Ինչ թեստեր են կիրառվում Հայաստանում և որքանով են դրանք ճշգրիտ․ պատասխանում ենք ընթերցողի հարցերին. Fip.am

Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունավետության վերաբերյալ քննարկումները սկիզբ են առել համավարակի տարածմանը զուգահեռ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ընթերցողից հարց էր ստացել, թե որքա՞ն է կորոնավիրուսի թեստերի ճշգրտությունը։ Ըստ ընթերցողին հասած տվյալների՝ այն մինչև 70 տոկոս է։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կորոնավիրուսի թեստերի տեսակները և դրանցից յուրաքանչյուրի ճշգրտության չափը։

Ինչ թեստերով են ախտորոշում վարակը

Առկա է կորոնավիրուսի թեստավորման երկու տեսակ՝ վիրուսի առկայությունը ստուգող պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) կամ հակամարմինների առկայությունը ստուգող սերոլոգիական թեստեր։ 

Առաջինն օգտագործվում է պարզելու, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ, երկրորդը՝ թե արդյո՞ք վերջինս նախկինում վարակված է եղել և ապաքինվել։ Մարդու օրգանիզմում հակամարմիններ առաջանում են վարակումից 1-3 շաբաթվա ընթացքում, ուստի՝ այս թեստերը կարող են և ցույց չտալ, թե անձը տվյալ պահին վարակվա՞ծ է, թե՞ ոչ։ 

Վարակի առկայությունն ախտորոշող թեստերի տեսակից կախված՝ փոխվում է նաև դրանց ճշգրտության աստիճանը։ Սակայն ցանկացած հիվանդություն ախտորոշող թեստերը սխալվելու որոշակի հավանականություն ունեն։ Այսպես, 90 տոկոս զգայուն թեստերի պարագայում անգամ 10 տոկոս հավանականություն կա, որ մարդիկ կախտորոշվեն կեղծ դրական կամ կեղծ բացասական։ Առաջինն այն դեպքն է, երբ անձն իրականում վարակված չէ, սակայն թեստի արդյունքը եղել է դրական։ Երկրորդը՝ հակառակը․ մարդն իրականում վարակված է, բայց թեստի արդյունքը եղել է բացասական։

Վարակումը բացահայտող PCR (ՊՇՌ) թեստեր

Ըստ տարբեր աղբյուրների՝ ՊՇՌ թեստերը բնութագրվում են 70-90% զգայնությամբ և ավելի քան 95% առանձնահատկությամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներում այս թեստերը ներկայացվում են որպես ամենավստահելիները։

Այսինքն՝ չնայած նրան, որ այս ցուցանիշներն ամենաբարձրն են կորոնավիրուսը ախտորոշող թեստերի պարագայում, կեղծ արդյունք ստանալու հավանականություն ևս առկա է։ Սա կարող է կախված լինել նմուշառման և փորձի իրականացման ճշտությունից։

Կորոնավիրուսի այս ախտորոշումն իրականացվում է ՊՇՌ մեթոդի միջոցով: Վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը որոշվում է մարդու բկանցքի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ։

Արագ (ռապիդ թեստեր)

Մարտի 15-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ պատրաստվում է ձեռք բերել 15 րոպեի ընթացքում կորոնավիրուսն ախտորոշող թեստեր։ Ավելի ուշ սկսեցին քննարկումներ այն մասին, որ այս թեստերն իրականում մեծ ճշգրտությամբ աչքի չեն ընկնում։

Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ այս թեստերը կարող են ճշգրիտ չլինել։ «Ռապիդ թեստերի արդյունավետությունը վերջնական որոշված չէ, հատկապես այս հիվանդության համար, ուրիշ հիվանդությունների համար էլ ռապիդ-թեստերը միայն կողմնորոշիչ են և վերջնական ախտորոշում չեն դնում»,- ասել էր նախարարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ ռապիդ թեստերի արդյունավետությունը կախված է մի քանի գործոններից՝ հիվանդության առաջացման պահը, անձից վերցված նմուշի որակը, դրա մշակման ընթացքը և այլն։ COVID-19-ի թեստերի դեպքում, ինչպես  նաև այլ շնչառական վարակների ախտորոշման պարագայում, այս թեստերի զգայունությունը տատանվում է 34-ից 80 տոկոսի սահմաններում։

LAMP թեստեր

Բացի վերը նշված երկու հիմնական ախտորոշման եղանակներից, կա նաև ավելի քիչ տարածված իզոթերմալ ամպլիֆիկացիայի մեթոդով LAMP ախտորոշման եղանակը։ Այս եղանակը միջին տեղ է զբաղեցնում նախորդ թեստերի միջև թե՛ ճշտության, թե՛ դժվարության, թե՛ արագության առումով։ Այն թույլ է տալիս որոշել վիրուսի առկայությունը 1 ժամում։ Սրանք նպատակահարմար են այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է արագ և ճշգրիտ արդյունք, սակայն տեխնիկական մեծ հնարավորություններ չկան։ Հայաստանը դեռևս չի կիրառում այս թեստերը կորոնավիրուսի ախտորոշման նպատակով։

Միաժամանակ, նշենք, որ որոշ երկրների առողջապահական կազմակերպություններ փորձում են ստեղծել շատ կարճ ժամանակում և մեծ ճշգրտությամբ կորոնավիրուսն ախտորոշող թեստեր։

Հայաստանի առողջապահության նախարարությունը թեստավորումը ներկայում իրականացնում է ՊՇՌ թեստերով, որոնք, ըստ նախարար Արսեն Թորոսյանի, ամենաարդյունավետն են։ Ներկայում նմուշառում իրականացվում է միայն բժշկական ցուցումով, իսկ վճարովի թեստերն արգելված են։ 

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արդյունավետությունը տարբեր է՝ կախված տեսակից, իսկ Հայաստանում ներկա պահին մեծ մասամբ օգտագործվում է թեստավորման ամենարդյունավետ տարբերակը՝ ՊՇՌ մեթոդով, որի ճշգրտությունը շուրջ 90 տոկոս է։

Անի Ավետիսյան

Fip.am