Եթե ես չգնամ ընտրությունների, իմ ձայնը ոչ մեկ չի լսի․ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքը

Բաղդասարյանների ընտանիքում Վազգենի ծնվելուց հետո երեկոները միշտ աղմկոտ են։ Տարիներ առաջ դհոլի ձայնը ընդմիջվում էր աուտիզմի մասին քննարկումներով, հիմա՝ քաղաքականության.

«Ես ուզում եմ, որ իշխանության գան մարդիկ, որոնք կարող են հարցեր լուծել։ Ես մամայիս էլ եմ բացատրում, թե ում ընտրի, ինչի համար, որ հանկարծ չսխալվի։ Շատ կարևոր է, որ մարդիկ ընտրվելուց հետո կատարեն իրենց խոստումները, չխաբեն»,– ասում է 23–ամյա Վազգեն Բաղդասարյանը։

Նա 2 տարեկան էր, երբ մայրը որոշակի տարբերություններ նկատեց։ Հետո արդեն մանկապարտեզում վարքային տարբերություններն առավել նկատելի դարձան։ Չէր շփվում հասակակիցների հետ, նրա գործողությունները անզգույշ ու երբեմն կոպիտ էին համարում։ Երբ հաստատվեց, որ Վազգենը աուտիզմ ունի, ընտանիքի կյանքը հիմնովին փոխվեց․

«Վերջին 20 տարիները Վազգենի ու մեր կյանքն անցնում էր մանկական զարգացման կենտրոնից կենտրոն, թերապիաներով, պարապմունքներով։ Փառք Աստծո, հիմա շատ լավ արդյունք ունենք։ Վազգենը բավականին ինքնուրույն է, աշխատում է, ինքնուրույն օգտվում է տրանսպորտից, գնում է խանութ, առևտուր է անում, լավ հաշվում է։ Նախկինում մեծ հաճույքով դհոլի էր գնում, հետո հասկացանք, որ իր համար դա գնալով բարդանում է, ուժերը չեն բավականացնում, և ստիպված դրանից հրաժարվեց»,– պատմում է Վազգենի մայրը՝ Աննան։

Արդեն շուրջ երկու տարի է, ինչ Վազգենն ամեն առավոտ շտապում է աշխատանքի՝ TMM soft-ում, որը յուրահատուկ սոցիալական ձեռնարկատիրական նախաձեռնություն է, որտեղ աուտիզմ ունեցող երիտասարդները զբաղվում են անձեռոցիկների արտադրությամբ։ 

Հիշում է՝ հատկապես երաժշտական դպրոց որդու հետ հաճախ էր գնում, նրա հետ նստում սոլֆեջիոյի դասերին, ճանապարհին էլ քննարկում դհոլն ու երաժշտությունը։ Այսօր նրանց քննարկման թեմաները կտրուկ փոխվել են․ Վազգենը ընտանիքի ամենաքաղաքականացված անդամն է․ անգամ կուսակցական անդամատոմս ունի։ Իր քաղաքական տեսություններն առաջին հերթին կիսում է ընտանիքի հետ, հետո՝ կուսակիցների.

«Իմ ընկերներից ոչ ոք քաղաքականությամբ չի հետաքրքրվում։ Ես իրենց հետ դրա մասին չեմ կարողանում խոսել։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է երկրի զարգացման ու կայունացման համար։ Եթե ես չգնամ ընտրությունների, իմ ձայնը ոչ մեկ չի լսի»,– ասում է Վազգենը։

2018 թ․–ի ընտրություններին մասնակցել շատ էր ուզում, բայց այդ ժամանակ դեռ անչափահաս էր։ Այսօր Վազգենը ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամ է, մասնակցում է նրանց հանդիպումներին ու համաժողովներին, որտեղ համախոհներ ու ընկերներ է գտնում։ Բայց սա Վազգենի քաղաքական ակտիվության առաջին փորձը չէ․ տարիներ առաջ նա փորձել էր անդամագրվել մեկ այլ կուսակցության, որտեղ նրան մերժել էին՝ համարելով դա ոչ նպատակային։ Այդ ժամանակ Վազգենը շատ էր տխրել, բայց այսօր չի էլ հիշում դրա մասին։ Արդեն 2 անգամ մասնակցել է ընտրությունների՝ խորհրդարանական և ՏԻՄ։ Ինքնուրույն գնում է ընտրատեղամաս, քվեարկում։ 2026 թ․-ի համապետական ընտրություններին էլ պատրաստվում մասնակցել ոչ միայն որպես ընտրող, այլև օգնելու է կուսակիցներին՝ քարոզարշավի ընթացքում․

«Ուզում եմ, որ աշխատավարձները բարձրանան, թոշակները, ավտոբուսները շատանան ու ի վերջո, մետրոյի կայարաններ ու ճոպանուղի կառուցվի Երևանում։ Սոցիալական հարցերը շատ կարևոր են։ Ու եթե բոլոր գնան ընտրությունների, ամեն ինչ էլ հնարավոր է փոխել։ Եթե կարողանայի, բոլորին կհամոզեի, որ գնան ընտրությունների»,– ասում է Վազգենը։

Վազգենի ոգևորությունը, սակայն, չեն կիսում քաղաքական ուժերն ու որոշում կայացնողները, չնայած, որ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքը սահմանված է թե’ ներպետական օրենսդրությամբ, թե՛ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով, որը վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից դեռևս 2010 թ․–ին։ 

ՄԱԿ կոնվենցիան սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ընտրական իրավունքը, ինչը նշանակում է, որ պետությունները պարտավոր են ապահովել, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ունենան քվեարկելու, ինչպես նաև ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունք, ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր քաղաքացիները։ Բացի այդ, սահմանվում է, որ հաշմանդամությունը ոչ մի դեպքում չի կարող դառնալ ընտրական իրավունքի սահմանափակման պատճառ։ Կոնվենցիայում նշվում է, որ ընտրական միջավայրը պետք է մատչելի լինի․ պետությունները պետք է ապահովեն մատչելիություն՝  ընտրատեղամասերի, քվեաթերթիկների և տեղեկատվության դեպքում, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, օրինակ, բրայլ, ձայնային սարքեր և այլն։

Իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ «Պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և աջակցում է դրանց լիակատար իրականացմանը՝ առանց հաշմանդամության հիմքով որևէ խտրականության, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ ու լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու և ընտրվելու նրանց իրավունքը և հնարավորությունը»: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման մասնագետ Անտոն Իվչենկոն ասում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման հարցում հիմնական խնդիրն այն է, թե գործնականում ինչ հնարավորություններ կան դրա համար․ 

«Հաշմանդամություն ունեցող անձանց առաջադրվելու հարցում խնդիրը ոչ այնքան իրավական է, որքան կուսակցությունների պրակտիկայի, որովհետև նրանք են այն սուբյեկտները, որ համաձայնում են որևէ թեկնածուի ներառել ցուցակներում։ Մենք չունենք որևէ խրախուսող քվոտա, որը կդրդեր կուսակցություններին լինել ավելի ուշադիր և ներառական։ Դրան ուղղված մի նորմ ունեցել ենք 2021 թ․–ի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, որը սահմանում էր, որ կուսակցությունների հանրային ֆինանսավորումը մասամբ պայմանավորվում էր նաև նրանով, թե որքանով են նրանք տարբեր քաղաքականություններ որդեգրում և իմպլեմենտացնում, որոնցից մեկն էր ներառականությունը, բայց այդ նորմն էլ հանվեց՝ անցյալ տարվա օրենսդրական փոփոխություններով»,– ասում է Իվչենկոն։ 

Ըստ նրա, սակայն, պետությունը շարունակում է ունենալ դրական պարտականություններ՝ ընտրական գործընթացներն առավել մատչելի դարձնելու համար։ Իվչենկոն ասում է՝ այս համատեքստում առաջին հերթին պետք է խոսել այն հաղորդակցության մասին, որն իրականացնում են պետական մարմինները ընտրությունների վերաբերյալ։ Այսօր իրազեկման համար օգտագործվում են ժեստերի լեզվի թարգմանություն և ենթագրեր, այն էլ՝ միայն Հանրային հեռուստաընկերության կազմակերպած հեռուստաբանավեճերի ընթացքում։ Բացի այդ, ԿԸՀ–ի և ավելի ցածր ընտրական հանձնաժողովների վրա կար դրված օրենսդրական պահանջ՝ տեղամասերի մատչելիության ապահովման վերաբերյալ, որը, Իվչենկոյի գնահատմամբ, գրեթե արհամարհվում էր և, հիմնականում, ներկայացվում էր կեղծ տեղեկատվություն տեղամասերի մատչելիության վերաբերյալ։ 

Միևնույն ժամանակ, մատչելիության և գործող իրավակարգավորումների մասին զրույցների առանցքում ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք են, իսկ մտավոր հաշմանդամություն կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքները, որպես կանոն, որևէ կերպ ներկայացված չեն։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի  ներկայացուցիչն ասում է՝ այս մարդկանց վերաբերող հարցերը, գուցե, օրենսդրական դառնան, եթե մենք, ի վերջո, կարողանանք լուծել հասարակական խարանի խնդիրը․

«Փոխարենը մենք ունենք բացասական միտումներ, օրինակ՝ բարձրաձայնվող պահանջ՝ հոգեկան և հոգեբանական փորձաքննության ենթարկելու թեկնածուներին։ Սա միանշանակ հետադիմական մոտեցում է։ Մյուս կողմից, անհնար է խոսել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացման մասին և չանդրադառնալ գործունակության ինստիտուտին, թե ինչպես են մարդուն մեկընդմիշտ զրկում իր բոլոր իրավունքներից՝ ներառյալ ընտրական իրավունքը»,– ասում է Անտոն Իվչենկոն։

Ըստ նրա՝ քաղհասարակության կողմից պարբերաբար հնչում են առաջարկություններ՝ ընտրական գործընթացները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու վերաբերյալ, որոնք, սակայն, դեռևս չեն ընդունվում․

«Օրինակ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կամ մտավոր մի շարք հաշմանդամությունների դեպքում ողջունելի է համարվում, երբ քվեաթերթիկների վրա կա գունավոր, կուսակցությունների իրական լոգոների հետ համընկնող պատկերներ, որը մարդու մոտ առաջացնում է աներկբա ասոցիացիաներ և շփոթմունքի հավանականությունն ավելի է նվազեցնում։ Տեղամասերում դեռևս չկան հուշող նշաններ՝ սլաքներ կամ ընթացակարգերը բացատրող պաստառներ և այլն։ Բայց այդ խնդիրը, ըստ ԿԸՀ–ի, լուծվում է  նրանով, որ կա օգնությամբ քվեարկելու ընթացակարգ և պրակտիկա։ Սրա հետ կապված դիտորդական առաքելությունները զուսպ, բայց բարձրաձայնում են, որ օգնությամբ քվեարկությունը ոչ ինքնուրույն քվեարկություն է, որը նաև հաճախ հանգեցնում է ուղղորդված քվերակության, երբ օգնության պատրվակով ուղղակիորեն վերահսկվում է անձի ազատ ընտրության իրավունքը»,– ասում է նա։

Ինչ վերաբերում է խնամքի կամ հոգեբուժական հաստատություններում բնակվող անձանց ընտրական իրավունքին, ապա այն օրենքով սահմանափակված չէ,  սակայն նրանց դեպքում կա փաստացի մեկուսացում, տեղաշարժի սահմանափակում, ինչպես նաև տեղեկացվածության պակաս։

Այն մասին, թե հաշմանդամություն ունեցող քանի անձ է իրացնում իր քաղաքական իրավունքները, հայտնի չէ։ Վիճակագրական այս տվյալների բացակայությունը թույլ չի տալիս հստակ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ խոչընդոտների են բախվում նրանք և ինչ աջակցության կարիք ունեն իրականում։ 

Ըստ Իվչենկոյի, ամենամեծ խնդիրն այն է, որ այս մարդիկ, բառացիորեն, անտեսանելի են։ Չկան հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր կբարձրաձայնեին մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքներ ունենալու և դրանք իրացնելու տեսնակյունից․

«Այսօր մենք ունենք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող պատգամավորներ, ավագանու ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ովքեր, եթե անգամ չեն անդրադառնում մատչելիության հարցին, քարոզարշավ անելով միայն նորմալացնում են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց քաղաքական իրավունքների իրացումը»։ 

Իվչենկոն ասում է՝ մատչելիությունն այն գործիքն է, որ պետք է հասարակությանը, որովհետև քաղաքական իրավունքները չեն իրացվում միայն ընտրությունների օրը, և, առհասարակ, մատչելիությունն անհրաժեշտ է ոչ միայն ընտրությունների համատեքստում, այլ միշտ։ Հենց դա է պատճառը, որ պետք է ստեղծել մատչելիության գործիքներ ոչ թե առանձին խմբերի համար, այլ ամբողջ հասարակության, այդ թվում՝ տարբեր խմբերի։  

Սոնա Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ «Մեդիալաբ