Ամոթի ու իրականության արանքում. հաշմանդամություն ունեցող, խոցելի երեխաներն ամենից հաճախ են ենթարկվում սեռական բռնության

«Էրեխու մեջ վախը մնացել ա, սթրեսի մեջ ոչ քնում էր, ոչ ուտում, հետ էր տալիս: Էրեխուն ասել էին, որ կվառեն, եթե ցուցմունքը հետ չվերցնի»,- տատիկ-պապիկն են պատմում Տավուշում 14-ամյա անչափահաս աղջկա մասին: Աղջկա մայրը տարիներ առաջ էր մահացել, երեխան մնացել էր գյուղի պապ ու տատի խնամքին, որտեղ էլ երկու 60 տարեկան տղամարդականց կողմից ենթարկվել էր սեռական բռնության: 

Նախորդ շաբաթներին Հայաստանը ցնցվեց երեխաների նկատմամբ սեռական բռնության միանգամից երեք դեպքի մասին լուրերից։ Արարատի մարզում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին ահազանգել էին աղջիկներից մեկի ուսուցիչները։ Քույրերից մեկը հաշմանդամություն ունի։ Մյուս դեպքը գրանցվել էր Տավուշում, միակողմանի ծնողազուրկ աղջկա նկատմամբ։ Ըստ տեղեկությունների՝ երեխան բռնության հետևանքով հղիացել էր, սակայն հղիությունը հետագայում ընդհատվել էր, իսկ աղջիկը հայտնվել էր խնամքի հաստատությունում։

Այս բոլոր դեպքերում էլ բռնությունը էպիզոդիկ չէր եղել, կրկնվել էր ամիսներ շարունակ։ Սեռական բռնությանը զուգահեռ՝ երեխաները ենթարկվել են նաև ֆիզիկական բռնության և ահաբեկման, մահվան սպառնալիքների։ Երկու դեպքում էլ կասկածյալների նկատմամբ նախ գործ է հարուցվել, ապա դատախազների որոշմամբ կարճվել՝ տուժողների «հակասական» և «ոչ արժանահավատ» ցուցմունքների հիմքով։

Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը շատ ավելի մեծ խնդիր են, քան երևում է պաշտոնական թվերից, հատկապես՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես խոցելի երեխաների դեպքում, բայց պետությունը չունի ո՛չ ամբողջական վիճակագրություն, ո՛չ բավարար արձագանքման համակարգ, իսկ հասարակական ամոթը ստիպում է լռել: 

Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում վերջին 10 տարիներին երեխաների նկատմամբ սեռական բռնության 72 դեպք է արձանագրվել։ Միայն այս տարի արդեն հայտնի է դարձել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնության 3 դեպքի մասին։ Բայց սա, ըստ մասնագետների, շատ հեռու է իրական պատկերից։

Սեռական բռնության ենթարկված անձանց խնդիրներով զբաղվող միակ կառույցի՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» նախագահ Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ Հայաստանում սեռական բռնության ենթարկված անձը, ցավոք, շարունակում է դուրս մնալ կարևորությունների շարքից․ նրանց համար որևէ ծրագիր կամ ծառայություն Հայաստանում նախատեսված չէ:

«Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե սեռական բռնությունը Հայաստանում խնդիր չէ։ Յուրաքանչյուր տարի մենք շուրջ 50 շահառու ենք ունենում։ Բայց գրանցված դեպքերը շատ ավելին են՝ տարեկան մի քանի հարյուր»,– ասում է նա։

Խնդիրն այն է, որ Հայաստանում սեռական բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրման միասնական բազա գոյություն չունի։ Ոստիկանությունն ունի դեպքերի արձանագրման իր գործիքակազմը, Քննչական կոմիտեն այս մասով վիճակագրություն չի վարում։ Սա է պատճառը, որ հնարավոր չէ նույնականացնել սեռական բռնության դեպքերը և ստանալ հստակ պատկեր: 

«Բայց ես վստահ եմ, որ ցանկացած վիճակագրություն և դա գեներացնելու գործիքակազմ, իհարկե, կհայտնվեն, եթե նման հրահանգ լինի»,– ասում է Տաթևիկ Աղաբեկյանը։ 

Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ սեռական բռնությունը ասոցացվում է ամոթի, սեռականության հետ, ու թեև բոլորն էլ հասկանում են, որ դա շատ վատ երևույթ է, ամոթն ու սեռականությունն ավելի կարևոր են դառնում, և մարդիկ շարունակում են լռել այդ մասին։ 

Աղաբեկյանը համարում է, որ սեռական բռնության դեպքում խոցելի են բոլոր երեխաները, միևնույն ժամանակ, ըստ նրա, Արարատի և Տավուշի մարզերում գրանցված դեպքերը օրինաչափ հետևանք են այն համակարգի, որը կառուցված չէ կանխելու, բացահայտելու և արձագանքելու սեռական բռնությանը, որին պարբերաբար ենթարկվում են հաշմանդամություն ունեցող, աղքատ, գյուղաբնակ, սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաները:

«Մեզանում ընդունված է վտանգ սպասել անծանոթներից, մինչդեռ երեխաների նկատմամբ սեռական բռնության ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում ծանոթ-բարեկամների, հաճախ՝ ընտանիքի անդամի կողմից։ Նաև սա է պատճառը, որ երեխաները հաճախ չեն պատմում իրենց հետ տեղի ունեցածի մասին՝ վախենալով, որ բռնարարի նկատմամբ եղած վստահությունը կստիպի չհավատալ իրենց»,– ասում է Աղաբեկյանը։

Բոլորն են խոցելի, բայց ոմանք՝ ավելի

Միջազգային ամենահեղինակավոր վերլուծությունը, որ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սեռական բռնության թեմային՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ բռնության տարածվածությունն ու ռիսկերը․ միջազգային հետազոտությունների համակարգային վերանայում», ներառում է խնդրի վերաբերյալ 17 ուսումնասիրություն։ Այն փաստում է, որ հաշմանդամություն կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաները երեք անգամ ավելի հաճախ են ենթարկվում սեռական բռնության։ Հատկապես խոցելի են մտավոր կամ զարգացման խնդիրներ ունեցող, հաղորդակցման դժվարություններ, աուտիստիկ սպեկտրի խանգարում, տեսողության կամ լսողության խնդիրներ կամ խնամքից և աջակցությունից ավելի մեծ կախվածություն ունեցող երեխաները։ Եվ Հայաստանը բացառություն չէ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը նշում է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության վերջին դեպքերը և դրանց շուրջ պետական մարմինների անգործությունը ցույց են տալիս խորքային խնդիրներ, որոնք արդեն դուրս են առանձին դեպքի շրջանակից և վկայում են համակարգային ձախողման մասին:

«Հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ սեռական բռնության դեպքը չի կարող դիտարկվել որպես առանձին միջադեպ։ Այն ուղիղ արտացոլում է այն համակարգային ձախողումները, որոնք արդեն արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, որով հաստատվել է, որ Հայաստանը չի ապահովել հաշմանդամություն ունեցող անչափահասի արդյունավետ պաշտպանությունը սեռական բռնությունից, չի ստեղծել կանխարգելման, հայտնաբերման և արձագանքման գործուն մեխանիզմներ, խախտել է զոհի գաղտնիությունն ու արժանապատվությունը և չի ապահովել արդյունավետ իրավական պաշտպանության հասանելիություն»,– ասում է նա։

Հովսեփյանը հատկապես մտահոգիչ է համարում դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները, որոնցում հղում է արվում երեխայի լավագույն շահին, մինչդեռ իրականում դրանք հակասում են այդ սկզբունքին՝ բացահայտելով երեխաների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ և հրապարակելով ցուցմունքների ինտիմ ու անհարկի մանրամասներ:

«Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ «մտավոր խնդիրների» և «հակասական ցուցմունքների» շեշտադրումը ոչ միայն խնդրահարույց է, այլև վերարտադրում է վտանգավոր և խտրական կարծրատիպ, թե մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցուցմունքները պակաս արժանահավատ են»,– բացատրում է նա ու հիշեցնում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները ունեն արդար դատաքննության և բռնությունից պաշտպանված լինելու հավասար իրավունքներ, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայում, և նրանց ցուցմունքները պետք է գնահատվեն մասնագիտական, հաշմանդամության և տրավմայի առումով զգայուն մեթոդներով։ Ցանկացած մոտեցում, որը նրանց խոսքը արժեզրկում է «մտավոր խնդիրների» կամ «հակասականության» հիմքով, ոչ միայն անընդունելի է, այլև կարող է դիտվել որպես խտրական վերաբերմունք և միջազգային պարտավորությունների խախտում։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը նշում է՝ կենտրոնի դիտարկումները ևս փաստում են հաշմանդամություն ունեցող երեխաների խոցելիության մասին։ Ավելին, նա ասում է, որ Հայաստանը այս հարցում մոտ է միջազգային վատագույն ցուցանիշին․

«Այս երկրում հաշմանդամություն ունեցող երեխաները և մեծահասակները ավելի հաճախ, ավելի դաժանորեն և ավելի երկար են բռնության ենթարկվում, քանի որ հաշմանդամություն ունեցող երեխայի համար ամոթը, ֆինանսական կախվածությունը, բացահայտելու դեպքում հաստատությունում հայտնվելու վախը կամ ոստիկանության բաժնի, դատարանի, ապաստարանի, դատաբժշկական փորձաքննության սենյակի անհասանելիությունը բազմապատկվում են։ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխա, որը հենց հիմա ենթարկվում է բռնության և կարդում կամ լսում է Վեդիի դեպքի մասին, ստանում է նույն ուղերձը. «Եթե բարձրաձայնես, քեզ կդատապարտեն»»:

Աղաբեկյանը ցավով է նշում, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի ստեղծել այն պայմանները, որտեղ սեռական բռնության ենթարկվող անձը ու երեխան չեն մեղադրվի։

«Միայն սեռական դաստիարակությունն ու կրթությունը կարող են իրավիճակ փոխել։ Անհրաժեշտ է երեխայի տարիքին համապատասխան, հաշմանդամությունը ներառող կրթության ներդրումը՝ մարմնի, համաձայնության, անվտանգ համարվող և չհամարվող հպումների մասին՝ սկսած նախադպրոցականից մինչև հատուկ կրթական հաստատություններում»,– ասում է Աղաբեկյանը։ 

Սոնա Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am