Հանրային հեռուստաընկերության ներողությունն ընդամենը առաջացած աղմուկի պատասխանն է, այլ ոչ թե սեփական սխալը հասկանալու հետևանք. Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվել էր երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը, որը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցցանցերում և լրատվականներում, Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանող հայտարարությունն արդեն տարածել է, պարո՛ն Հարությունյան, բայց քանի որ այդ օրը իշխանության կողմից ևս որևէ հիշատակում, այց չեղան Եռաբլուր, ես կխնդրեմ գնահատեք տեղի ունեցածն ու այդ քաղաքականության նպատակը:

– Սա շատ հասկանալի է. նրանք փորձում են իրենց սեփական հիշողությունից ջնջել և՛ ամսի 27- ը, և՛ 44-օրյա պատերազմը ու այդ պատերազմի հետևանքները, որոնք մինչ օրս շարունակվում են: Նրանք փորձում են դա չհիշել, չտեսնել, չտեսնելու տալ, ու իրենց թվում է, թե կկարողանան նաև ստիպել մեզ չհիշել, չհասկանալով, որ դա գրանցված է, պատմություն է ու հնարավոր չէ մոռացության մատնել: Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության ներողությանը, ապա դա ընդամենը առաջացած աղմուկի պատասխանն է, այլ ոչ թե սեփական սխալը հասկանալու հետևանք:

– Իսկ նման աղմուկ սպասելի՞ էր նրանց համար:

– Չէ, կարծում են, թե ժամանակ է անցել, մարդիկ մոռացել են, քանի որ իրենց համար դա արդեն գոյություն չունի, մտածել են, թե բոլորն են այդպես, բայց սխալվեցին: Սրանից սակայն չի հետևում, թե հաջորդ անգամ նույնը չի կրկնվելու. տեսնենք, թե հաջորդ տարի ինչպես են վերաբերվելու այդ օրվան, այցելելո՞ւ են Եռաբլուր, թե ոչ, ի՞նչ հաղորդումներ են լինելու:

– Պարո՛ն Հարությունյան, իսկ ինչո՞ւ է իշխանությունը փորձում թե՛ իր, թե՛ հանրության հիշողությունից ջնջել տեղի ունեցածը:

– Վերջին տարիների բոլոր զարգացումները նրանք, փաստորեն, տեղավորել են ադրբեջանական պատկերացումների համատեքստում. ադրբեջանական պատկերացումներում սա մեծ հաղթանակ է, բնականաբար, այդպես էլ պետք է լինի, բայց քանի որ մերոնք, հասկանալի պատճառներով, չեն կարող այն որպես մեծ հաղթանակ ներկայացնել, փորձում են մոռանալ, որովհետև նրանց թվում է, թե ցանկացած հիշատակում նշանակելու է ընդդիմանալ Ադրբեջանին, մի բան, որն իրենք և՛ չեն ցանկանում, և՛ չեն անում, և՛, հավանաբար, չեն էլ կարող: 

Սա է պատճառը, որ անընդհատ կրկնում են Ադրբեջանից հնչող խոսք ու զրույցը, ադրբեջանական նարատիվները՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից, վերջացրած պատմության վերաբերյալ ադրբեջանական պատկերացումներով: 

-Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատերազմից հետո Հայաստանը դարձել է ավելի ինքնիշխան և անկախ։ Ձեր գնահատմամբ՝ այս ձևակերպումը որքանո՞վ է ընդունվել հանրության կողմից, և արդյո՞ք այն փոխել է պատերազմի հետևանքների վերաբերյալ հանրային ընկալումը։

– Ես թվաբանորեն չեմ կարող ասել, թե հանրության քանի տոկոսին են նրանք կարողացել մոլորեցնել կամ համոզել, բայց արդեն ասացի, որ սա պատմություն է, սրանք պատմական զարգացումներ են, ու այն մոռացության մատնել հնարավոր չէ, եթե նույնիսկ այսօր կլինեն մարդիկ, որ կցանկանան դա չհիշել, ապա դա չի նշանակում, թե վաղը, մյուս օրը, տասը տարի հետո դա չի հիշվելու: 

Դա մնալու է պատմության մեջ, ու պատմությունը տալու է իր խիստ գնահատականը, ինչպես տվել է ու շարունակում է տալ նման այլ զարգացումների, օրինակ՝ 1920 թվականի դեպքերին: Նույնպես, մենք երկիր ենք կորցրել՝ ուղիղ մեր երկրի կեսը, էլի մեր իշխանությունների ապաշնորհության հետևանքով, ու բոլորս գիտենք այդ իշխանավորների անունները, գիտենք նրանց վարքն ու սխալները, ինչի հետևանքով էլ կորցրինք, նույնը լինելու է նաև այս դեպքում:

– Պարո՛ն Հարությունյան, ձեր գնահատմամբ՝ այս քաղաքականությունն ի՞նչ ավելի լայն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և հասարակության համար։

– Հետևանքները մենք տեսնում ենք. այո՛, սա անկում է, պարտության շարունակություն, պարտություն, որի վերջակետը մենք չենք տեսնում, պարտություն, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ու շարունակվում է մինչև այսօր: Երբ կլինի վերջակետն ու ի՛նչ տեսքով, ես չեմ կարող ասել, բայց երբ հետադարձ հայացք գցենք, կտեսնենք, որ մեծ ավերվածության մասնակից ու ականատես ենք եղել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am