5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է. Fip.am

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։

«Եթե մենք համեմատենք, թե ինչքան ա մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից՝ դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն գնաճից հետո»,- պնդեց Էկոնոմիկայի նախարարը։

Քանի որ Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա ուսումնասիրել, թե ինչպե՞ս է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, և որքա՞ն է կազմել գնաճը։

2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ։ Նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ։ Այսինքն, վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48,400 դրամով կամ 25․7 տոկոսով։

*2022 թվականի տվյալները նախնական են

Այժմ տեսնենք, թե որքան են աճել ապրանքների գները վերջին 5 տարիներին։ Որպեսզի աշխատավարձի աճն ու գնաճը համադրելի լինեն, հաշվարկի համար հիմք ենք ընդունել կրկին հոկտեմբեր ամիսը։ Սակայն ի տարբերություն աշխատավարձի, որի դեպքում այս տարվա ցուցանիշը համեմատեցինք 2017-ի ցուցանիշի հետ, գնաճի դեպքում հաշվարկը պետք է կատարել այլ կերպ։

2018-ի հոկտեմբերին գնաճը նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ կազմել էր 2․8 տոկոս։ 2019-ին՝ 0․9 տոկոս, 2020-ին՝ 1․3 տոկոս։ Վերջին երկու տարիներին ապրանքների գներն աճել են, համապատասխանաբար, 9․1 և 9․5 տոկոսով։

Վերջին 5 տարիների իրական գնաճը հասկանալու համար չենք կարող այս թվերը պարզապես գումարել իրար։ Իրական գնաճը պարզելու համար պետք է յուրաքանչյուր հաջորդ տարվա գնաճը հաշվել նախորդ գնաճի հիման վրա։ Ըստ այդմ՝ վերջին 5 տարիներին Հայաստանում գնաճը կազմել է 25․5 տոկոս։ 

Այսինքն, վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25․7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25․5 տոկոս։ Այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0․25 տոկոսով։

Այսպիսով փաստենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից նշված՝ եկամուտների 60-70 տոկոսանոց աճը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատավարձերի աճն ու գնաճը գրեթե նույնն են, հետևաբար՝ պնդումը, թե աշխատողների ֆինանսական դրությունը բարելավվել է, քանի որ աշխատավարձերի աճն ավելի մեծ է, քան գնաճը, մանիպուլյատիվ է, քանի որ վերջին 5 տարիներին իրական եկամուտներն աճել են ընդամենը 0․2 տոկոսով։

Fip.am