«Նախշուն բաջի» երգի ու հայ կնոջ կարիկատուրան է, կան հնդկական ու ուզբեկական մշակույթի տարրեր, իսպառ բացակայում է հայկականը. Մայիլյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Աննա Մայիլյանը

– Տիկի՛ն Մայիլյան, «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգի ու տեսահոլովակի վերաբերյալ հնչող հակասական քննադատությունները չեն դադարում այն պահից, ինչ այն հասանելի դարձավ հանրությանը։ Ձեր մասնագիտական դիտարկումներն եմ խնդրում։ 

– Նախ ասեմ, որ «Եվրատեսիլով» չեմ հետաքրքրվում ընդհանրապես, որովհետև չեմ համարում, որ այն մշակութային ինչ-որ արժեք ունի, այն միշտ քաղաքականացված է ու մշակութային արժեք չի ներկայացնում։ 

Բուն հարցի վերաբերյալ․ բառեր չեմ գտնում ճիշտն ասած, այս աստիճանի տգիտությո՛ւն, ես հասկանում եմ, որ ընդհանուր առմամբ «Եվրատեսիլը» անլուրջ մրցույթ է, բայց մեկ-մեկ լավ գործեր լինում են այնտեղ:

Կոնկրետ գործը «Նախշուն բաջի» երգի կարիկատուրան է (ծաղրանկար), երկրորդը՝ այստեղ հստակ կան հնդկական ու ուզբեկական մշակույթի տարրեր, իսպառ բացակայում է հայկականը՝ բացի ինչ-որ սիմվոլիկաներից, որոնք առկա են տեսահոլովակում՝ նուռ, գորգեր։ Երաժշտական նյութը ու նաև աղջկա հագուստը բացարձակ հայկական չեն, նաև պարային շարժումները, ձայնային իմիտացիաները հնդկական են, հայկական երաժշտական տարր բացարձակ չկա։ Երրորդը՝ նաև կարիկատուրա է հայ կնոջ կերպարի, սա ոչ թե հավեսով կոմիկ աղջնակի դերակատարում է, այլ ուղղակի հայ կնոջ նմանակում է։ 

– Հաղթելու հնարավորությունը բացառու՞մ եք:

– Հաշվի առնելով աշխարհի այլանդակվածությունը, դիվային բարձր ցուցանիշը՝ կարող է անտեսված չմնալ, բայց հաղթանակ՝ ո՛չ, ես դա բացառում եմ։ Հետին պլանում կարող է չմնալ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ուրախանանք։ 

– Իսկ, ինչպես նշեցիք՝ հայկականության իսպառ բացակայությունը, ինչո՞վ եք բացատրում, տիկի՛ն Մայիլյան։

– Դե, «Եվրատեսիլի» համար բացարձակ կարևոր չէ հայկական լինելը, «Եվրատեսիլ» է կոչվում, ու այստեղ ինչքան եվրոպական ոճով, ինչքան հետաքրքիր նորամուծություններ լինեն, ժամանակակից կոմպոզիտորական միտք աշխատի, այդքան լավ, այստեղ ազգային տարրը մտցնում ես, դա դառնում է լրիվ ուրիշ բան։

– Իսկ եվրոպական բարձր ոճով, որակյալ աշխատանք նկատեցի՞ք կոնկրետ գործում։

– Ո՛չ, ո՛չ, հնդկական, ուզբեկական տարրեր կան, ինչու եմ ասում՝ ուզբեկական, որովհետև պարային շարժումներ կային՝ գլխի շարժում, իսկ հայկական պարային նման գլխի շարժում չկա, հայկական պարի, մանավանդ կնոջ պարի մեջ, ընդհանրապես չկան նման շարժումներ։ Լեզուն դուրս հանելը սատանայական, դիվային բաներ են։ 

Հայ աղջկան, ինչքան էլ ինքն ազատ լինի, ռոք սիրի, միևնույն է, չի սազում, մի տեսակ դառնում է անճաշակ մի բան։ Երբ դա անում են ֆինլանդացին կամ գերմանացին և այլք, մի տեսակ այդքան չես խորշում, բայց երբ դա անում է հայուհին, այն էլ՝ վառ ընդգծված հայկական դիմագծերով, իսկ նա՝ այս աղջնակն այդպիսին է, ուղղակի, կներեք,  զզվելի է։ Չի սազում, չի՛ սա-զում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am