Գյանջայի օդանավակայանը «հօ՞դս է ցնդել»․ արբանյակային լուսանկարները հակառակն են ապացուցում. Fip.am

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հոկտեմբերի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի օդանավակայանի «հօդս ցնդելու» մասին։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpoghosyan.vahram%2Fposts%2F4070762586274231&show_text=true&width=552&height=149&appId

Նույն օրն Ադրբեջանը հերքել էր այդ պնդումը։ Հայկական կողմը հայտարարությունից հետո օդանավակայանը խոցելու որևէ ապացույց չէր ներկայացրել։ Փոխարենը, սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել էին երկու լուսանկարներ, որոնք իբրև պատկերում էին օդանավակայանը՝ «հօդս ցնդելուց» առաջ և հետո։ Լուսանկարները, սակայն, որևէ կապ չունեին Գյանջայի հետ։ «Առաջ» նկարում պատկերված էր Ադրբեջանի Լենքորան քաղաքի օդանավակայանը, իսկ «հետո»-ում՝ Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի օդանավակայանը, որը ավերվել էր 2014-ին։

Գյանջայի օդանավակայանի կարևորությունը

Դեռ պատերազմի ժամանակ արբանյակային լուսանկարների վերլուծությունից հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի օդանավակայանում են տեղակայված Թուրքիայի առնվազն չորս F-16 կործանիչներ։ Հետագայում՝ մինչ հոկտեմբերի 19-ը, այդ կործանիչները տեղափոխվել էին ռազմական գործողությունների թատերաբեմից ավելի հեռու՝ Գաբալայի ավիաբազա։

Օդանավակայանը «հօդս չի ցնդել» 

Ուսումնասիրելով Google Earth ծրագրում հասանելի դարձած թարմ արբանյակային լուսանկարները՝ պարզ է դառնում, որ Գյանջայի օդանավակայանին որևէ հարված, որը տեսանելի հետևանքներ կթողներ, չի կատարվել առնվազն հոկտեմբերի 16-ի դրությամբ։ 

Ստորև ներկայացնում ենք Գյանջայի օդանավակայանի արբանյակային լուսանկարները հունիսի 18-ի և հոկտեմբերի 16-ի դրությամբ։ Դրանցում չի երևում ավերվածության որևէ նշան։

1) Գյանջայի օդանավակայանի ամբողջական տեսքը՝ առաջ և հետո

2) Օդանավակայանի տերմինալը

3) Օդանավակայանի վազքուղին, մաս առաջին

4) Օդանավակայանի վազքուղին, մաս երկրորդ

Ինչպես հստակ երևում է օդանավակայանի արբանյակային լուսանկարներից, հուլիսի 18-ից հոկտեմբերի 16-ը ընկած հատված որևէ ավերվածության նշան չկա։

Հովհաննես Նազարեթյան

Fip.am