Դեպորտ Եվրոպայից՝ քաղցկեղով․ «Փրկվելու և գոյատևելու հույս մենք չունենք»․ Հայաստանում 20 տարում նորահայտ քաղցկեղի դեպքերն աճել են 78%-ով

Դեպորտ Եվրոպայից՝ քաղցկեղով․ «Փրկվելու և գոյատևելու հույս մենք չունենք»․ Հայաստանում 20 տարում նորահայտ քաղցկեղի դեպքերն աճել են 78%-ով
Դեպորտ Եվրոպայից՝ քաղցկեղով․ «Փրկվելու և գոյատևելու հույս մենք չունենք»․ Հայաստանում 20 տարում նորահայտ քաղցկեղի դեպքերն աճել են 78%-ով

Մխիթարյանների ընտանիքի համար Գերմանիայից Հայաստան արտաքսումը ավարտվել է ողբերգությամբ. արյան քաղցկեղով հիվանդ 32-ամյա Արմենը վերադառնալուց 60 օր անց մահացել է: 

«Նա քաղցկեղի վերջին, ամենածանր փուլում էր, սակայն Գերմանիայի իշխանությունները նրան ասել են՝ ոչինչ չենք կարող անել, ու հարկադիր վերադարձի են ենթարկել»,- «Մեդիալաբին» ասում է «Հայկական Կարիտասի» միգրացիա և զարգացում ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

«Հայկական Կարիտասը» դեպորտ եղած հայերի համար երկար բաժանումից հետո հայրենիքին կամրջող ու հայրենիքում վերաինտեգրող օղակներից մեկն է: Կազմակերպության դարակներում եվրոպական տարբեր երկրներից հարկադիր վերադարձված բազմաթիվ մարդկանց հաստափոր գործերն են՝ ծանր, հաճախ էլ ողբերգական պատմություններով։

Լուսինե Ստեփանյանն ասում է, որ Հայաստանից հեռացող մարդկանցից շատերը հայրենիքում բուժման ճանապարհներ չգտնող, դժվարությունների հանդիպող, սոցիալական ծանր կարիքի մեջ հայտնվողներն են։

«Նրանք վաճառում են տուն-տեղ ու հեռանում: Գերակշիռ մասը ծանր հիվանդությունից ու հատկապես քաղցկեղից բուժվելու համար է հեռանում երկրից»,- ասում է Ստեփանյանը:

Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների, վերջին 20 տարիներին Հայաստանում քաղցկեղով հիվանդացության նոր հայտնաբերված դեպքերը աճել են ավելի քան 78%-ով։

Եթե կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 1997-ին կազմել է 4709, 2007-ին այդ թիվը հասել է 7294-ի, իսկ 2017-ին՝ 8389-ի:

100.000 բնակչին բաժին ընկած հիվանդացության վիճակագրության համաձայն, 20 տարվա ընթացքում այդ թիվն աճել է ավելի քան 126%-ով՝ 124,4-ից հասնելով 281,6-ի։

Սակայն, պատկերն ամբողջանում է, երբ ծանոթանում ենք դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թվին, որը 20 տարվա կտրվածքով աճել է ավելի քան 113%-ով։

Եթե 1997-ի վերջին դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը կազմել է 20.602, 2007-ին այդ թիվը կազմել է՝ 28.439, իսկ 2017-ին՝ 43.830:

ՀՀ յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով այդ թիվը 20 տարում աճել է ավելի քան 171%-ով՝ 1997-ի 543.4-ից, 2017-ին հասնելով 1474.4-ի։

Ուռուցքաբան Գևորգ Թամամյանը «Մեդիալաբին» ասում է, որ մարդիկ քաղցկեղը բուժելու համար առավելապես եվրոպական երկրներ են մեկնում, քանի որ Հայաստանում որոշ ախտորոշիչ կամ բուժական միջամտություններ ուղղակի հնարավոր չէ անել:

«Որոշ դեպքերում մարդիկ գնում, հանձնվում են եվրոպական երկրներ որպես փախստական, որովհետև դեղորայք է անհրաժեշտ լինում, որը, ցավոք, մեր երկրում կա՛մ չկա, կա՛մ հնարավորություն չունենք տրամադրելու տվյալ հիվանդին: Գնում հանձնվում են, որ այդ երկրում հնարավոր լինի բուժումն իրականացնել»,- ասում է բժիշկ Գևորգ Թամամյանը:

Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած «Անի Հայկունի» քաղցկեղի բուժման աջակցման հիմնադրամի հիմնադիր Անի Հայկունին նշում է, որ Հայաստանում քաղցկեղի արագ ախտորոշման, ինչպես նաև բուժման ոլորտում լրջագույն խնդրներ կան։

«Մենք ունենք խնդիր՝ քաղցկեղի տեսակներ կան, որոնք մեր երկրում չեն կարողանում նորմալ բուժել՝ չկան համապատասխան հնարավորություններ, սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Մեկ պատճառ չէ, այլ ընդհանուր համակարգային պատճառ է: Նույնիսկ եթե մասնագետը լավն է, փայլուն, միևնույն է՝ նա չունի համապատասխան տեխնիկան, սարքավորումները, որոնք կօգնեին նրան: Մարդը հասկանում է, որ այստեղ չկա որակյալ բուժում ու մեկնում է երկրից: Իսկ գումար չունեցող մարդը ախտորոշումն իմանալուց հետո անմիջապես է մեկնում և, եվրոպական երկրներում ստանալով փախստականի կարգավիճակ, մնում է ու բուժվում անվճար»,- նշում է Անի Հայկունին:

Քաղցկեղը բուժելու հույսն էլ հենց Գերմանիա էր տարել Օսյանների ընտանիքին: 44-ամյա Նաիրա Օսյանի ամուսնու՝ Ահարոն Օսյանի մոտ 2014-ին արյունաբանական կենտրոնում ախտորոշել են քրոնիկական լեյկոզ ու ասել՝ երկու ամսվա կյանք ունի:

«Մենք բարեկամներով քննարկեցինք, և մեր բժիշկ ծանոթ-բարեկամները խորհուրդ տվեցին մեկնել Գերմանիա: Դե, մենք էլ տունը վաճառեցինք ու գնացինք 2014-ին՝ լուրն իմանալուց անմիջապես հետո»,- ասում է Նաիրան:

Առաջին քայլը Օսյանների համար Գերմանիայում փախստականների ճամբարում կացարանելն էր, ինչից մի քանի օր անց էլ Նաիրայի ամուսինը սկսում է անվճար բուժում ստանալ։

«Շատ մեծ հարգանքով էին վերաբերվում այնտեղ բժիշկները, շատ սրտացավ էին, անկեղծ հոգատարություն զգացինք»,- դառը հուշերի մեջ էլ Նաիրան չի մոռանում գերմանացի բժիշկների վերաբերմունքը։

Սակայն Օսյանները չեն մոռանում այն սարսափելի գիշերը, երբ հարկադիր արտաքսման ենթարկվեցին Բեռլինի իրենց կացարանից։ Նրանք նշում են, որ թեև երկրում կացության մերժում ստացել էին, բայց, նշում են, որ երկիրը լքելու ծանուցագիր չէին ստացել։

«Գիշերը ժամը 4-ին եկան մեր տուն, 10-15 ոստիկան, չեք պատկերացնի՝ ինչ վայրագ ձևով ներխուժեցին։ Քնած էինք, դուռը իրենք են բացել ու հարձակվել մեզ վրա։ Մենք ոչ մի կերպ չենք դիմադրել։ Ահավոր վիճակ էր…»,- «Մեդիալաբին» պատմում է Նաիրա Օսյանը։

Հայաստան արտաքսվելուց հետո Ահարոն Օսյանը ստիպված էր կրկին վերադառնալ իրեն «երկու ամսվա կյանք» խոստացած բժշկի մոտ։ Վերջինս թեև հիվանդի անալիզներն ուսումնասիրելուց հետո ասել է՝ դրական շարժ կա, բայց նաև հավելել է՝ «հիվանդության կրկնվելու հավանականությունը 90 տոկոս է»։

«Մեկ ամսվա քիմիաթերապիայի դեղը, որ անվճար Գերմանիայում ստանում էինք, 8500 եվրո արժեր։ Հայաստանում բժիշկն ասաց, որ այդ դեղն այստեղ գոյություն էլ չունի, գրանցված չի, անգամ փոխարինող դեղը չկա։ Հարցրի՝ բա ի՞նչ ենք անելու, բժիշկն էլ պատասխանեց՝ դե, տեսնենք, երբ կվատանաս, էն ժամանակ կհասկանանք՝ ինչ անենք…»- հուսահատ պատմում է Նաիրա Օսյանը։

Անի Հայկունին ևս խոսում է դեղերի անհասանելիության և բարձր գների մասին։ Նա նշում է, որ 2016-ին երբ կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում էր ստանում, «Հերսեպտին» դեղամիջոցի մեկ սրվակը, որը հիվանդները որոշակի ժամկետում երեք շաբաթը մեկ պետք է ստանան, արժեր շուրջ 800 հազար դրամ: Նա նշում է, որ կոմպլեքս բուժումն անհամեմատ ավելին արժեր, իր դեպքում, օրինակ՝ շուրջ 45 հազար դոլար է ծախսվել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում՝ ստուգումների, բուժումների, վերականգնման վրա:

«Ունեցել եմ խնայողություններ, կարողացել են ընկերներով դրամահավաք կազմակերպել ինձ համար: Բայց մարդիկ կան, ովքեր չունեն այդ նեթվորքինգը, այդ համախմբող ցանցը, ինչպե՞ս բուժվեն: Այդ պատճառով էլ գնում են եվրոպական երկրներ, հանձնվում են ու բարձրորակ բուժում ստանում, այն էլ՝ անվճար»,- նշում է նա:

Եթե նախկինում առողջական նպատակներով Եվրոպա մեկնածներին հարկադիր վերադարձի՝ դեպորտի չէին ենթարկում, վերջին տարիներին իրավիճակը մի շարք գործոններով պայմանավորված լիովին փոխվել է։ Եվ այսօր արդեն ծանր հիվանդություններով եվրոպական ափերում կյանքի համար պայքարող բազմաթիվ մարդկանց համար կացության և բուժօգնություն ստանալու իրավունքը վտանգված է։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Մեդիալաբին» ասում է, որ պատճառը Եվրոպայում միգրացիոն քաղաքականության խստացումն է։

«Դա 2015-16 թվականների այսպես կոչված միգրացիոն ճգնաժամի հետևանքն է, որից հետո բազմաթիվ եվրոպական երկրներ խստացրին իրենց քաղաքականությունը, այսինքն՝ նրանք այլևս չեն հանդուրժում, որ միգրանտները անօրինական կերպով ապրեն իրենց երկրում»,- բացատրում է միգրացիոն ծառայության ղեկավարը:

Եվրամիությունից ՀՀ քաղաքացիների արտաքսումը կամ, ինչպես ընդունված է ասել՝ դեպորտը, իրականացվում է 2013 թվականին Եվրոպական միության ու Հայաստանի միջև կնքված ու 2014-ից կիրառվող ռեադմիսիոն (հետընդունման) պայմանագրերի հիման վրա։ Այդ պայմանագրերով պետությունը պարտավորվում է հետ ընդունել իր քաղաքացուն։

Ըստ Արմեն Ղազարյանի՝ եվրոպական երկրներից ստացվող ռեադմիսիոն (հետընդունման) հայցերի քանակը տարեցտարի աճում է։ Սակայն, ըստ մասնագետի, վիճակագրություն, թե քանի մարդ ինչ խնդրով կամ հիվանդությամբ է վերադարձվել Հայաստան՝ չկա։

«Հայկական Կարիտասի» միգրացիա և զարգացում ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանի հավաստմամբ, 2018 թվականին արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի և ակտիվության առումով բում է եղել։ Ըստ Ստեփանյանի, իրենց ստացած դիմումների առնվազն 70 տոկոսը բաժին է հասել հենց Գերմանիային։ Նա նշում է, որ կազմակերպության մասնագետները քննած հայտերի ավելի քան կեսի դեպքում առնչվել են հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդկանց։

«Միգրացիոն քաղաքականության խստացումն է պատճառը, որ եվրոպական երկրներից արտաքսում են միգրանտներին։ Դա միայն հայերի հանդեպ չէ, այլ ընդհանրապես եվրոպական միգրացիոն քաղաքականությունը խստացել է, հատկապես այն երկրների հանդեպ, որոնք ապահով են համարվում: Դուք պատկերացրեք, որ անգամ Աֆղանստանի որոշ տարածքներ են հետ ուղարկում: Եթե Աֆղանստանի պարագայում են այդպես վարվում, ապա Հայաստանի մասով ինչո՞ւ չպետք է անեն»,- ասում է Լուսինե Ստեփանյանը:

Միգրացիոն քաղաքականության փոփոխության պատճառով էլ անելանելի իրավիճակում է հայտնվել Խաչատրյանների ընտանիքը։ 32-ամյա Սիրարփի Խաչատրյանին, ամուսնուն և երկու մանկահասակ երեխաներին Գերմանիայի հատուկ ծառայությունները երկրից վտարել են 2018-ի հունվարին: Այս ընտանիքին Գերմանիա տարել էր ամուսնու՝ Գառնիկի պսորիազ հիվանդությունը, որը Հայաստանում չեն կարողացել բուժել:

Խաչատրյանները 2016-ին վաճառել է տուն-տեղ, մեկնել Գերմանիա, «հանձնվել» ու փախստականի կարգավիճակով ապրել ճամբարներից մեկում։ Սիրարփին պատմում է, որ բժիշկներն ամուսնուն լավ են վերաբերվել, բուժել են, թեթևացրել ցավը, իսկ իշխանությունները նույնիսկ բնակարան են տվել իրենց։

Գերմանիայի Մայնց քաղաքում էլ 2017-ին ծնվել է է նրանց երկրորդ որդին՝ Գեորգին։ Երեք ամսականում երեխայի մոտ հայտնաբերվել է գոյացություն, սակայն մինչև վերջնական պատասխանը ստանալը Խաչատրյաններին արտաքսել են Հայաստան։

«2018-ի հունվարի 30-ին մեզ դեպորտ արեցին, միայն ասեցին ՝ դուք պետք է գնաք ու վերջ: Ոստիկաններով եկան, առավոտյան ժամը 6-ին շրջափակեցին մեր ամբողջ տունը: Մեր բնակարանը վերևի հարկում էր: Տանիքի վրա հարված զգացի, մեծ աղմուկ էր, ու հասկացա, որ շրջափակում են մեր տունը: Զանգը տվեցին՝ բացականչելով. «Պետությունն է, բացե՛ք դուռը»: Մենք դուռը բացեցինք, ներխուժեցին ու ասացին, որ պետք է հավաքենք իրերը: Ես ասացի, որ մենք առողջական խնդիրներ ունենք, ինչպե՞ս եք մեզ ուղարկում, գնանք այնտեղ ի՞նչ անենք: Մենք անգամ տուն չունենք: Էդ տղամարդն ասեց՝ չի հետաքրքրում, դուք պետք է հետ գնաք»,- պատմում է Սիրարփի Խաչատրյանը:

Հայաստանում Խաչատրյանների ընտանիքը ստացավ փոքրիկ Գեորգիի վերջնական ախտորոշումը՝ քաղցկեղ։

«Պսորիազը ամուսնուս վրա տարածվում է: Սարսափած եմ։ Դրա հետևանքով արթրիտ է առաջանում։ Նրա ցավին գումարվեց երեխու ծանր հիվանդությունը: Սարսափի մեջ եմ, Աստծուն խնդրում եմ, որ ամուսնուս կյանքին վտանգ չսպառնա, ի՞նչ պետք է անեմ երկու փոքր երեխաների հետ»,- հուզվում է Սիրարփին։

Հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանում չարորակ հիվանդությունների վիրահատությունն ընթացիկ տարվանից անվճար կլինի բոլորի համար: Եվ չնայած չարորակ գոյացությունների վիրահատության համար, ճիշտ է, պետությունն է վճարում, սակայն դրան հաջորդող հետագա բուժումը մնում է քաղաքացու վրա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է՝ թանկարժեք ծառայությունների դիմաց, ինչպիսին քիմիան է ու ճառագայթումը, պետությունն ի վիճակի չէ վճարելու։

«Հաշվարկել ենք, որ մենք մեզ վրա կարող ենք վերցնել վիրահատությունների բեռը։ Կարող էինք այլ` քիմիայի, ճառագայթայինի մասով վերցնել, բայց մենք գիտակցում ենք, որ դա շատ ծանր բեռ է»,– մարտի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է Թորոսյանը։

Փոքրիկ Գեորգիի հիվանդության ախտորոշման ու բուժման հետ կապված մի քանի հարցերում Հայաստանում օգնել են «Հայկական Կարիտասը» և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Սիթի օֆ սմայլ/Ժպիտների  քաղաք» հիմնադրամը։ Սակայն Սիրարփի Խաչատրյանն ասում է, որ հուսահատ է։

«Մեզ երաշխիքներ չեն տալիս, հասկանո՞ւմ եք,- հուսահատ ասում է Սիրարփին ու հավելում,-փրկվելու և գոյատևելու հույս մենք չունենք և ձևեր ենք մտածում կրկին Գերմանիա վերադառնալու համար»։

«Մտքումս նամակ եմ գրել Գերմանիայի իշխանություններին, ուզում եմ խնդրել, որ ընդունեն մեզ, դեպորտը հանեն, ինձ ու երեխուն վերցնեն, բուժեն»,- հուզվում է նա։

Պատկան մարմինները նշում են, որ հարկադիր վերադարձված քաղաքացիներով պետությունը չի զբաղվում: Այսինքն՝ երբ անձը կամ ընտանիքը դեպորտ է արվում, Հայաստանում պետության փոխարեն նրան դիմավորում է անհուսությունը: Հարկադիր վերադարձվածները իրենք պետք է դիմեն հասարակական կազմակերպություններ, որ օգնություն ստանան, իրենց խնդիրները լուծեն:

Արմեն Ղազարյանը նշում է, որ միգրացիոն ծառայությունը միայն վերջերս է սկսել մտածել այդ հարցի շուրջ ու ավելին՝ վերադարձի ու վերաինտեգրման առանձին բաժին են ստեղծել։

«Վերադարձածների թվերն աճում են, ու խնդիր կա։ Կան հասարակական կազմակերպություններ, որոնք օգնություն ցուցաբերում են վերադարձողներին վերաինտեգրման հարցում։ Քաղաքականության հիմքը մենք նոր-նոր ենք ձևավորում, առաջ նման բաղադրիչ չի եղել, դրանից հետո կանցնենք վերաինտեգրման ծրագրերի մշակմանը»,- նշում է Ղազարյանը։

Հայաստան դեպորտ արված քաղաքացիների վերաինտեգրման հարցերը լուծելու համար «Հայկական Կարիտասը» ևս փորձում է նեցուկ լինել. հատկապես ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնում են ոտքի կանգնելու, բուժման հոգսերը թեթևացնելու և նույնիսկ՝ սեփական բիզնեսը հիմնելու։ Աշխատում են նաև սոցիալական աշխատողներ։

Սակայն, ոլորտում, ինչպես հավաստում են մասնագետները, հսկայական բացեր կան ինչպես որակյալ բժիշկների, այնպես էլ թանկարժեք ու արդյունավետ դեղերի հետ կապված։ Այս խնդիրներն էլ շատերին, չնայած դեպորտի վտանգին, ստիպում են բռնել օտարության ճանապարհը։

Անի Հայկունին, նշում է, որ իր շրջապատում շատ են հիվանդները, որոնք Հայաստանում չեն կարողացել պատշաճ բուժօգնություն ստանալ և իրենց փրկությունը գտել են արտերկրում։

«Իմ ընկերներից մեկի մոտ Հայաստանում պարզել էին, որ թոքի քաղցկեղ է: Այստեղ ասել էին, որ չեն կարող բուժել, վերջ՝ դուք մահանալու եք, սրան ելք չկա: Նրանք ճանապարհ էին գտել, գնացել էին Ֆրանսիա, հանձնվել որպես փախստականներ, ու հիմա իմ ընկերը բուժված է, նորմալ ապրում է: Մյուս ծանոթիս մոտ գլխուղեղում ուռուցք էր եղել, բայց այստեղ բժիշկները չէին հասկանում՝ ինչ է: Այդ անձը մեկնեց Գրեմանիա, որտեղ անմիջապես հետազոտել էին ու ախտորոշել՝ գլխուղեղի ուռուցք: Ամիսներ շարունակ նա բավական բարդ քիմիաներ է ստացել, բայց հիմա ոտքի է կանգնել: Այդ մարդիկ եթե ելք չգտնեին, չգնային, հիմա պարզապես ողջ չէին լինի»,- ասում է Անի Հայկունին։

Որպես խնդիրների լաբիրինթոսի միջով անցած և հաղթանակած մարդ՝ նա նշում է, որ բժշկական կենտրոնները, մասնագետները պետք է օգնեն առողջապահության նախարարությանը մշակել ծրագրեր, այնպես անել, որ հիվանդության ախտորոշումն ու բուժումը կատարվեն և՛ որակով, և՛ լինեն հասանելի:

«Մենք հիմա ազգովի մի այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունեցող խնդիր է: Այնքան շատ են հանդիպում քաղցկեղի դեպքերը, ունենք շատ փոքր բնակչություն, հիվանդությունը երիտասարդացել է: Ես հասկանում եմ՝ պետության պատասխանատվությունն է, որ շատ բաներ պետք է արվեն, բայց, օրինակ՝ կարծում եմ, միգուցե բժշկական կենտրոնները, մասնագետները գլուխ գլխի տան, հասկանան՝ գոնե կարճաժամկետ կտրվածքում ի՛նչ կարելի է անել, որ աջակցենք նախարարությանը իրագործել ծրագրեր»,- ասում է նա։

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

Հասմիկ Համբարձումյան

Մարիաննա Գրիգորյան 

MediaLab.am