ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր և ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաև հարցերի լուծման իրենց դիրքորոշումները:

Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարևոր դերակատարության համար: Երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:

Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական և միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: