Անահիտ Մանասյանը և Դունյա Մյատովիչը այցելել են Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

Անահիտ Մանասյանը և Դունյա Մյատովիչը այցելել են Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։

Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։

Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։

Նրանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված հարցերը տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։

Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի այցերը լինելու են շարունակական։

Ամենօրյա ռեժիմով իրականացվում են մշտադիտարկում և փաստահավաք աշխատանքներ՝ ապահովելով արձանագրված խնդիրների հասցեավորումն ու լուծումը»։