Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների կյանքերը փրկելու նոր նախագիծ է մեկնարկել

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը նոր նախագիծ է մեկնարկում «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում, որը թույլ կտա ամեն ամիս օգնել 10-ից 30 երեխայի։ 

Այդ մասին հայտնում են «ռեԱրմենիա»-ից։

Մասնավորապես, հիմնադրամը հոգում է քաղցկեղ ունեցող երեխաների ախտորոշիչ լաբորատոր հետազոտությունների, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի, իմունաթերապիայի, վիրաբուժական միջամտությունների, սիմպտոմատիկ դեղորայքի հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև տրամադրում է հոգեբանական աջակցություն և օրական 4-անգամյա սնունդ:

Քաղցկեղով հիվանդ 10 երեխային քիմիաթերապևտիկ և սիմպտոմատիկ դեղորայքով ապահովելու համար անհրաժեշտ է ամսական 2 000 000 դրամ, 20 երեխային՝ ամսական 4 000 000 դրամ, 30 երեխային՝ ամսական 6 000 000 դրամ։ 

«Օգնեք Հայաստանի և Արցախի երեխաներին պայքարել քաղցկեղի դեմ» նախագծի շրջանակում «ռեԱրմենիա» հարթակում ամսական բաժանորդագրության գործիքի շնորհիվ դոնորները կարող են մեկ անգամ ձևակերպել ամսական նվիրատվություն, որից հետո ամեն ամիս համակարգը ավտոմատ կկատարի փոխանցումները։ 

«Ինչպես գիտեք, «ռեԱրմենիա» հարթակը նոր գործիք ունի, որի շնորհիվ տարբեր կազմակերպություններ ու հիմնադրամներ հնարավորություն ունեն պարբերական նվիրաբերություններ ստանալ։ Այդպիսով կազմակերպությունները կամ հիմնադրամները կկարողանան կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա, եթե ունենան անհրաժեշտ թվով մշտական դոնորներ։ Հատկապես դա վերաբերում է «Սիթի օֆ Սմայլ» կազմակերպությանը, որը ամսական շուրջ հարյուր երեխաների բուժման հարց է լուծում, և նմանատիպ կազմակերպություններին»,- նշում է «ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը։ 

«Ամենամսյա նվիրատվությունները չափազանց կարևոր են մեր երեխաների բուժման շարունակականության ապահովման տեսանկյունից։ ռեԱրմենիա-ն ևս մեկ հարթակ է, որի միջոցով մեր երեխաներին աջակցել ցանկացողները կկարողանան բաժանորդագրվել պարբերական նվիրատվություններին։ Շատ ուրախ ենք ռեԱրմենիա-ի հետ համագործակցել։ Հուսով եմ՝ այս համագործակցության շնորհիվ միասին կկարողանանք շատ երեխաների կյանքեր փրկել», – ասում է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

Ամեն տարի Հայաստանում ախտորոշվում է մանկական քաղցկեղի մոտ 100 նոր դեպք։ 

Առանց ֆինանսական աջակցության երեխաների շրջանում քաղցկեղի ապրելիության մակարդակն անխուսափելիորեն կնվազի ճշգրիտ ախտորոշում ստանալու անկարողության, ախտորոշման հետաձգման և հիվանդության պրոգրեսիայի, թերապիայի անհասանելիության, բուժումից հրաժարվելու և հնարավոր ռեցիդիվների պատճառով: