Սևանա լճի պաշարները հաշվարկվում են: Նպատակն այն է, որ ձկնատեսակների պաշարների հաշվարկի արդյունքում սահմանվի քվոտա, որպեսզի ձկնորսությունը բերվի օրինական դաշտ: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Սպասում ենք առաջիկայում Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան և ևս հաշվառում կանեն Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ դա արվում է այլընտրանքային մի հաշվարկ ունենալու համար:
«Հուսամ նաև՝ այս հաշվառումների արդյունքում կիմանանք դինամիկան ձկան պաշարների վերականգնման իմաստով, և հուսանք նաև՝ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակում»,- ասաց Սիմիդյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Սևանա լճում միայն ձկնատեսակների հաշվառման մասով չէ, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Սևանի պահպանության ուղղությամբ առաջիկայում կգործի նաև ջրային պարեկների ծառայություն: