ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել, և իշխանափոխությունը իրենց համար օրերի հարց է:
«Ժողովուրդը ոտքի է կանգնել, տեսնում եք տասնյակ հազարավոր մարդկանց որոնք դուրս են եկել փողոց: Օրերի հարց է: Միայն խնդրում եմ, որ մարդիկ ոչ թե հեռուստացույցներից, ոչ թե պատշգամբներից մեզ ողջունեն, ինչպես հիմա, այլ միանան մեր ակցիաներին: Մեկ-երկու օր, դրանից հետո մենք կհասնենք մեր նպատակին», -այսօր քայլերթի ժամանակ հայտարարել է Վանեցյանը:
Հարցին, թե ինչու դիմադրության շարժումը մեկ միասնական առաջնորդ չունի, ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասում է՝ առաջնորդն ինքն իրեն կծնվի: «Սա ապակենգտրոն և ցանցային պայքար է: Մենք ասել ենք, որ այս պայքարում չկան կուսակցական դրոշներ, քաղաքական առաջնորդներ: Որպես սովորական քաղաքացի, փողոցում ենք, փակում ենք փողոցներ: Առաջնային հարցը սրանց քշելն է, երկրորդ հարցը ձևավորել այն իշխանությունը, որը ի զորու է Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած խնդիրը լուծել: Ով է լինելու առաջնորդը հավատացեք, ընդհանրապես էական չէ: Առաջնորդը ինքն իրան կծնվի», -հայտարարել է Վանեցյանը: