Աջափնյակի բանուկ փողոցներից մեկում` մայթի վրա, գրեթե ամեն օր կարելի է հանդիպել նրան՝ անդամահատված ոտքերով, սայլակի նստած, կողքին երկու շիշ ջուր, ձեռքին ստվարաթղթի մի կտոր, որի վրա գրված է՝ «Մի քիչ ոգնեք, մարտ եղեկ» (ուղղագրությունը պահպանված է .- խմբ.)։
Սարիկ Ալավերդյանն է։ Տպավորություն է, թե չի լսում, բայց մեկ-մեկ քթի տակ փնթփնթում է․
«Զահլես գնում ա ամեն մեկի հետ խոսալուց, աղջիկ ջան,– ասում է 70-ին մոտ տղամարդը,- ես լռություն եմ սիրում, աղմուկ չեմ սիրում։ Առանց էդ էլ աղմուկը շատ ա»։
Սարիկը նկարիչ է եղել, նաև վերանորոգման աշխատանքներ է արել։ Ասում է՝ կյանքի մեծ մասը միայնակ է եղել, չնայած ընտանիք է ունեցել։ Խոստովանում է՝ ամուսնացել է սիրով, երկու երեխա ունեցել, բայց հետո ամեն բան կորցրել է:
«Շատ էի սիրում կնոջս։ Ինքն ամեն ինչի դիմացել ա, խմում էի, ման գալիս․․․ Վա՜յ, ոնց էի ման գալի, անամոթի նման, առանց թաքցնելու։ Էն ժամանակ բոլոր տղամարդիկ ման էին գալի։ Էրեխեքս փոքր էին, 8-9 տարեկան, հերթական մեկի հետ գնացել էի Սևան, 3 օր հետո հետ էկա, կինս ասեց՝ գնա որտեղից էկել ես ու էլ հետ չգաս, էրեխեքիս խայտառակ չանես։ Ես էլ խմած էի, արունը տվեց գլխիս, մի երկու հատ խփեցի ու դուրս էկա տնից։ Էդ, երևի, միակ բանն ա, որ կյանքումս չեմ ների ինձ»,– հիշում է Սարիկը։
Պատմում է, որ մի քանի անգամ փորձել է ներում ստանալ կնոջից, բայց ապարդյուն։ Խմելը թողնելու փոխարեն՝ ավելի է չարաշահել։ Իսկ 80-ականների կեսերին կյանքն անդառնալիորեն փոխվել է:
«Սկզբում ծնողներիս տանն էի ապրում, հետները յոլա չգնացի, գնացի սրա-նրա հետ ապրելու։ Բայց ինձ ո՞վ կպահեր՝ անփող, սոված։ Հետ-առաջ՝ բոլորն էլ դուրս էին անում։ Հետո գնացի բարեկամների մոտ, բայց որ խմում էի, «բույնի էր կոխում», կռվում էի մարդկանց հետ, տալիս, ավիրում։ Վերջում հասկացա, որ պետք ա մենակ ապրեմ։ Մասիվում մի պադվալ էի գտել, ամիսը 8 հազար դրամ վարձ էի տալիս, ապրում»,– ասում է նա։
1988-ին վերջին անգամ է տեսել կնոջն ու երեխաներին։ Հերթական անգամ հաշտվելու փորձ անելու համար գնացել էր տուն ու գտել կնոջը ծանր հիվանդ։ Ուշ հայտնաբերված քաղցկեղը չէր խնայել կնոջը, իսկ զավակները միանգամից մեծացել էին: Կնոջ մահից հետո Սարիկը զավակներին չի տեսել, միայն գիտի, որ նրանք Ավստրալիայում են․ քրոջ մահից հետո մորաքույրն է տարել։ Չի սրտնեղում, որ իրեն չեն փնտրում, հոգ չեն տանում:
«Լավ էրեխեք ունենալու համար նախ պետք ա լավ հեր լինել։ Ես իմ կյանքը սխալ եմ ապրել։ Ես իմ էրեխեքի կողքը չեմ էղել ամենավատ պահերին, իմ աղջիկ էրեխեն ա իրա մեռած մոր կողքին քնել, լվացվացրել, ինձնից ի՞նչ ծնող, ես ո՞նց կարամ ինչ-որ բան պահանջեմ իրանցից»,– ասում է Սարիկը։
Երբ և ինչ պայմաններում է կորցրել ոտքերը, չի հիշում։ Արթնացել է հիվանդանոցում, ասել են, որ տրամվայի տակ է ընկել, բայց ինքն ուրիշ բացատրություն ունի:
«Մեկ-մեկ գիշերները հանկարծ զարթնում եմ ու էլի նույն բանն եմ տենում՝ ոնց են չարքերը ոտերս ուտում։ Արունը ֆշշում ա, ես գոռում եմ, բայց ինձ ոչ մեկ չի լսում։ Գոռում եմ, գոռում, հետո ուշագնաց եմ լինում։ Առավոտն արթնանում եմ, ոչ մի հետք չի լինում։ Հեսա կասես՝ երազ ա, բայց ես գիտեմ՝ չարքերը լափում են ոտերս, հետո իրանց ծառաները գալիս սաղ մաքրում են, որ ես մտածեմ, թե էդ սաղ աչքիս ա էրևացել, գժվեմ»,– ասում է նա։
Կլինիկական հոգեբան Անի Մարգարյանն ասում է՝ մարդկանց մեջ տարածված կարծիք կա, թե անօթևան անձանց բնորոշ են փսիխոտիկ դրսևորումները, առավելապես շիզոֆրենիան, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ անտուն մարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպում են դեպրեսիվ, տագնապային խանգարումները, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, որոնք նաև անօթևանության հետևանք կարող են լինել:
«Շատերի համար այս մարդկանց հոգեվիճակը, վարքը հասկանալի չեն, քանի որ նրանք ապրում են ոչ ստանդարտ կենսական պայմաններում, և այդ միտքը հաճախ ավելի է վախեցնում, քան հենց մարդը»,– բացատրում է նա։
Հոգեբանն ասում է՝ անօթևանությունն ինքնին տրավմատիկ գործոն է, քանի որ մարդն իր ապահով վիճակից հայտնվում է կենսական, սոցիալական, հոգեբանական անապահով վիճակում, և այդ տրավման անընդհատ կրկնվում է, իսկ մարդը նախատեսված չէ առանց օթևանի ապրելու համար։ Բացի այդ, ըստ մասնագետի, անօթևան անձինք առավել հաճախ են բախվում ֆիզիկական և հոգեբանական բռնության, անարգանքի, կշտամբանքի, մեկուսացման, և այդ բոլոր գործոնները կարող են նպաստել հոգեկան առողջության խնդիրների առաջացմանը։
Անի Մարգարյանը նշում է՝ ողջ աշխարհում բարդագույն խնդիր է անօթևան դարձած մարդուն համակարգ վերադարձնելը, այդ իսկ պատճառով շատ պետություններ ջանքերն ուղղում են նախևառաջ խնդրի կանխարգելմանը, որն ավելի արդյունավետ է և քիչ ծախսատար։
Հայաստանում անօթևանների համար նախատեսված միայն մեկ ծառայություն կա՝ ժամանակավոր կացարան, որին որոշակիորեն աջակցում է նաև պետությունը։ Նախարարության դրամաշնորհային ծրագրի միջոցով «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը ժամանակավոր կացարան է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձանց՝ մինչև 90 օրով։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կազմակերպությունը կացարան չի տրամադրում։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից հայտնում են, որ յուրաքանչյուր ամիս կազմակերպությունը սպասարկում է շուրջ 100 անձի, որի համար 2025-ին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 70 մլն դրամ։ Մինչդեռ նույն գրությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կա 44 անօթևան անձ, որոնցից 22-ը բնակվում են Երևանում, մյուսները՝ մարզերում։
Հոգեբան Անի Մարգարյանն ասում է՝ անօթևան անձանց շրջանում ամենատարածված խնդիրներից մեկը համակարգային աջակցությունից հրաժարվելն է:
«Մարդը, որն անընդհատ տագնապային վիճակում է գտնվում, կարող է ունենալ տոտալ անվստահություն աշխարհի և հատկապես որոշակի համակարգերի նկատմամբ, կարող է իրեն շատ մեկուսացված զգալ, «ես և նրանք» մտածողությունն ունենալ և դժվարությամբ վստահել որևէ համակարգի»,– ասում է հոգեբանը։
Սարիկը սկզբունքորեն չի ուզում հաստատություն գնալ։ Ասում է, որ մի երկու անգամ եղել է անօթևանների կացարանում, բայց իրեն այնտեղ դուր չի եկել, չափազանց աղմկոտ է։ Գերադասում է դրսում ապրել, ինքն իր գլխի տերը լինել։ Մենակությունից չի բողոքում.
«Մեկ-մեկ մտածում եմ՝ չարքերն ինձ լրիվ կուտեն, ոչ մեկ սկի տեղս չի իմանա»:
Սոնա Մարտիրոսյան
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։



















