Մենք առաջարկում ենք զորքերը սահմանագծից հայելային հետ քաշենք, Ադրբեջանը մերժում է. Փաշինյան

Ադրբեջանը մի կողմից ասում է, որ բանակն ուժեղացնելու է, կասկածի տակ դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից ասում է, Հայաստանի բանակը Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում: Այսինքն տրամաբանությունը որն է: Ադրբեջանի ընկալումն այն է, որ ՀՀ-ն պետք է բանակ չունենա՞, եթե սա է ընկալումը, ապա նշանակում է կասկածի տակ է դրվում Հայաստանի գոյութան իրավունքը, ինչը բացարձակապես անընդունելի է:

Այս մասին այսօր Գավառում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրրավուք, ինչը ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել:

«Բայց նաև հասկանալի է, որ մենք այս ամենը  պետք է տարածաշրջանային անտանգության կոնտեքստի մեջ դնենք:

Հայաստանը կարող է մտահոգություններ ունենալ Ադրբեջանի սպառազինությունների առիթով և հակառակը, բայց սա է պատճառը, որ ասում ենք եկեք խաղաղության պայմանագիր կնքենք այնպես, որ հնարավոր չդարձի պատերազմը:

Բայց երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով տպավորություն ենք ստանում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները: Սա տրամաբանությունից դուրս է:

Եվ մենք առաջարկում ենք, ասում ենք եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը դա մերժում է:

Ասում ենք եկեք սահմանային շրջաններն ապառազմականացնենք, Ադրբեջանը մերժում է:

Ես կարող եմ եմ ուրիշ առաջարկ անել: Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան:

Սա իհարկե նոր բան, բայց կարծում եմկ, եթե անկեղծ մենք ուզում ենք գնալ խաղաղության, այս բոլոր  հարցերը կարելի է հասցեագրել»,- ասաց վարչապետը: