլեայում։



















