«Դեռ ամեն ինչ անելու ենք, մեծ կորուստներ ենք պատճառելու, որ հակառակորդը երկար ժամանակ ուշքի չգա». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, ի՞նչ իրավիճակ է այսօր Արցախի սահմանի ողջ երկայնքով։ Այսօր թշնամու թիրախում Հադրո՞ւթն է։

– Շարունակ հրթիռակոծում են, անընդհատ փորձեր են կատարում առաջ գալու, բայց բոլոր քայլերը կասեցվում են։ Հակառակորդը մեծ վնաս է կրում, այսօր երկու ուղղաթիռ ենք խփել, մեկ ինքնաթիռ։ Հակառակորդը հարյուրավոր զոհեր ունի, այնքան շատ, որ հաշվարկի չեն ենթարկվում նրանց զոհերը։

– Ադրբեջանը հայտարարում է իր 81 զոհի մասին…

– Իհարկե 81 չէ, առնվազն 500-600 են։ Նրանք թաքցնելու են թվերը, որովհետև եթե հանրությանը ներկայացնեն, թե ինչ է կատարվում, ինչ թվեր են իրականում, կարող է Ադրբեջանում հեղափոխություն սկսվի։ Դրա համար անջատել են իրենց բոլոր ցանցերը։

Ինչ վերաբերում է Հադրութին, Հադրութի մասով դիմադրել ենք, դիմակայելու ենք և հետ ենք շպրտելու։

– Առաջխաղացում ունե՞նք։

– Առաջխաղացումներ ունենք տեղ-տեղ, տեղ-տեղ կանգնած ենք, դեռ ամեն ինչ անելու ենք, որ հակառակորդը երկար ժամանակ ուշքի չգա, մեծ կորուստներ ենք պատճառելու, որ նրանց համար այնքան մեծ լինի գինը, որ գոնե մի քանի տարի չկարողանան ուշքի գալ։ Ալիևը իրեն գցել է թակարդը, շատ վատ է վերջացնելու իր կյանքը և կարիերան։

– Եթե Ալիևի փոխարեն մեկ ուրիշը լինի, արդյոք պատկերն ուրի՞շ կլինի։

– Ի՞նչ տարբերություն՝ ինքն է, թե ուրիշը, նրանք բոլորն էլ հակահայկական, նացիստական գործելաոճ ունեն, հո չե՞նք թողնելու մեր երեխաները տուժեն կամ նրանց ձեռքին հայտնվեն։ 

– Նախորդ երկու օրերի համեմատությամբ այսօր իրավիճակը ավելի սրվե՞լ է, թե՞ նույնն է։

– Ընդհանուր առմամբ գրեթե նույնն է։ Արվում է անհրաժեշտ ամեն ինչ։ Տղերքը իրոք հերոսություն են ցուցաբերում, երիտասարդները, սպաները, կամավորականները, բոլորը, ամբողջ հայությունը մեզ հետ է, ամբողջ Երևանն է այստեղ, ով ինչով կարողանում է՝ օգնում է։

– Պարո՛ն Բաբայան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Ի՞նչ կարծիք ունեք հնարավոր դաշինքի վերաբերյալ։

– Սա ավելի հեշտ է, քան Արցախի անկախության ճանաչումը, և այս իրավիճակում դա կարող է լինել կարևոր քայլերից մեկը։ Սա ավելի շատ լինելու է փափուկ ուժի տիրույթում, որովհետև անկախ նման համաձայնագրի առկայությունից կամ բացակայությունից՝ մենք սերտ համագործակցում ենք։

– Ապաստարաններում շա՞տ են քաղաքացիները։

– Այո՛, շատ են։ Շատ են գալիս Երևանից, վայրկյան անգամ ազատ չէ ճանապարհը, ամեն տեսակի օգնություն կա։ Հիմնականում մայր Հայաստանից են մեզ աջակցում, զգում ենք նաև Սփյուռքը մեր կողքին։

– Մեր հայրենակիցներից 20 հազար մարդ ՌԴ-ից են ցանկություն հայտնել գալու։ 

– Հավատում եմ, ավելին էլ կարող է լինել, պարզապես պետք է սպասենք՝ եթե գան, ինչ ձևով են գալու։

– Պարո՛ն Բաբայան, շա՞տ են զոհերը…

– Մեզ համար մեկ զոհն էլ մեծ կորուստ է, ունենք այն, ինչ ունենք, սա շատ ծանր պատերազմ է, որովհետև Թուրքիա-Ադրբեջանն է կռվում մեր դեմ, մեզ համար յուրաքանչյուր մեկ զոհ ինքնին ողբերգություն է։

– Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը։

– Կարծում եմ, որ անհրաժեշտ է, տեսնում ենք, որ որոշ երկրներ շոկի մեջ են, և արդեն որակումներ են փոխվում, օրինակ՝ Գերմանիան նշում է պանթյուրքիզմի բացեիբաց հարձակման մասին։ Թուրք ահաբեկչական, ցեղասպան քաղաքականությունը չպետք է անպատիժ մնա, և եթե այս անգամ էլ լռեցին, մենք պետք է սպասենք Թուրքիայի կողմից տարբեր հարձակումների տարբեր երկրներ։

Մանե Հարությունյան

MediaLab.am