Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ. Armtimes.com

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ. Armtimes.com
Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ. Armtimes.com

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) դեմ նոր հաղորդում է ներկայացվել:

Հաղորդումը ներկայացվել է սույն թվականի մարտին: Այն ներկայացրել է գործով արդեն տուժող ճանաչված Հակոբ Հովհաննիսյանի (նա այլ գործով դատապարտյալ է,-հեղ․) ընկերը՝ Տիգրան Սարգսյանը: Մեր զրույցում Հովհաննիսյանի եղբայրը (նա չցանկացավ հրապարակել իր անունը) պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին. եղբայրը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները:

Տուժողի եղբայրը նշեց, որ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ «Մոտ երեք ժամ սահմանափակել են իր ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել ա իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով դուրս հանի սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել ա հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար»,- պատմեց տուժողի եղբայրը՝ հավելելով, որ դեպքից հետո հաղորդում չեն ներկայացրել:

Հաղորդումը ներկայացվել է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Հակոբի ընկերը, որն ականատես է եղել դեպքին, հասկանալով, որ հեղափոխություն է եղել ու նախկին իշխանությունը որեւէ դեր չի խաղա, այդ մասին հայտնել է ոստիկանություն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը): Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը տուժողի կարգավիճակ ունի, իսկ Արթուր Աբրահամի Մանուկյանը՝ վկայի:

Մանրամասները՝ Armtimes.com-ում