ՏՄՊՊՀ-ն ակտիվ չէ, ցիտրուսային ապրանքների մինչև 100 տոկոս գնաճ է շուկայում․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր առավոտից շրջայց է իրականացրել երևանյան մի շարք խանութներում, սուպերմարկետներում՝ պարզելու՝ արտակարգ դրության պայմաններում ինչ տրամադրություններ են հանրության շրջանում։ 

«Խանութներում սովորականից մի փոքր ավելի ակտիվություն կար, բայց դա բնական էր՝ մարդիկ տանն են և շատ են դուրս գալիս խանութներ, քան աշխատանքային սովորական օրերին», – «Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը։ 

Շոկային են եղել առանձին ապրանքների, մասնավորապես, ցիտրուսային մրգերի գները։ Հանրությանն անցած շաբաթ զարմացրել են նաև խանութներում կոճապղպեղի՝ իմբիրի գները, որի 1 կիլոգրամը հասել է 15 հազար դրամի։ 

Ուշագրավ է, որ, ըստ նրա, գարնան այս շրջանում ցիտրուսային ապրանքների սպառումը նախորդ տարիներին ակտիվ չի եղել, մինչդեռ կորոնավիրուսի տարածմամբ և ցիտրուսային մթերք օգտագործելու անհրաժեշտության մասին կոչերի ֆոնին դրանց պահանջարկը ավելացել է, ինչն էլ հանգեցրել է գնաճի։ 

 «Ցիտրուսային ապրանքների շուկայում զգալի գնաճ էր։ Գրեթե բոլոր տեսակների՝ կիտրոն, նարինջ, թուրինջ, կիվի, բավականին բարձր տոկոս գնաճ կա, բայց անհամաչափ է այդ աճը։ Օրինակ՝ եթե կիվիի դեպքում 80-100 տոկոս է այդ գնաճը, ապա նարնջի պարագայում քիչ է, կիտրոնի դեպքում՝ շատ»,- նկատում է սպառողների պաշտպանը։ 

Ստեղծված իրավիճակում, ըստ Պիպոյանի, շուկան կարգավորող մարմինը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պետք է ակտիվ ու պարբերական ասուլիսների միջոցով ներկայացնի ուսումնասիրություններ, շուկայի կարգավորմանն ուղղված ծրագրեր, ներկայացնի դրանց կատարման ընթացքը, սակայն լռություն է պահպանում։

«Մրցակցային մարմինը պետք է հրապարակի հստակ, փաստարկված տվյալներ, որոնք կարող են հանրության շրջանում սպասելիքներ ձևավորել։ ՏՄՊՊՀ-ն պետք է հիմնավոր ուսումնասիրություն ներկայացնի, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։

Նույնն էլ իմբիրի մասով՝ մենք չհասկացանք՝ ի՞նչ կատարվեց իմբիրի շուկայում, ինչո՞ւ այդքան բարձրացավ գինը։ Մինչև չուսումնասիրենք, չհասկանանք՝ որ շղթայից է եկել, այս վիճակին հասել, չենք կարող գնահատական տալ»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։ 

Քանի դեռ լիազոր մարմինը հստակ չի ներկայացնում գնաճի պատճառները, չի ներկայացնում հիմնավորված վերլուծություն, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նկատում է, որ ցիտրուսային ապրանքների շուկայում, ինչպես նաև իմբիրի նման գնաճը հնարավոր է «սպեկուլյացիայի» արդյունք լինել։

«Շատ պատճառներ կարող են լինել, հնարավոր է՝ դրսում ապրանքի գինը փոխված լինի ու դրանով պայմանավորված գնի փոփոխություն կատարվի մեր երկրում։ Պետք է լիարժեք ուսումնասիրություն կատարվի շուկայում և ոչ թե պարզապես փաստ արձանագրվի, ինչպես վարվեց մեր մրցակցային մարմինը։ Այն, ինչ կցանկանայի տեսնել, ՏՄՊՊՀ-ն չի արել»,- նշում է Պիպոյանը։

Ինչ վերաբերում է մյուս ապրանքային շուկայում իրավիճակին, Պիպոյանն ասում է, որ նկատելի գնաճ չի գրանցվել, ամեն ինչ նորմալ է, մարդկանց շրջանում ապրանքներ գնելու խուճապային տրամադրություններ չկան։ 

«Մեր քաղաքացիները շատ զուսպ, հավասարակշռված վարքագիծ են դրսևորում, խուճապը բացառապես եղել է առաջին օրը, այն էլ՝ մի քանի ժամ։ Հիմա ամեն ինչ նորմալ է, սովորական»,- ասում է Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ ի տարբերություն մթերային խանութների, ծաղկի սրահները, հարցուփորձից պարզել են, որ առևտուր չեն ունեցել այս օրերի ընթացքում։ Նա ընդգծում է, որ կառավարության կողմից տնտեսավարողներին ուղղվող աջակցությունը պետք է լինի հասցեական, թիրախավորված։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am